Վաշինգտոնում ստեղծվում է Հայոց ցեղասպանության հետևանքների հարցում հարատև լուծումներ գտնելու կենտրոն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավագետ, քաղաքագետ, ԱՄՆ նախագահ Րիչարդ Նիքսոնի սփիչրայթեր և նախագահ Ռոնալդ Ռեյգանի գլխավոր սփիչրայթեր Քենեթ Խաչիկյանը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարեցին «Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի» ստեղծման մասին։
Նշենք, որ կենտրոնը ստեղծվել է Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական հետևանքների հարցում հարատև լուծումներ գտնելու նպատակով։ Քենեթ Խաչիկյանը հանդիսանում է կենտրոնի վարչության նախագահը, իսկ Կիրո Մանոյանը վարչության անդամ է։
Բանախոսներն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեցին, որ կենտրոնն ազգային և միջազգային ատյանների և հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը: Այն փորձելու է համակարգել մարդու իրավունքների խախտումներին առնչվող հարցերը, հայտնաբերել հնարավոր հայցվորներին, հետաքննել խախտումները և հավաքել անհրաժեշտ ապացույցներ:
Ք. Խաչիկյանը նշեց, որ կենտրոնն ակնկալում է աշխարհի հայ համայնքների բոլոր հատվածների հետ միասնաբար աշխատել՝ անդրադառնալու Թուրքիայի Հանրապետության և այլոց պատասխանատվությանը Հայոց ցեղասպանության աշխարհաքաղաքական, տարածքային և մակրոտնտեսական հետևանքների համար. «Ինչպես նաև՝ Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետությանը և համապատասխան սփյուռքյան և այլ շահառուներին փոխանցելու, ԼՂՀ ապագային վերաբերող հարցերին»։
Կ. Մանոյանի խոսքով էլ՝ կենտրոնն ազգային և միջազգային իրավական ասպարեզներում Ցեղասպանության համար հատուցման հասնելու իր ջանքերն իրագործելիս հանձն է առնում ապահովել արդարություն բոլոր նրանց համար, ովքեր «դեռևս կրում են այս հանցագործության վերքերը»:
«Իսկ ավելի լայն առումով, որպես մարդու իրավունքների համաշխարհային շարժմանը նվիրված կազմակերպություն՝ կենտրոնը միջազգային իրավունքի և համաշխարհային մարդասիրական արժեքներին համահունչ իրավական նախադեպեր ստեղծելու և համապատասխան քաղաքականության մշակմանն աջակցելու միջոցով աշխատելու է ապագա բռնությունները կանխելու ուղղությամբ»,- նշեց Կ. Մանոյանը:
Նշենք, որ կենտրոնի կենտրոնատեղին գտնվելու է Վաշինգտոնում, բայց աշխատելու է միջազգային ասպարեզում՝ ուշադրությունը սևեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարավորություններին: Վարչության անդամները Հայաստանից են և սփյուռքից։ Կենտրոնը, միջազգային իրավական գործունեությանը զուգահեռ, ուշադրությունը սևեռելու է Ցեղասպանության ընթացքում հափշտակված կամ բռնագրավված հավաքական գույքի և այլ ունեցվածքի վրա, որոնց թվում՝ եկեղեցիների, կրոնական վայրերի, հաստատությունների, դպրոցների, թանգարանների, մշակույթի գործերի, մշակութային արժեքների, գրքերի և այլ ունեցվածքի: Բանախոսները նշեցին, որ կենտրոնն արձանագրելու է հայոց ազգային, համայնքային և անձնական գույքի բռնազավթումները, որպեսզի գտնի այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կհաստատեն հարատև խաղաղություն և կայունություն՝ հիմնված արդարության և պատասխանատվության վրա: