«Եթե մեքենան որպես տաքսի է ծառայում, վարորդն ավելի շատ է վճարում». Վարորդների բողոքի ակցիան՝ ընդդեմ ԱՊՊԱ համակարգի փոփոխությունների

«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որ բոլոր մեր քաղաքացիներն անսահմանափակ ապահովագրություն պետք է կատարեն, բայց դա ուղղակի մարդու իրավունքների խախտում է: Մեզ պարտադրում են՝ մենք մեր սեփական մեքենան վարենք, բայց ապահովագրենք անսահմանափակ տեսքով, դա նշանակում է, որ, եթե ես նախկինում 10 հազար 250 դրամով ապահովագրում էի իմ մեքենան, ունեի բոնուս, և հնարավոր է՝ 6-7 հազար դրամ վճարեի, այսօր 2-3 հազար դրամ ավելացնում են, որ ես անսահմանափակ կարգով ապահովագրեմ իմ մեքենան»,- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տաքսի սերվիսների սեփականատերերի վիճակն առավել ծանր է, քանի որ սեփականատիրոջ անունով գրանցվում է մի քանի մեքենա, իսկ վթարի դեպքում պատասխանատվություն կրում է ոչ թե վարորդը, այլ մեքենայի սեփականատերը.

«Բարեխիղճ վարորդներն էլ ասում են՝ մեր բոնուսն ինչո՞ւ չի կուտակվում մեզ վրա, այլ կուտակվում է սեփականատիրոջ վրա: Այսօր իրավիճակն այնպես է, որ հնարավոր է՝ տաքսի-սերվիսներն իրենց ընկերության կազմակերպությունը 6 ամիսը մեկ փոխեն, ի՞նչ պատասխան է տալու ավտոապահովագրողների բյուրոն: Կազմակերպություններին դիտավորյալ դրդրում են այնպիսի քայլերի, որ հետո էլ գան ու ասեն՝ դու ապօրինությամբ ես զբաղված: Մեզ դարձնում են գող»:

Տաքսու սեփականատերերից մեկն էլ նկատեց՝ վարորդին ի՞նչ կա, գալիս մեքենան կոտրում, թողնում-գնում է, ամեն ինչ մնում է կազմակերպության սեփականատիրոջ վրա.

«Ես կազմակերպության տնօրեն եմ, ունեմ 50 մեքենա, այդ 50 մեքենայի վրա՝ 100 վարորդ, որոնք կարող են մեկ օրվա մեջ 100 մեքենան ջարդել, մեքենան թողնել ու գնալ. այդ վարորդին էլ չես կարող գտնել: Պատասխանատվությունը մնում է ինձ վրա: Ամեն բոմժի համար ե՞ս պատասխան տամ»:

Դիտարկմանը՝ բոմժերին ինչո՞ւ է մեքենա տալիս, նա այսպես արձագանքեց.

«Բա ո՞ւմ տամ, ո՞ր մինիստրը կգա իմ մոտ տաքսի կքշի»:

Իսկ վարորդներից մեկը նկատեց.

«Եթե նախկինում ԱՊՊԱ-ն հանում էի 18.500 դրամով, ապա այսօր՝ 33.500 դրամ. ինչի՞ համար: Իմ մեքենան միայն ես եմ վարում, ես ինչո՞ւ անսահմանափակ վարորդի փող տամ»:

Ակցիայի մասնակիցներին ընդունեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ով նշեց.

«Եթե մեկը մեքենան քիչ է շահագործում, միայն անձնական նպատակներով է այն օգտագործում, ինչո՞ւ պետք է ավել վճարի. չի վճարում: Հիմա այդ մարդկանց ապահովագրության վճարը նվազել է, իսկ ովքեր ռիսկային են, բարձրացել է»:

Վարորդներից մեկը հարց ուղղեց նրան՝ եթե նախկինում վճարում էի 10 հազար դրամ, հիմա վճարում եմ 16 հազար դրամ, ես բարեխիղճ վարորդ եմ, այդ գումարի տարբերությունը ո՞նց կբացատրեք: Ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց, որ, եթե տաքսի է, ապա փոփոխություն կա.

«Եթե մեքենան որպես տաքսի է ծառայում, վարորդն ավելի շատ է վճարում: Բայց եթե նույն տաքսին ունի լավ պատմություն, ստանում է բոնուսներ»:

Վարորդը նշեց, որ բոնուսներ ստացել է, բայց ավել է վճարում՝ պատճառաբանում են, թե անսահմանափակ վարորդների համար է ավել վճարում, իսկ Ավետիսյանն ասաց, որ չգիտի՝ ով ու ինչու է վարորդին նման բան ասել:

Վարորդներն ու Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը երկարատև զրույց ունեցան, բայց ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս