Անկանխատեսելի կերպար և կանխատեսելի քաղաքականություն

Ճնշող կանխատեսումները շրջվեցին, երբ հայտարարվեց, որ ԱՄՆ 45-րդ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Ամերիկյան լրատվադաշտը (եւ ոչ միայն ամերիկյան), որոշակի առումով իրավամբ ստեղծել էր շեշտված կարծրատիպ Թրամփի կերպարի շուրջ, հատկապես այն դարձնելով անկանխատեսելի, հետեւաբար նաեւ ենթաընկալմամբ` վտանգավոր:

Մինչ Հիլարի Քլինթոնը, որ արդեն պետական հաստատությունների ուղիներից անցած կայացած պետական գործիչ էր, կայունության եւ կանխատեսելիության առումով ընդհանուր ընկալման վրա իբրեւ այդպիսին էլ ազդել էր։

Հիմնական ուղղությունների տարբերությունը սկսվում էր այստեղ. մեկը գործարար ասպարեզից անցնում էր նախագահական աթոռին, մինչ երկրորդը Կոնգրեսի եւ պետքարտուղարության անցքերից երկար ճանապարհ էր կտրել հասնելու համար նախագահի թեկնածուի կարգավիճակին:

Ամերիկյան հասարակության քվեարկելու չափանիշերը, ցուցաբերած զգայնությունները եւ նախընտրած դիրքորոշումները բավական բարդ է հստակեցնել, այդ պատճառով էլ ընդհանուր ուղղությունների գնահատմամբ պետք է փորձել Թրամփ երեւույթի կայացման փաստի հետ հաշվի նստելու ճիգը:

Քլինթոնի ռազմատենչությունը երեւաց ոչ միայն իր անցյալի պետական կենսափորձով, այլ նաեւ հայտարարություններով եւ հայտնապես փաստաթղթերի գաղտնազերծված տարբերակների հրապարակայնացմամբ: Թրամփի դեպքում կարծր դիրքորոշումը վերաբերում էր ներամերիկյան հարցերին: Ամերիկան հզորացնելու իր նախընտրական հռետորաբանությունը հասնում էր ցեղապաշտական, խտրականության եւ հակաժողովրդավարական սկզբունքների` հերթական անգամ ինքնահակասության մեջ դնելով ամերիկյան համակարգը, որը ժողովրդավարացում արտադրելու ինքնակոչ առաքելության ստանձնումով քաոսային իրավիճակներ ստեղծելու պատճառ է դառնում այլ տարածաշրջաններում:

Թրամփի ճառերի հատակագծերի պատրաստողները վստահ էին, որ ներամերիկյան քաղաքականության վրա գերկենտրոնանալով եւ երկրորդական ու երրորդական պլան մղելով արտաքին քաղաքականության ուղղությունները, Թրամփն ավելի ազդեցիկ գործոններ պիտի ապահովեր քվեահավաքի իր աշխատանքի ընթացքում։

Դասական-կանխատեսելի կերպարը ընդդեմ գործարար-անկանխատեսելիին ավարտվեց ի նպաստ երկրորդի: Այս դեպքում ամերիկյան հասարակության ընկալման, փիլիսոփայության եւ հարցերը նեղ ամերիկյան տեսանկյուններից դիտելու իրականությունը բացում է որոշ փակագծեր, որոնց արժե անդրադառնալ: Պատահածը իբրեւ ամերիկյան տիպի նացիզմի հաղթանակ կարելի է բնորոշել: Անշուշտ համոզված, որ Քլինթոնի կամ Թրամփի ընտրությունը Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա որեւէ հիմնական փոփոխություն զգացնել չպիտի տար: Պաշտպանության կամ պետքարտուղարության վերլուծական կենտրոնների հրապարակած նյութերը վերաբերում են առաջիկա քսանամյակին, եւ այնտեղ երեւում է նաեւ Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղեգիծը, որը նախագահից նախագահ փոփոխության առընթեր հիմնական ոստոստումներ չի կատարում: Այս առումով էլ, եթե Պենտագոնի վերլուծական կենտրոնը Թուրքիայի մասնատման մասին նախատեսություն է արել եւ խոսել քրդական շարժման ծավալման մասին, ապա Էրդողանի ցուցադրած խանդավառությունը կարող է  քաղաքականորեն իրատեսական չլինեն նախագահի փոփոխության դիմաց:

Ամերիկյան հասարակությունը այս քվեարկությամբ ընդգծեց նաեւ, որ հակացեղապաշտականությունը կամ մարդկային իրավունքները արտաքին սպառման համար օգտագործվող նյութեր ու կարգախոսներ են, այլ երկրներ ժողովրդավարացնելու համար:

Աշխարհը թվում է, որ ընտրել է ծայրահեղականությունների ուղին: Ծայրահեղականությունը Միջին Արեւելքում դրսեւորվում է կրոնական խավարամտությամբ, մինչ ԱՄՆում` նման կերպարի նախընտրությամբ:

Քաղաքականորեն ճիշտ չպիտի լիներ ակնկալել, որ Թրամփով Վաշինգտոնը կտրուկ փոփոխություններ պիտի բերի հատկապես իր արտաքին քաղաքականության մեջ: Տակավին տեսանելի չէ ԱՄՆ-Մեքսիկա պատի կառուցումը. ոչ էլ` Միջին Արեւելքում  կրոնական ծայրահեղականության արմատախիլ անելը:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս