Իսրայելի նահապետը

Համաշխարհային լրատվության հիմնական թեման Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի մահվան գույժն է ու կենսագրությունը: Ու դա զարմանալի չէ: Նրան սովորական քաղաքական դեմք չես համարի: Շատերի համար նա պետությանն ու ազգին ծառայած գործչի մարմնավորում է:

Երկրորդ Համաշխարհայինից հետո Իսրայել պետության ստեղծումն աշխարհաքաղաքական, թերևս, ամենահավակնոտ ու ամենահանդուգն ձեռնարկն է, որ մինչև այսօր էլ շատ բան է պայմանավորում միջպետական հարաբերություններում: Իսկ Շիմոն Պերեսն իսրայելցիների համար իրենց երկիրի հիմնադիր հայրերից է ու մեծագույն առաջնորդներից:

Պերեսը ծնվել է 1923թ. Լեհաստանում (նրա ծննդավայր գյուղն այժմ Բելառուսի տարածքում է): Հայրն առևտրական էր, մայրը` ռուսաց լեզվի ուսուցչուհի: Ընտանիքը պատմական հայրենիք է վերադարձել 1934թ.-ին: Պերեսի հետագա կյանքը կարելի է առասպելական համարել կամ անվանել: Նա եղել է Իսրայելի 12 կառավարության անդամ:

Երեք անգամ դարձել է երկրի վարչապետ: 11 գրքի հեղինակ է: 29 տարեկան հասակում դարձել է իր երկրի պատմության ամենաերիտասարդ պաշտպանության նախարարը: Այս շրջանում նորաստեղծ պետությունը պարբերաբար պատերազմների մեջ էր: Վերակառուցելով նախարարությունը` Պերեսին հաջողվում է իր նախարարության տակ վերցնել երկրի պետական բյուջեի մեծ մասը: Այս շրջանում նրան հաջողվում է ռազմական համագործակցություն հաստատել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ այս երկրների հետ կնքած գաղտնի ու բաց համաձայնագրերով միլիոնավոր դոլարների արժողությամբ զենք-զինամթերք ներկրել նորաստեղծ երկրի բանակի համար: Շիմոն Պերեսն առաջին պետական գործիչն էր, ով ռազմական համագործակցություն սկսեց Գերմանիայի պաշտպանության նախարարության հետ:

Իսկ դա ուշադրության արժանի առանձնահատուկ փաստ է, որովհետև ծննդավայրում մնացած նրա բոլոր հարազատները զոհվել էին ֆաշիստական օկուպացիայի տարիներին: Մինչև քաղաքականություն մտնելը նա բազմաթիվ ռազմական ծրագրեր է իրագործում: Ի վերջո, միայն 2007 թ.-ին է նրան հաջողվում ընտրվել Իսրայելի նախագահ (նախագահել է մինչև 2014թ.), երբ Կնեսետի 120 պատգամավորներից 86-ը երկրորդ փուլում քվեարկեց նրա օգտին: Այդ պահին և մինչև այսօր Շիմոն Պերեսը համարվում է աշխարհում ամենատարեց երկրի ղեկավարը:

Իսկ հեռավոր 1952թ. նա Իսրայելի հիմնադիր նախագահ Բեն-Հուրյոնի հանձնարարությամբ նախաձեռնում է Իսրայելի ատոմային ծրագիրը՝ դառնալով իր երկրի միջուկային ծրագրերի հայրը նաև։ Նրա մասնակցությամբ Ֆրանսիայի հետ Իսրայելի կնքած գաղտնի պայմանագրի արդյունքում 1957թ. Դիմոն քաղաքի մոտակայքում կառուցվում է ատոմական էլեկտրակայան: Ինչից հետո Պերեսը ստեղծում է Իսրայելի միջուկային ուսումնասիրությունների կենտրոնը:

Պետությանը մատուցած նման ծառայությունների պարագային անգամ նա հաճախ ձախողվում էր ընտրություններում: Երբեմն նույնիսկ ամենամտերիմ քաղաքական գործիչներն էին «ապստամբում» նրա դեմ` փորձելով Պերեսին հեռացնել իր իսկ ստեղծած կուսակցության ղեկավարությունից: Քաղաքական կենսագիրներն ընդգծելով բանակցություններ վարելու նրա առանձնահատուկ շնորհը` նշում են, որ Շիմոն Պերեսը սկզբունքային հարցերում երբեք զիջումների չէր գնում` մշտապես հավատարիմ մնալով Իսրայել պետության հայրերի ձևավորած սկզբունքներին: 1976թ., երբ պաղեստինյան ահաբեկիչները ֆրանսիական ինքնաթիռում պատանդ վերցրեցին 83 հրեայի, նա Իսրայելի կառավարության միակ անդամն էր, որ դեմ էր տեռորիստների հետ բանակցություններ վարելու առաջարկին:

Պերեսն ի վերջո բոլորին համոզեց հրաժարվել բանակցություններ սկսելու գաղափարից և իր պատասխանատվությամբ մշակեց ու ղեկավարեց պատանդների ազատագրման պլանը: Որքան էլ որ տարօրինակ լինի` նա 1994թ. արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Որևէ այլ դեպք հնարավոր չէ գտնել, երբ խաղաղության միջազգային այդ մրցանակը շնորհվել է այդքան «ռազմատենչ» պետական ու քաղաքական գործչի: Կարծում եմ, որ այս փաստը լուրջ վերլուծության ու ակնածանքի է արժանի:

Նորօրյա համաշխարհային պատմությունից հայտնի է, թե միջազգային հանրությունն ինչ վերաբերմունք ունի Իրանի կամ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի ու դրանց իրագործողների հանդեպ: Մինչդեռ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալուց ընդամենը մեկ տարի անց, Իսրայելի նախագահ Իցհակ Ռաբինի սպանությունից հետո, Շիմոն Պերեսը կրկին դարձավ իր պետության պաշտպանության նախարար: Եվ այդ փաստը տարօրինակորեն ոչ մեկին չզարմացրեց: Բայց փորձեք համադրել՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր պաշտպանության նախարար:

Ընդ որում, պերմանենտ ու չավարտված պատերազմների մեջ ներքաշված պետության պաշտպանության նախարար: Ընդունեք, որ դժվար է գտնել «Ինչպե՞ս է դա հնարավոր» հարցի պատասխանը: Պերեսը` որպես նահապետ` Իսրայելի երիտասարդ պետական գործիչներին խորհուրդ էր տալիս խիզախ ու խոհեմ քայլերով կառուցել երկրի ապագան: Հատկապես, որ իր կյանքն ու գործունեությունը հայրենիքին ծառայելու լավագույն օրինակ էր:

Տեսանյութեր

Լրահոս