Գնդեվազում օրերս բացված «VHM garb» ընկերության հիմնական պատվիրատուն Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիան» է
«Յուրաքանչյուր գործ սկսելը շատ դժվար է, ինձ համար ևս դժվար է եղել»,- ասում է օրերս Գնդեվազ գյուղում բացված «VHM garb» կարի արտադրամասի ղեկավար, գյուղի բնակիչ Վահան Մկրտչյանը։
Նշենք, որ դեռևս 2011 թվականից Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ազդակիր համայնքներում հայտարարել էր կարի արտադրամասիս մրցույթ, որը պետք է սպասարկեր Ամուլսարում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների կարիքները` հանքաքարի նմուշների համար պարկեր, արտահագուստ և այլն։ Մրցույթին մասնակցած երկու արտադրամասերից հաղթեց Վահան Մկրտչյանի արտադրամասը։ 2011 թվականին բացված Վահանի արտադրամասն իր տրամադրության տակ ուներ ընդամենը 2 աշխատող և 2 կարի մեքենա։
Այս տարիների ընթացքում արտադրամասը լայն զարգացում է ապրել, և նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Վահանի նոր արտադրամասի բացումը։
«VHM garb»-ի բացման արարողությանը ներկա էր նաև «Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը։ «Ընկերությունը նոր է ստեղծվել, ցանկանում եմ ձեզ զարգացում, որ այս ձեռնարկությունից օգտվեն ոչ միայն ձեր համագյուղացիները, այլև այլ ձեռնարկություններ։
Նման փոքր և միջին ձեռնարկություններ, վստահ եմ, որ շրջակա համայնքներում կբացվեն, ու նորից կլինեն օրինակներ։ Ես չեմ պատկերացնում մեր ընկերության զարգացումը` առանց համայնքների զարգացման, դրա համար վստահ եմ, որ այն ժամանակահատվածում, որ մենք իրար հետ աշխատելու ենք, և ընկերությունը շահագործելու է Ամուլսարի հանքավայրը, մենք ոչ միայն դառնալու ենք գործընկերներ, այլև ընկերներ, և նոր լավ նորություններ ենք ունենալու»,- ասաց Հայկ Ալոյանը։
Վ. Մկրտչյանն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչպես սկսվեց իրենց գործունեությունը.
«2011 թվականի փետրվարին առաջարկություն էր եղել գյուղում` ով կարող է նմուշարկման տոպրակներ կարել։ Մի բան ինձ հուշեց, որ կարող եմ անել, գնացի և ծանոթացա իրենց աշխատակցի հետ, մի քանի օր հետաքրքրվելուց հետո մոտեցա իրենց գրասենյակ, արեցի իմ առաջարկությունը, մի քանի օր հետո պատասխանեցին, որ կարող եմ սկսել։ Շատ դժվարությունների միջով անցանք, որովհետև այն ժամանակ չկային համապատասխան կարի մեքենաներ։ Այն ժամանակ մենք տարածք էլ չունեինք, խնդրել էի գյուղապետին, տրամադրել էր մանկապարտեզի նկուղային հարկը, այնտեղ էինք կարում։ Մեկ-երկու տարի աշխատելուց հետո խնդրեցի դպրոցի տնօրենին, վարձակալությամբ վերցրեցինք դպրոցի այն հատվածից, որը չէր օգտագործվում։ Երկու տարի էլ այնտեղ ենք աշխատել։ Եկավ մի ժամանակ, որ պատվերների քանակը նվազեց, մտածեցի` ինչի՞ միայն տոպրակ կարեմ, եթե կարող եմ կարել նաև ուրիշ բաներ։ Այդ ընթացքում «Լիդիան Արմենիայից» առաջարկ է եղել նաև, որ մտածի` արտահագուստ, ձեռնոց, գլխարկ կարելու մասին։ Մտածում էի` դա դժվար կլինի, չեմ կարող, բայց այսօր ստացվել է, որովհետև իմ ընկերները եղել են իմ կողքին»։
Վ. Մկրտչյանի խոսքով` «Լիդիան Արմենիայի» առաջարկն այնպիսին է եղել, որ ինքը կարողացել է այդ ամեն ինչին հասնել. «Երբ նոր էի սկսում, ես գումար էլ չունեի, «Լիդիան Արմենիա» ընկերությունն ինձ կանխավճար է տվել, որ ես սկսեմ իմ աշխատանքները։ Կանխավճարով գնել եմ կտոր, համապատասխան գործիքներ ու սկսել եմ»։
Նա նշեց, որ իրենց հիմնական պատվիրատուն այս պահին «Լիդիան Արմենիան» է։ Կարի արտադրամասում նվազագույն աշխատավարձը կազմում է 45 հազար դրամ, առավելագույնը` 100 հազար։ Արտադրամասում հիմա աշխատում են 4 աշխատակիցներ, սակայն կա 9 կարի մեքենա. ««Լիդիան Արմենիայի» պատվերների քանակի շնորհիվ կարողացել եմ ստեղծել մյուս տեսակի կտորի խանութը, որը սպասարկում է Ջերմուկ քաղաքին։ Այնտեղ 2 տարի գործում է մեր խանութը»։
«Լիդիան Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ կարի արտադրամասի բացումն օրինակ էր այն բանի, որ իրենց ամեն ուղղակի աշխատատեղի բացումը կստեղծի նաև 5-6 աշխատատեղ. «Շինարարության ընթացքում հանքը կունենա 1300 աշխատող և հանքի շահագործման` 10 տարվա ընթացքում կունենա 700 աշխատող։ Դուք կարող եք գումարել ամեն ուղղակի աշխատատեղին 5-6 անուղղակի աշխատատեղ, և կտեսնեք` ինչպիսի դրական տնտեսական զարգացում է ունենալու այս ռեգիոնը։ Բացի այդ, վստահ եմ, որ նման փոքր և միջին ձեռնարկություններ կստեղծվեն շրջակա համայնքներում, սա մեր նպատակն է, որ նման ձեռնարկություններ ստեղծվեն հենց այս համայնքներում, որ համայնքները տնտեսական օգուտ ունենան մեզնից։ Մենք ուզում ենք նախ` ապահովել զարգացում շրջակա համայնքներին և կանխել արտագաղթը»։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզում` Ամուլսարի տարածքում, 2006 թվականից սկսած։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին տեղակայված Ամուլսարի հանքավայրը գտնվում է Երևանից 170 կմ հարավ։ 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը։ 2015 թվականին «Լիդիանը» հրապարակեց Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը, իսկ դրա թարմացված տարբերակը հրապարակվեց 2016թ.-ին։ 2016թ. ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը` այժմ Ամուլսարի ծրագրի շինարարությունն ընթացքում է։ «Լիդիան Արմենիան» պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը հանքարդյունաբերության լավագույն փորձին համաձայն և IFC և ՎԶԵԲ կատարողական չափանիշների և պահանջների շրջանակներում։