Խաղատուն, որում շահում են միայն պաշտոնյաները

Հայաստանի իշխանությունների գործունեությունը՝ ընդհանուր առմամբ, ու պաշտոնյաների գործունեությունը՝ մասնավորապես, քննարկվել, գովաբանվել, քննադատվել ու պախարակվել է գրեթե բոլոր ասպեկտներով, բացի, թերևս, ամենակարևորից. Ի՞նչ հոգեբանական մեխանիզմ է գործում առանձին պաշտոնյաների պարագայում, ի՞նչն է մոտիվացնում նրանց, ի՞նչ ինքնագնահատման, ինքնաքննադատության կամ ինքնամեծարումի մղումներ են պայմանավորում նրանց վարքն ու որպես հետևանք՝ աշխատանքը կամ աշխատանքի բացակայությունը։ Հասկանալի է՝ բոլոր պաշտոնյաներին, առաջին հերթին, մոտիվացնում է սեփական բարեկեցությունը։

Այդ մասին գիտեն բոլորը, ու դա՝ որպես բնական ու բնականոն նորմ, լուռ համաձայնության է արժանանում բոլորի կողմից։ Անգամ, եթե այդ դրդապատճառներն ակնհայտ հակասություն ունեն քաղաքացիական, քրեական ու մնացյալ բոլոր օրենսգրքերի հետ՝ միասին վերցրած։ Բայց բացի նյութական բարեկեցության ապահովումից, պաշտոնյաներն ունեն նաև սեփական քայլերը, որոշումները հիմնավորող կամ արդարացնող ներքին, հոգեբանական մղիչներ, որոնք անհայտ են հասարակությանն այնքան, որքան պաշտոնյաների կուտակած ունեցվածքի իրական չափը։ Եվ ուրեմն, չուսումնասիրված հոգեկերտվածքով մարդիկ կայացնում են որոշումներ, որոնք վերաբերում են պետությանն ու հասարակությանը, քանի որ բովանդակային իմաստով որոշումների կայացման ինստիտուցիոնալ հիմք Հայաստանում գոյություն չունի։

Օրինակ՝ այս օրերին ամենաշատը քննարկվող «1000 դրամի» նախաձեռնությունը։ Ակնհայտ է, որ դա ինչ-որ մեկի մտքում հղացած միտք է, որն առանց որևէ մշակման, վերլուծության, սցենարային գնահատման՝ ուղղակի հրամցվել է հասարակությանը։

Ակնհայտ է նաև, որ անկախ հանրային արձագանքից՝ դա կարող է ընդունվել։ Կամ մերժվել ու մերժումը ներկայացվել՝ որպես հանրային արձագանքին ընդառաջ գնալու քայլ։ Բայց երևի արժեր այս նախաձեռնության հիմնավորվածությունը քննարկելուց բացի կամ դրան զուգահեռ՝ փորձել հասկանալ՝ իսկ ի՞նչ ներքին մղիչներ են գործել դրա հեղինակների մոտ՝ նման գաղափարի մասին մտածելիս։

Քանի որ այդպիսի ուսումնասիրություններ չեն կատարվել, որևէ ստույգ դրդապատճառ հնարավոր չէ նշել։ Դա էլ կարող է հիմք դառնալ ենթադրելու, որ սա ուղղակի հերթական փողահավաք ակցիան է, որն անցկացվելու է ճոռոմ պաթետիզմի ու տականքահայրենասիրական բաժանումների էժան քարոզչությամբ։ Բացառված չէ նաև, որ այս նախաձեռնության հեղինակներն իրենց իսկական հումանիստներ են համարում այն իմաստով, որ մարդկանց ապագա մահերի համար հանգանակվող այս նախագծով կարող էին նախատեսել ամսական ոչ թե՝ 1000, այլ՝ 10.000 դրամի վճարում, բայց մարդասեր են գտնվել ու սահմանափակվել են չնչին 1000 դրամով։

Գրեթե բոլոր պաշտոնյաների մոտ կա մտայնություն, որ իրենք անձնվիրաբար ծառայում են պետությանը, բայց հասարակությունն անշնորհակալ է ու ըստ արժանվույն չի գնահատում իրենց ծառայությունը։ Դա կարելի է զգալ ցանկացած պաշտոնյայի խոսքի առոգանությունից ու թաքնված հանդիմանանքից։

Ընդհանուր առմամբ, դա պաշտոնեական դասին բնորոշող հոգեվիճակ է, որը ոչ միայն անշառ հոգեվիճակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ իրականում շատ վտանգավոր է։ Որովհետև նման ինքնագնահատական ունեցող մարդիկ ենթագիտակցորեն իրենց գործունեությամբ փորձում են վրեժխնդիր լինել հասարակությունից՝ իրենց չգնահատելու համար։ Հենց այդպիսի հոգեբանական մեխանիզմներ են ընկած Հայաստանում կայացվող որոշումների մեծ մասի հիմքում։ Դա հասարակության համար գրեթե դատավճռի հավասար իրավիճակ է, քանի որ, երբ բացակայում են հաշվետվողականության ու պատասխանատվության իրական ինստիտուտները և պաշտոնյաներն ինքզինքը հաշվետու ու պատասխանատու են համարում միայն իրենց նշանակողի առաջ, հասարակությանը մնում է միայն ապավինել պաշտոնյաների բարեգթությանը։

Իսկ դա վիճակախաղի նման է. պաշտոնյան կարող է լինել բարեհոգի, կարող է նաև չլինել։ Կյանքը ցույց է տվել, որ խաղատան նման շահում չի լինում, լինում է երաշխավորված պարտություն, այսինքն՝ պաշտոնյաները լինում են ոչ բարեհոգի ու ոչ գթասիրտ ու կայացնում են համապատասխան որոշումներ։ Հայաստանը լայն իմաստով՝ հենց այդպիսի խաղատուն է, որում շահում են միայն ու բացառապես պաշտոնյաները։

Իշխանությունները սիրում են կրկնել, որ Հայաստանում խնդիրները համակարգային են, և ոչ՝ անձնային։ Իրականության մեջ, սակայն, ճիշտ հակառակն է, քանի որ համակարգեր՝ իրենց դասական իմաստով, գոյություն չունեն։ Որովհետև Հայաստանում ոչ թե պաշտոնյաներն են  ծառայում համակարգերին, այլ ճիշտ հակառակը՝ համակարգերն են ստորադասվում  ու սպասարկվում դրանց ղեկավարներին։ Հետևաբար՝ կայացվող բոլոր որոշումները ու դրանցից ածանցվող խնդիրները խիստ անձնային են և ոչ համակարգային։ Այդ իրավիճակը փոխելու համար պետք է փոխել խաղի կանոնը, որպեսզի ոչ թե համակարգերը ծառայեն մարդկանց, այլ՝ պաշտոնյաները՝ համակարգերին, իսկ համակարգերի պատվիրատուն լինի հասարակությունը։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանում կայացվելու են որոշումներ, որոնց հեղինակների հոգեվերլուծությունը ցանկալի ու հրապարակելի արդյունքներ չի կարող ապահովել ո՛չ հասարակության, ո՛չ էլ, առավել ևս, պաշտոնյաների համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս