Բաժիններ՝

«Կարող է լինի տեխնիկական անելանելի վիճակ՝ դեֆոլտ». Կառավարման փորձագետ

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ Հայաստանը վերջին 10-15 տարիների ընթացքում պարբերաբար պետության մակարդակով ունենում է արժութային սով։ Նրա խոսքով՝ պետության արժույթի պաշարները համալրվում են ֆիզիկական տրանսֆերտների, վարկերի, ներդրումների և արտահանման միջոցով, իսկ արժույթի պաշարների նվազմանը նպաստում է ներկրումը, պետական պարտքի սպասարկումը։

Հ. Մեսրոբյանը նկատեց, որ պետական պարտքը Հայաստանում վերջին տարիներին շեշտակի ավելացավ և անցավ ՀՆԱ-ի 50 տոկոսը, ինչը նշանակում է, որ պետական պարտքի սպասարկման համար ավելի շատ արտարժույթ է պարտադիր, որն էլ նշանակում է, որ այս իմաստով ունենք ավելացող արտահոսք:

«Մեզ մոտ ներկրումը երեք անգամ մեծ է, քան արտահանումը, այստեղ էլ մենք առևտրական սալդոյի պատճառով ունենք արտահոսք, տրանսֆերտները շեշտակի ընկել են, ներդրումները գրեթե զրոյացել են, մնում է որոշ չափով Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի վարկերը: Բայց չէ՞ որ մենք պետք է պարբերաբար սպասարկենք պետական պարտքը՝ թե՛ մայր գումարի մասով, թե՛ տոկոսների մասով, և վտանգ կա, որ կարող է լինի տեխնիկական անելանելի վիճակ՝ դեֆոլտ: Այսինքն՝ երբ Հայաստանին չի հերիքի արտարժույթ։ Արժութային սովի վտանգը դամոկլյան սրի նման կախված է մեր տնտեսության վրա։ Դեռ միտում չկա, որ արտահանումը կավելանա, տրանսֆերտները կավելանան, ընդհակառակը՝ նույն տրանսֆերտների մասով նվազում են: Մեր Կենտրոնական բանկն ազգային դրամի թողարկողն է, բայց մեր պարտքը դոլարով է: Որպեսզի դոլար ունենանք, ներհոսք պետք է լինի, ներհոսք չկա, ինչքան ուզում ես՝ դրամ տպի, խնդիրը չի լուծվի»,- նկատեց կառավարման փորձագետը:

Անդրադառնալով Հայաստանի՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագծին՝ Հ. Մեսրոբյանը նշեց, որ դժվար էր ակնկալել, որ հաջորդ տարվա բյուջեն շեշտակի դրականը փոխոխություն կարձանագրեր, որովհետև դրա համար նախապատրաստական մի շարք միջոցառումներ պետք է կատարվեն. «Բայց, ընդհանուր առմամբ, մտահոգիչ է, որովհետև դեֆիցիտը կա, սա նշանակում է, որ պետք է լինեն զգալի կրճատումներ ֆինանսական հոսքերի վճարման իմաստով, դա նշանակում է, որ զարգացումը խանգարված վիճակում է, և վատ է, որ հավաքագրման իմաստով՝ դրական միտումներ չկան»։

Հ. Մեսրոբյանի կարծիքով՝ բյուջեի մուտքային իմաստով ունենք լուրջ խնդիրներ, ինչը նշանակում է՝ բյուջեի ծախսային հարցում ունենք մեծ խնդիրներ, որոնց զգալի մասը երկրի զարգացումն է. «Այսինքն՝ դրա հետ կապված մենք դեռ պետք է մեծ սպասելիքներ չունենանք։ Մի մեծ պահուստ, որ չենք օգտագործում, մենք ունենք։ Դա ստվերային շրջանառությունն է։ Տարբեր գնահատականներով՝ Հայաստանի ստվերը մինչև 80 տոկոս է կազմում ՀՆԱ-ի, դրանով մի քանի անգամ կարելի է բյուջեն ավելացնել։ Բնական է, որ ստվերի զգալի մասը, այսպես կոչված, օլիգարխիայի փայն է, որը չի վճարվում, դրա համար մենք պետք է հաշվի առնենք, որ այստեղ պետք է լինի քաղաքական կոշտ կամք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս