Քննարկվել է ԵԶԲ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են Հիմնադրամի ներդրումային վարկի միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ընթացքը և Մաստարայի ջրամբարի կառուցման նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման հետ կապված գործողությունների կատարողականին:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը:
Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարի 12-ին: Ներկայումս Բանկին անդամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկին միացել է 2009 թվականին:
Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 100 հազար դոլար: Բանկը իրականացնում է խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորում եվրասիական տարածաշրջանում պետական կամ մասնավոր ձեռնարկություններին, մասնակցություն է ցուցաբերում կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, թողարկում է երաշխիքներ, մասնավոր ներդրումային հիմնադրամների ուղղակի կամ միջնորդավորված ֆինանսավորում, ինչպես նաև վարկավորում է մասնավոր առևտրային բանկերին:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանի Հանրապետությունում տրամադրվել է ֆինանսավորում «Ոռոգման համակարգերի արդիականացում» (40 մլն ԱՄՆ դոլար վարկ), Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» (150 մլն ԱՄՆ դոլար վարկ) ներդրումային ծրագրերի իրականացման համար:
Բացի այդ՝ 2015թ. նոյեմբերի 4-ին ստորագրվել է Հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով Հայաստանին 2015-2017թթ. ընթացքում տրամադրվում է 100-ական մլն ԱՄՆ դոլարի չափով 3 մասնաբաժիններով բյուջետային աջակցություն: