Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Smarter Armenia» 16» հեքըթոնը
ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիական կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը 168.am-ն արդեն անդրադարձել է: Կենտրոնի բացման շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Smarter Armenia’ 16» հեքըթոնը: Երկու օր տևած մրցության ընթացքում հայկական սկսնակ ընկերությունները ծանոթացան IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, առաջարկեցին նոր ինովացիոն լուծումներ, որոնց իրականացման համար օգտագործվելու են IBM տեխնոլոգիաները:
Մրցույթին մասնակցող թվով 13 ընկերությունները մինչև մրցույթի մեկնարկը մասնակցել էին մի շարք սեմինարների՝ նվիրված IBM BlueMix-ի ամպային ծառայություններին, ստացել են աջակցություն ծառայություններին հասանելիություն ունենալու համար, ինչպես նաև մասնակցել են հատուկ տեղեկատվական հանդիպման, որտեղ գործընկերներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ոլորտում առկա խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեին հեքըթոնի ընթացքում:
Թիմերի ներկայացրած լուծումներն ուղղված էին տարբեր ոլորտների խնդիրների լուծմանը: Հիմնական շեշտը դրված էր առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտների վրա: Այս ոլորտների համար մշակված լուծումներից լավագույնները ստացան 1000 ԱՄՆ դոլար մրցանակ: «Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը: «Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում» անվանակարգի հաղթողն էր «Finely» թիմը: «Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ հանձնեցին «Yamaka» թիմին:
«ArmSol» թիմն արժանացավ հատուկ մրցանակի և ISTC –ի կողմից ստացավ 500 ամերիկյան դոլար: Թիմը մրցանակը ստացել է IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար:
IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար հատուկ մրցանակների արժանացան նաև Worst ever team և ArmSol թիմերը: Նրանք կարող են միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Smarter Armenia’ 16» հեքըթոնն անցկացվում էր Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից: Միջոցառման գործընկերներն էին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (ՌոսՏելեկոմ Արմենիա), Արդշինբանկը և Ինգո Արմենիա ապահովագրականը:
Սիրարփի Աղաբաբյան