Բաժիններ՝

«Այս ժամանակահատվածում շատ կլինի մսի արտադրությունը, քանի որ մասսայական մորթ է ընթանում»

Հայաստանում այս տարվա  հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 654 մլրդ 606,9 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 2,6 տոկոս ով: Ընդհանուր գյուղատնտեսությունում բուսաբուծությանը բաժին է հասնում 421 մլրդ 544,6 մլն` նվազելով  6 տոկոսով, իսկ անասնաբուծությանը՝ 233 մլրդ 62,3 մլն դրամ` աճելով` 4 տոկոսով:

«Արմենպրես»-ն այս ցուցանիշների իրական պատկերն հասկանալու համար զրուցեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ, ով նկատեց, որ եթե գյուղատնտեսության ցուցանիշը նվազել է, ապա այն հիմնականում կապված է այս տարվա կարկտահարության հասցրած վնասների հետ: Նրա ներկայացմամբ` այս տարի լավ ծիրանի բերք կար, սակայն կարկուտն այն նվազեցրեց, ինչպես նաև այս տարի նախորդի համեմատ մոտ քառասուն տոկոսով նվազել է խաղողի բերքը:

«Հայաստանում աճում է կարտոֆիլագործությունը: Սոխի արտադրության աճ ունենք: Ընդհանուր առմամբ անցյալ տարվա համեմատ այս տարի բանջարեղենի աճ ունենք»,- նշեց Բերբերյանը:

Գյուղատնտեսն անդրադառնալով նաև անասնաբուծության աճի ցուցանիշին շեշտեց, որ հարկավոր է նկատել, որ անասնապահությունը ոչ միայն մսի արտադրություն է, այլ նաև կաթի: Իսկ հիմա վերջինիս արտադրության անկում ունենք, քանի որ խոշոր եղջերավոր անասուններն այժմ գտնվում են հղի վիճակում` նոր կաթ կլինի երկու ամիս հետո: «Այս ժամանակահատվածում շատ կլինի մսի արտադրությունը, քանի որ մասսայական մորթ է ընթանում: Մինչև տարվա վերջ կունենանք մսի արտադրության աճ, սակայն անասնագլխաքանակի նվազում»,- ասաց գյուղատնտեսը:

Անդրադառնալով ձկնարտադրությանը` նա հավելեց, որ երկու տարի առաջ այստեղ հաջողություններ ունեցանք, սակայն այժմ մեր ձկնաբուծությունը պարզապես շուկայի կորուստ ունի: «Այսինքն` նույն քանակությամբ չի արտահանվում, որքան  նախորդ տարիներին»,- հավելեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս