«Գազային ոլորտում հայ-իրանական համագործակցության ամենահավակնոտ նպատակն իրանական գազը Եվրոպա տարանցելն է». իրանցի փորձագետ

Նոյեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի առքուվաճառքի պայմանագրի ստորագրման նպատակով: Ըստ վարչապետի որոշման՝ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն։ Իսկ պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ սա շատ հեռանկարային մեկնարկ է հայ-իրանական գազային համագործակցության համար։ Սալամին նշեց, որ, բնականաբար, այս փուլում ծավալային համագործակցություն ակնկալել պետք չէ, քանի որ կողմերը դեռ փորձելու են հասկանալ այս ոլորտում հայ-իրանական համագործակցության ներուժը և հնարավորությունները։

«Շատ կարևոր է խոսել հնարավորությունների մասին, քանի որ մի բան է՝ ցանկանալ խորացնել այս ոլորտում համագործակցությունը, խոսել իրանական գազը Հայաստանով Եվրոպա տարանցելու մասին, մի բան է՝ դա իրականացնելու կարողությունը, քանի որ այս ոլորտում այլ խաղացողներ ևս կան, կա ենթակառուցածքների խնդիր, ծախսեր։ Սակայն, եթե հիշում եք, իրանական կողմը, ի դեմս Հայաստանում Իրանի վերջին երկու դեսպանների, մշտապես խոսել է այս ծրագրերի մասին։

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումից հետո համագործակցության այս մեկնարկով, կարծում եմ, կողմերը կսկսեն քննարկել իրենց հնարավորությունները շատ ավելի լայն համագործակցության համար՝ իրանական գազի դեպի Եվրոպա տարանցման հնարավորությամբ։ Սակայն սկզբնական փուլում կարելի է ակնկալել փոքր ծավալով գազի մատակարարումներ Հայաստան։

Տարանցման հնարավորությունը երևի թե այս համագործակցության հարցում ամենահավակնոտ նպատակը կարելի է համարել, որը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ժամանակային և այլն։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այս ծրագիրը շատ ավելի իրատեսական կդառնա, որը կծառայի ինչպես՝ Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի ու Վրաստանի շահերին՝ ավելի ամրացնելով թե՛ մեր փոխհարաբերությունները, թե՛ մեր տնտեսությունները»,- նման կարծիք հայտնեց Սալամին՝ հավալելով, որ հայ-իրանական հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս նման կարևոր ծրագրեր ուրվագծել։

Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հնարավոր այցին Հայաստան, իրանցի վերլուծաբանը գտնում է, որ այցն արդեն շատ է ձգձգվում, եթե հաշվի առնենք, որ այդ մասին խոսվում է շուրջ երկու տարի։ «Ես քաղաքական խնդիրներ չեմ տեսնում այցի ձգձգման հարցում, քանի որ հայ-իրանական հարաբերությունները բավականին ամուր են երրորդ կողմերի ազդեցությունը կրելու համար։ Կարծում եմ՝ կողմերը ժամանակ են շահում, փորձում համալրել հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգը:

Ըստ ամենայնի, այս օրերին ընթացող այցը կնպաստի այդ օրակարգի համալրմանը։ Չեմ կարծում, թե գլխավոր այցն իրեն երկար սպասեցնել տա»,- ասաց Ալի Սալամին։ Վերջինիս համոզմամբ՝ այս այցը կարևոր հանգրվան կդառնա հայ-իրանական նոր հարաբերությունների այս փուլում, քանի որ կքննարկվեն այս բոլոր ծրագրերը բարձր մակարդակով։

Տեսանյութեր

Լրահոս