«Արտադրված է ԵՏՄ-ո՞ւմ», թե՞ «Արտադրված է Հայաստանում». Մակնշման հարցը դեռ որոշված չէ
վրասիական տնտեսական միությունը նախատեսում է հաջորդ տարվանից գործածության մեջ դնել «Արտադրված է ԵՏՄ-ում» մակնշում։ Ենթադրվում է, որ դա կնպաստի ինտեգրացիայի խորացմանը։ Սակայն սպասվող այս նորամուծությունն այնքան էլ չի ուրախացրել տեղական արտադրողներին, որոնք գերադասում են պատվով կրել «Արտադրված է Հայաստանում» մակնշումը և հայկական արտադրությունը չնույնացնել եվրասիական արտադրության հետ:
168.am-ի հետ զրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը նշեց, որ մակնշման հարցն ամենագլխավորը չէ, անհրաժեշտ է նախ և առաջ՝ մշակել միասնական կանոններ ու չափանիշներ, թե որ ապրանքը կարող է համարվել ԵՏՄ-ում արտադրված։
«Պարտադիր չէ մեխանիկորեն փոխել մակնշումը։ Իրականում դա չի տա անհրաժեշտ արդյունքը։ Հարկավոր է, որ մասնակի՝ տեխնոլոգիական գործընթացները, բաղադրիչները, որ արտադրվում են Միության երկրներից մեկում, օգտագործվեն մյուս երկրի արտադրության մեջ։ Այդ դեպքում դա թույլ կտա և՛ բարելավել որակը, և՛ բարձրացնել արտադրողականությունը, և՛ ստեղծել այլ մրցունակ առավելություններ այդ ապրանքի համար։ Նման ապրանքը, որ մակնշված կլինի՝ «արտադրված է ԵՏՄ-ում», կստանա բոլոր տեսակի աջակցությունները, որ կա միությունում։ Դա և՛ նախաարտահանման, և՛ արտահանման ժամանակ ֆինանսավորումն է, որ իրականացվելու է վերազգային մակարդակով, և՛ պետգնումների ժամանակ արտոնյալ պայմանները, սուբսիդիաները։ Նման գործիքները շատ են, և բուն մակնշումը մեր աշխատանքի ավարտական փուլն է»,- ասաց Ն. Կուշնարյովը։
Ըստ նրա՝ մակնշմանն անցնելու ժամկետները կախված են անդամ երկրների կառավարություններից։
Միաժամանակ, Կուշնարյովը նշեց, որ, թեև խորհուրդ է տրվելու անցնել միասնական մակնշման, սակայն այն պարտադիր պայման չի լինելու, և արտադրողները կկարողանան շարունակել մակնշել իրենց ապրանքը սեփական ցանկությամբ, եթե գտնեն աջակցության գործիքներ. «Ընտրությունն ազատ կլինի, սակայն այն ապրանքը, որ արտադրվել է միասնական ուժերով, կստանա ավելի շատ արտոնություններ, քան այն ապրանքը, որի արտադրության ժամանակ կիրառվել են արտասահմանյան բաղադրիչներ»։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ մակնշման վերաբերյալ նման որոշում չկա, և առայժմ Հայաստանը որևէ նման համաձայնություն չի տվել։
«Իսկ ո՞վ ասաց, որ պետք է փոխվի՝ «արտադրված է ԵՏՄ-ում»։ Եթե նախաձեռնություն կա, ձեզ թվում է, որ արդեն որոշումը կայացվա՞ծ է։ Ո՛չ»,- ասաց նա։
Ըստ Վ.Գաբրիելյանի՝ այնպես չէ, որ «արտադրված է Հայաստանում» բրենդը չափազանց մեծ ճանաչում ունի, օրինակ՝ ԱՄՆ-ում, բայց նախկին ԽՍՀՄ տարածքում բավական հայտնի է, հատկապես՝ երևանյան ոսկին, կոնյակը, գյուղմթերքը և այլն։
«Եթե հարցը բերվի՝ կքննարկենք»,- հավելեց փոխվարչապետը։