«ԱԻՄ-ը պատրաստ է դաշինքով հանդես գալ բոլոր ուժերի հետ՝ բացի ՀՀԿ-ից». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ-ը մասնկացելու է 2017 խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդավարական դաշինքով»։ 168.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենց կողմից բավական լուրջ մեխանիզմ է մշակված։

«Այսօր բավական մանրակրկիտ մշակեցինք, որ, եթե իսկապես անկեղծ են նրանք, ովքեր ասում են, որ պետք է ամեն բան մոռանանք, նույնիսկ վիրավորանքները մոռանանք ու թիմ կազմենք, մենք այդ դիրքորոշման կողմնակիցն ենք, բայց պետք է հստակեցնենք մի բան՝ պետք է ունենանք առանցքային նպատակ։ Կարծում ենք, որ, եթե կոչենք ժողովրդավարական դաշինք, իր մեջ կներառի ամեն բան՝ և՛ իշխանափոխություն, և՛ արևմտյան արժեքային համակարգ։ Պարտադիր չէ, որ բոլոր հարցերում համաձայնության գանք»,- նշեց մեր զրուցակիցը։

– Ո՞ր հարցերում սկզբունքորեն պետք է լինի համաձայնություն։

– Մեր համաձայնությունը պետք է լինի այն հարցում, որ մենք միասնական թիմ, միասնական ցուցակ ենք ստեղծում ժողովրդի աջակցությամբ հաղթելու նպատակով, որ անցնենք խորհրդարան։  Հրապարակավ մենք մի բան ենք շեշտում՝ «ժողովուրդ, իշխանությունը քեզ պետք է պատկանի»։ Այս ընտրությունը պետք է լինի ազգային-ազատագրական պայքարի բնույթի նման մի բան, ու ոչ թե 20-30 տոկոս պետք է վերցնենք, այլ ամբողջ ազգը համախմբենք՝ մոտ 80 տոկոս։  Համոզված եմ, որ ՀԱԿ-ի հետ կարող ենք համաձայնության գալ Սահմանադրության հարցում, բայց ընդհանրապես բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաձայն չենք իրար հետ, դրանք կարելի  է թողնել, հետագայում պառլամենտում նույն մեր խմբակցությունը կարող է տարբեր թևեր ունենալ, ասենք, սրանք ԱԻՄ-ականներն են, սրանք դաշնակցականներն են, սա ՀԱԿ-ն է։

Կարդացեք նաև

– Այսինքն՝ այդ ժողովրդավարական դաշինքի մեջ կարո՞ղ են լինել տարբեր արտաքին քաղաքական կուրս ունեցող ուժեր։

– Այո, եթե դու ժողովրդավարական զարգացման ճանապարհով ես ուզում զարգացում ստանալ… Դու ուզում ես գնալ Եվրոպա՞, արի, դու ուզում ես՝ Չինաստա՞ն,  քո իրավունքն է, բայց պայմանավորվենք մի բան՝ այդ հարցի պատասխանը պետք է տաս ոչ թե դու կամ ես, այլ ժողովուրդը՝ ժողովրդավարական ճանապարհով։ Իսկ հիմա մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքական դաշտ, որ քաղաքական ուժերը քաղաքական ճանապարհով զարկ տան իրենց քաղաքական գաղափարներին՝ ելնելով ժողովրդի աջակցությունից։

– Արդյոք այդ դաշինքում տեղ կա՞ նաև ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի համար։

– ՀՀԿ-ի համար դժվար է ասել, որովհետև, ի վերջո, ՀՀԿ-ն այս իրավիճակը ստեղծողն է, նաև կեղծ սահմանադրություն պարտադրող, նույնիսկ առանց իրենց կուսակիցների կարծիքը հաշվի առնելու, արևմտյան կողմնորոշումից հրաժարված… Բայց սկզբունքորեն այսպես է, եթե մենք ժողովրդավարական դաշինք ենք ստեղծում, և որևէ ուժ ասում է՝ ես էլ եմ ուզում միանալ հանուն նրա, որ ժողովրդի ձայները չբռնազավթվեն, այդ դեպքում մեր միակ խնդիրը մնում է՝ ի՞նչ համամասնություն ենք ունենալու այն ուժի հետ, որը միացել է։

– Կոնկրետ ո՞ւմ հետ եք այս պահին քննարկումներ անում, անուններ կասե՞ք։

– Ոչ, կոնկրետացնել ես չեմ ուզում, բոլորի հետ ենք քննարկում։ Մեր դռները բաց են բոլորի համար, սիրով ընդունում ենք բոլորի կոչերը։

– Բացի ՀՀԿ-ի՞ց։

– ՀՀԿ-ի հետ պետք է խոսենք ժողովրդավարության մասին, ստացվում է՝ իրենց դեմ, խոսենք Սահմանադրության դեմ, նույնպես իրենց կեղծիքի դեմ է։ Եթե ՀՀԿ-ն ինչ-որ բան կարողանա փոխել, հնարավոր է։

Տեսանյութեր

Լրահոս