Ինչպես են Ուկրաինայում պայքարում կոռուպցիայի դեմ

Իրենց ունեցվածքը հայտարարագրելու մասին Ուկրաինայում ընդունված որոշման արդյունքում հրապարակվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց հարստության մասին տեղեկություններ։ Այս բացահայտնումները խոսում են այն մասին, որ կոռուպցիան վերացնելու համար Ուկրաինան դեռեւս ունի անցնելու երկար ճանապարհ։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պալատը, որը ներկայումս վերածվել է թանգարանի, տալիս է Ուկրաինայում անցած տարիների կոռուպցիայի հստակ պատկերը։

Յանուկովիչի իշխանությունը 2Օ14 թվականին տապալած ապստամբությունն ակնկալում էր երկրում նոր սերնդի, այսպես ասած՝ «մաքուր քաղաքականության» հաստատում։ Սակայն երկրի խորհրդարանի անդամների կուտակած հսկայական հարստությունն այսօր շատերին է ոչ միայն ապշեցրել, այլ նաեւ նետել հուսախաբության գիրկը։

Ինչպես Հակակոռուպցիոն կենտրոնի անդամներից Օլեկսանդրա Ուստինովան է ասում, «Մայդանում հարյուրավոր մարդիկ զոհվեցին՝ իշխանության նոր մարդկանց բերելու համար։

Սակայն, հայտարարագրերին նայելով, պարզվում է, որ սրանք նոր մարդիկ չեն։ Նրանք պաշտոններ են զբաղեցնում միայն հարստություն կուտակելու նպատակով»։

Երկրի վարչապետ Վոլոդիմիր Գրոյսմանն ասել է, որ միայն իր տանն ունի 1 միլիոն 6ՕՕ հազար դոլարի համարժեք կանխիկ գումար։

Ուկրաինացիները գիտեին, որ իրենց օրենսդիրները մեծ հարստության տեր են, եւ կարծում էին, որ ինչ որ մի միջոց կամ համաձայնության եզր կգտնվեր հարցը լուծելու համար։ Սակայն այժմ, ասում է «Չեթըմ հաուս»-ի վերլուծաբաններից Օրիսիա Լուցեւիչը, սրանից հետո, այս պայմաններում այս պաշտոնյաներից շատերը կփնտրեն իրենց ունեցվածքը թաքցնելու ուղիներ։

«Նման հարստություն կուտակելու պատճառներից մեկն այն է, որ իրավական համակարգն Ուկրաինայում չի գործում, եվ որ երկրում 5Օ դատավորներ ունեն միլիոնավոր դոլարների հարստություն։ Իսկ համակարգն ունի արմատներ, որոնք տարածվել են կառավարության շատ ճյուղերում»։

Եվրոպական Միությունն էր պնդել, որ Ուկրանիային ֆինանսական օժանդակություն տրամադրելու եւ առանց վիզայի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու իրավունք ստանալու համար այս երկրի պաշտոնատար անձինք ներկայացնեին իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին փաստեր։

Իսկ ՄԱԿ-ը հայտարարում է այդ հայտարարագերի արդյունքում հայտնաբերված կոռուպցիայի հարցով մեղավորներին դատարանի առջեւ կանգնեցնելու կարեւորության մասին։

Ինչպես ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ներկայացնող Յան Թոմաս Հիմստրան է ասում.

«Հավատացած եմ, որ միջազգային համայնքը, այդ թվում՝ Եվրոպական Միությունը կկանգնեն Ուկրաինայի կողքին հաջորդ քայլերն իրականացնելու գործում։ Չէ որ հայտարարագրերն այս ուղու վրա դեռեւս առաջին քայլն էր»։

Փորձագետների խոսքերով, հաջորդ քայլերը շատ ավելի դժվար են լինելու։

Տեսանյութեր

Լրահոս