«ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը լավ միջոց է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար››. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզ
Այսօր Երևանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում տեղի է ունեցել ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը 168.am-ին պատմել է, որ նման կենտրոն ունենալու գաղափարն առաջացել է 4 տարի առաջ, երբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սիլիկոնային հովտում մասնակցում էր ArmTech բարձր տեխնոլոգիաների համաժողովին: Հայաստան-IBM համագործակցությունը ստացվեց, և հաշվի առնելով Հայաստանի հաջողություններն այս ոլորտում՝ IBM-ը Հայաստանում բացեց նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն:
ISTC կենտրոնը նախատեսված է ուսանողների և դասախոսների համար՝ անկախ կրթական հաստատությունից և մասնագիտությունից: Կենտրոնում նրանց կտրամադրվեն նորագույն տեխնիկական և ծրագրային ապահովմամբ նյութեր՝ հետազոտական աշխատանքներ կատարելու համար: Կենտրոնում արդեն վերապատրաստման դասընթացներ են անցել 100 դասախոս և 1500 ուսանող: Այն, որ կենտրոնը գործելու է ԵՊՀ-ում, չի նշանակում, որ այն նախատեսված է միայն ԵՊՀ-ի ուսանողների համար: Չկա որևէ սահմանափակում, և կենտրոնից ազատորեն կարող են օգտվել նաև բոլոր համալսարանների ուսանողները, անհատ անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել այս ոլորտի ուսուցմամբ, խմբեր, ստարտափներ:
Դասընթացները մեծամասամբ կլինեն անվճար և հնարավորություն կտան ոլորտով հետաքրքրվող ցանկացած մարդու կատարել ուսումնասիրություններ: Կենտրոնը նախատեսում է նաև կապ պահպանել ԱՄՆ-ի հետ: Կլինեն այցեր IMB-ի գրասենյակներ հենց Միացյալ Նահանգներում:
Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Ըստ Ռիչարդ Միլզի՝ այս կենտրոնը լավ հնարավորություն է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական հաջողություններ գրանցելու համար: Ռիչարդ Միլզի խոսքով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի շնորհիվ կարող են ստեղծել բարենպաստ միջավայր բիզնեսի կայուն զարգացման համար:
«ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը լավ միջոց է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար: Կարևոր է, որ համագործակցում են մասնավոր հատվածն ու համալսարանները: Այս համագործակցությունը կրթության լավ հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդների համար, ինչպես նաև կապ է հաստատում հայկական և ամերիկյան ընկերությունների միջև››,- նշեց Ռիչարդ Միլզը:
Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացել են ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM միջազգային կազմակերպության, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ԵՊՀ-ի ջանքերով:
Սիրարփի Աղաբաբյան