Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ չափի գումարներ են հատկացվելու զինծառայողներին
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված այդ օրինագծերի փաթեթի ընդունումը. «ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին 1998 թվականին հոկտեմբերի 27-ին ընդունված ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված մի շարք ենթաօրենսդրական ակտերով։ Վերը նշված իրավական ակտերի ներքո հատուցման համակարգը, համապատասխան աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, այնումենայնիվ, ոչ լիարժեք է, ինչն առավել ակնհայտ է դառնում, երբ մեր երկրի սահմաններում տեղի են ունենում մարտական գործողություններ»։
Նախարարը նշեց, որ ներկայումս գործող հատուցման համակարգը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից և բացակայում է այնպիսի ինստիտուցիոնալ կառույցի առկայությունը, որը համապատասխան մակարդակով կհամակարգի հասարակությունից նվիրաբերվող միջոցները, կկառավարի դրանք և ստացված միջոցներից հատուցումներ կվճարի մարտական գործողությունների ժամանակ տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի ինչպես՝ պետական, այնպես էլ՝ հասարակության աջակցության տարբեր խողովակներից ստացված միջոցները։ Նախարարի դիտարկմամբ՝ հավաքագրվող վճարներն ու ապահովագրական հատուցումները պետք է լինեն պարզ և հասկանալի յուրաքանչյուր քաղաքացու և նվիրատուի համար։
«Նախագծով նախատեսվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, որոնք զոհվել կամ հաշմանդամություն են ստացել ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ մարտական գործողություն կատարելու համար։ Զինծառայողների մահվան դեպքում գումարները կվճարվեն նրանց շահառուներին։ Հատուցման գումարները կվճարվեն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար հետևյալ չափերով՝ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռք բերման դեպքում՝ միանվագ վճար՝ 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ միանվագ վճար՝ 5 միլիոն դրամ, այնուհետև ամենամսյա վճարներ՝ սպայական անձնակազմի դեպքում մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում՝ 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ։ Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար՝ 250 և 150 հազար դրամ, և շարքային անձնակազմի համար համապատասխանաբար՝ 200 և 100 հազար դրամ»,- նշեց նախարարը։
Նա նաև հայտնեց, որ բոլոր դեպքերում, եթե զինառայողն ունի 3 և ավելի 18 տարին չլրացած երեխաներ, կամ 23 տարին չլրացած առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակներ, կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակներ, որոնք հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը, ապա վճարվող վճարին ավելացվում է ամսական լրացուցիչ 100 հազար դրամ։
Նախարարի խոսքով՝ հիմնադրամի կողմից հատուցումները վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից. «Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամի չափով վճարվող գումարից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրատվություններից և նվիրաբերումներից, վերը նշված միջոցների հավաքագրման, ներդրման արդյունքում ստացվող եկամուտներից։ Հիմնադրամը կունենա կառավարման համակարգ՝ ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհրդի տեսքով»։