Սփյուռքի նախարարությունը միլիոնների պարգևատրումներ է տալիս իր աշխատողներին. ՀՀ Վերահսկիչ պալատ

ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի մինչև սեպտեմբերի 1-ն ուսումնասիրել է 2015թ.-ից սկսած ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պետական բյուջեի ծրագրերով հատկացված միջոցների օգտագործումը: Ըստ ՎՊ հրապարակած զեկույցի` 2015 և 2016 թվականների պետական բյուջեներով Սփյուռքի նախարարությանը հատկացվել է համապատասխանաբար` 1 մլրդ 35 մլն 188.8 հազար դրամ և 1 մլրդ 165 մլն 833.6 հազար դրամ:

Անցած տարի նախարարությունը տնտեսել է 25 մլն 686 հազար դրամ: 78 հաստիքային միավորների համար նախատեսել է 233 մլն 179 հազար դրամ աշխատավարձ, բյուջեից հատկացվել է 7 մլն 477.5 հազար դրամով ավելի, բայց  տարվա ընթացքում առկա թափուր հաստիքների պատճառով աշխատավարձի համար ծախսվել է 204 մլն 371.7 հազար դրամ: Ընդ որում` տարվա ընթացքում՝ որպես պարգևատրում, վճարվել է 14 մլն 679.8 հազար դրամ, իսկ ևս 9 մլն 92 հազար դրամ ուղղվել է պայմանագրային աշխատողների վարձատրությանը: Այսինքն` յուրաքանչյուր աշխատողի հաշվով տրվել է 192 հազարական դրամ պարգև:

Ըստ ՎՊ-ի` 2015 թ.-ին նախարարության աշխատողների պարգևատրման չափը չի գերազանցել նրանց պաշտոնային դրույքաչափի եռապատիկը, սակայն առանձին դեպքերում պարգևատրումները տրամադրվել են միանվագ:

Ընդհանրապես պարգևատրումների հարցում նախարարությունն առատաձեռն է եղել: Տարվա արդյունքներով՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով բյուջետային միջոցների տնտեսումը «Նախարարության աշխատակազմի պահպանում» ծրագրով կազմել է 12 մլն 513 հազար դրամ, «Նախարարի աշխատակազմի պահպանում» ծրագրով` 3մլն 64.3 հազար դրամ, իսկ որպես պարգևատրում՝ պայմանագրային աշխատողներին տրվել է 948.6 հազար դրամ, քաղաքացիական ծառայողներին` 3մլն 958.3 հազար դրամ:

Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման համար 2015 և 2016 թթ. նախարարությանը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 100 մլն դրամ, որից 4 մլն դրամն ուղղվել է ծրագրում ընդգրկված երկու պայմանագրային աշխատողների վարձատրության ծախսերին: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված ուսումնական գրականությունը պահեստավորելու համար նախարարությունը` խախտելով «Գնումների մասին» օրենքը, «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է տարածքի ենթավարձակալության պայմանագիր` 1.5 մլն դրամ վարձավճարով:

Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար այս երկու տարում նախարարությանը հատկացվել է 14.4 մլն դրամ, իսկ նախարարությունը տարբեր գիտական կազմակերպությունների և բուհերի հետ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով կնքել է պայմանագրեր՝ 12 հետազոտություն կատարելու համար, յուրաքանչյուրը` 1.2 մլն դրամ արժեքով: Սակայն, նախարարության կողմից մշակված չէ ընթացակարգ` պատվիրվող հետազոտությունների գնահատման չափորոշիչները որոշելու համար, ու արդյունքում՝ տարբեր բարդության և ծավալի հետազոտությունների համար պայմանագրերով վճարվել է միևնույն չափի գումար:

«Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակման համար նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8.2 մլն դրամ: Մրցույթում մասնակից 2 կազմակերպություններից հաղթել է «Աստղիկ Գրատունը»` 7 մլն 761.6 հազար դրամ առաջարկով: Տպվել է 2100 հատ տարեգիրք, սակայն 2015 թ. բաշխվել է 1025 հատ կամ 48.8 %-ը, և ստուգման պահի դրությամբ պահեստում մնացորդը կազմել է 1075 հատ` 3 մլն 976.3 հազար դրամ արժեքով: Նախորդ տարվա տարեգրքերի մնացորդը պահեստում կազմել է 630 հատ:

2015 և 2016 թթ. «Արի տուն» ծրագրի շրջանակներում «Սփյուռքի երիտասարդության  ճանաչողական այցելություններ Հայաստան» ծրագրով  «Հայաստան-Սփյուռք» ՊՈԱԿ-ին յուրաքանչյուր տարի հատկացվել է 100 մլն դրամ: Անցած տարի Հայաստան է այցելել 1100 սփյուռքահայ երիտասարդ: Ծրագրի իրականացման համար ծախսվել է 93.5 մլն դրամ և մնացած գումարը վերադարձվել է պետական բյուջե: Այս տարի ծրագրի առաջին փուլը մեկնարկել է հունիսի 12-ին:

Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստման և հեռարձակման համար յուրաքանչյուր տարի հատկացվել է 52.6 մլն դրամ: Դրա շրջանակներում հեռարձակվել են «Սփյուռքի ժամ», «Մերոնք», «Ժառանգորդի իրավունքով», «Աշխարհասփյուռ» հեռահաղորդաշարերը, նկարահանվել է «Հայ Սփյուռք» ֆիլմաշարը և կատարվել են հրապարակումներ տարբեր զանգվածային լրատվական միջոցներում:

Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության և տեխսպասարկման համար վճարվել է 1մլն 805.8 հազ. դրամ: 2016 թվականից էլեկտրոնային օրաթերթի և գրադարանի աշխատողները տեղակայվել են նախարարության մասնաշենքի տարածքում և նշված ծախսի անհրաժեշտությունը վերացել է: Հետևաբար՝ 1 մլն 805.8 հազար դրամ պետք է վերադարձնել պետական բյուջե:

Տեսանյութեր

Լրահոս