«Ռուսաստանի համար հայ-իրանական էներգետիկ ծրագրերը սպառնալիք չեն». Սիմոնով
«Իրան-Հայաստան կնքվելիք համաձայնագիրն էներգետիկ ոլորտում ենթադրաբար համաձայնեցված է «Գազպրոմի» հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի էներգետիկական անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով հայ-իրանական ապագա բանակցություններին, որոնց մեկնարկը կտրվի նոյեմբերի մեկին Թեհրանում:
Հայտնի է, որ նոյեմբերի մեկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թեհրան՝ իրանական գազի առքուվաճառքի պայմանագրի ստորագրման նպատակով: Ամենայն հավանականությամբ, այս պայմանագրի շրջանակում ներառված է լինելու դեպի Եվրոպա Հայաստանով և Վրաստանով իրանական գազի տարանցման հեռանկարի հարցը:
Կոնստանտին Սիմոնովը նախ՝ նշեց, որ Հայաստանով և Վրաստանով դեպի Արևմուտք իրանական գազի տարանցման նպատակահարմարությունն իր համար անհասկանալի է: Նրա գնահատմամբ՝ դա շատ ավելի ծախսատար ու ժամանակատար է, քան այլ ուղիներն Իրանի համար: Այնուամենայնիվ, նրա համոզմամբ՝ սա իրագործելի նախագիծ է, և կարելի էր սպասել նման զարգացումներ աշխարհի համար իրանական շուկայի «բացումից» հետո:
Եվ չնայած էներգակիրների շուկայում Ռուսաստանի համար մեկ մրցակիցներից առաջինն Իրանն է, Կոնստանտին Սիմոնովը չի կարծում, թե այս համաձայնագրի ստորագրումը սպառնում է Հայաստանում Ռուսաստանի շահերին: «Հայաստանն ունի գազի բացառիկ գին, որը, ըստ էության, ստացել է «ՀայՌուսգազարդի» հայկական մասնաբաժնի դիմաց, այդ գնից ավելի էժան Ռուսաստանը վաճառում է Բելառուսին, սրանք մրցակից չունեցող գներ են: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանին բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ գազի արդյունահանման ծավալներն այնքան մեծացնելու համար, որն արդեն իսկ կարող է մրցակցային դառնալ շուկայում լուրջ դիրքեր ունեցող Ռուսաստանի համար: Իմ համոզմամբ՝ այս համաձայնագրով նախատեսվող տարանցման ծավալները բավականին անլուրջ են Ռուսաստանի համար»,- նման տեսակետ հայտնեց Սիմոնովը՝ շարունակելով ակնարկել, որ Ռուսաստանը չի փորձի խոչընդոտել նման ծրագրերի:
Ռուս էներգետիկ վերլուծաբանի համոզմամբ, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանի այս ոլորտում «Գազպրոմի» դիրքերը, ենթադրելի է, որ այս համաձայնագիրը քննարկվել է նաև ռուսական կողմի, այս դեպքում՝ «Գազպրոմի» հետ: Սա, Սիմոնովի խոսքով, ընդհանուր կերպով համաձայնեցված գործարք է: