Բաժիններ՝

«Ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու». Վահագն Խաչատրյան

«Երկիրը շատ ավելի ծանր վիճակում է գտնվում, քան այն, ինչ ներկայացնում են մակրոտնտեսական ցուցանիշներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Խոսելով նոր կառավարությունից ունեցած սպասումների tմասին՝ Վ. Խաչատրյանը նշեց, որ այս 20 օրվա ընթացքում որևիցե մի անգամ խոսք չկար կոռուպցիայի մասին, որևէ մեկը չի խոսում դրա վերացման մասին, հակառակը՝ առաջին օրերի հայտարարություններից պարզվում է՝ մենաշնորհը մեր նման փոքր երկրների համար պարտադիր է։

«Եթե հանրության մեջ փորձում են շփոթություն մտցնել, դա արդեն նշանակում է՝ կա՛մ իրենք պրոֆեսիոնալ չեն, կամ իրենք չգիտեն, կամ իրենց ժամանակի դասախոսները լավ չեն բացատրել, կամ իրենք լավ չեն սովորել, որովհետև նման բան չկա։ Մրցակցային միջավայրի մասին խոսք չկա։ Չեն ասում՝ ՀՀ տնտեսությունն ինչու է այս վիճակին հասցվել, փոքր և միջին բիզնեսին որևէ անդրադարձ չկա։ Այդ ամեն ինչի ընդհանրացված պատկերն ինձ համար Հարկային օրենսգիրքն էր, որ ընդունվեց Ազգային ժողովում։ Սրանից կարող եմ ինձ թույլ տալ եզրակացնել, որ ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվելու, և այդ հայտարարությունները, որ հնչում են տարբեր նախարարների, ֆինանսների նախարարի կողմից, դրանք մեսիջներ են, որ մեր վիճակը շատ ծանր է, և այս շատ ծանր վիճակից մենք պետք է դուրս գանք»,-նշեց Վ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երբ իրենք ասում էին՝ վիճակը շատ ծանր է, իրենց ասում էին՝ դուք ճիշտ չեք, հանրությանը սխալ տեղեկություններ եք տալիս. «Բայց ընդամենը 20 օր է անցել նախկին կառավարությունից, օգոստոս ամսին մի հաշվետվություն ներկայացրեցին, թե Հայաստանի տնտեսությունն ինչ լավ վիճակում է, ակտիվությունը 4 ու քանի տոկոս է, նույնիսկ Վ. Պուտինը հայտարարեց, որ 10 տոկոս Ռուսաստան-Հայաստան ակտիվություն կա։ Մի ամիս հետո՝ առավոտը վեր ենք կենում, մեզ ասում են՝ տնտեսությունը շատ ծանր վիճակում է։ Ես այս ամենը գնահատում եմ որպես շատ անլուրջ վերաբերմունք»։

Դիտարկմանը թե, պետական բյուջեում աճի ակնկալիքների մասով հիմնականում նշվում է, որ Հայաստանի աճի հետ կապված խնդիրները պայմանավորվում են  Ռուսաստանի վիճակով և պղնձի գներով, Վ. Խաչատրյանն այսպես արձագանքեց. «Ձեր ասածից կարելի է մեկ ուրիշ հետևություն էլ անել, որ որևէ նշանակություն չունի, թե ով կլինի կառավարությունում՝ Ռուսաստանի վիճակը կլավանա, պղնձի գները կբարձրանան, Հայաստանի վիճակը կլավանա։ Այդ դեպքում ընդհանրապես ոչ մի կառավարություն պետք չէ։ Համենայն դեպս, իշխանության և կառավարության բացատրությունները դրան են բերում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս