Բանտ և բիզնես. բիզնեսմեններ, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել
Forbes.ru-ն ներկայացրել է ռուս այն բիզնեսմենների ցանկը, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել։
1. Գլեբ Ֆետիսով։ Բիզնեսմենը ձերբակալվել է 2014թ. իրեն պատկանող բանկին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Մեղադրվում էր բանկից 6.5 մլրդ ռուբլի արժողությամբ ակտիվներ հանելու մեջ։ 2016թ. նա լուծեց ֆինանսական հարցերը կրեդիտորների հետ, օգոստոսին նրա խափանման միջոցը փոխվեց, նոր խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Նույն ամսին նա ազատ արձակվեց։
2. Վլադիմիր Եվտուշենկով։ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկի` «АФК Система»-ի հիմնադիր ղեկավարին 2014թ. մեղադրեցին փողերի լվացման մեջ։ Դատական քաշքշուկների արդյունքում դատարանը պարտավորեցրեց «Система»-ն տալ պետությանը։ Եվտուշենկովը կատարեց պահանջը, մի քանի օր անց նրան ազատ արձակեցին, իսկ հետո մեղադրանքը վերացվեց հանցակազմի բացակայության պատճառով։
3. Վլադիմիր Գուսինսկի։ Մեղադրվել է խարդախության մեջ։ 3 օր անցկացրել է ՌԴ քննչական մեկուսարանում, 1.5 ամիս նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել ստորագրություն չհեռանալու մասին, մեկ ամիս անցկացրել է իսպանական բանտում, 3.5 ամիս Իսպանիայում եղել է տնային կալանքի տակ, մեկ շաբաթ անցկացրել Հունաստանի բանտում։ Մի առիթով նա ասել է. «Եթե երբևէ պայքարել ես կառավարության դեմ, ապա վերադառնալու կամ չվերադառնալու հարցը որոշում է կառավարությունը։ Դա նորմալ է»։
4. Սուլեյման Քերիմով։ 2013թ. սեպտեմբերին նրան հրավիրել էին Մինսկ՝ բանակցությունների։ Հենց օդանավակայանում նա ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում էր ընկերություններից մեկին 100 մլն դոլարի վնաս պատճառելու մեջ։ 3 ամիս անց նրան տեղափոխեցին Ռուսաստան։
5. Յուրի Շեֆլեր։ 2002թ. Շեֆլերի նկատմամբ հետախուզում հայտարարվեց։ Ռուսաստանը լքելուց հետո նա արտասահմանում ակտիվ զբաղվում է բիզնեսով, ինչի շնորհիվ հայտնվել է ամենահարուստ ռուսների ցանկում։ Մեղադրվել է անօրինական ձեռնարկատիրության, հանցավոր ճանապարհով ստացված գումարների օրինականացման, Ռուսաստանի ապրանքային նշանների օգտագործման, հանցավոր խումբ ստեղծելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Քրեական գործն առ այսօր կարճված չէ, սակայն Շեֆլերի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է միայն Ռուսաստանի ապրանքային նշաններն օգտագործելու մեղադրանքով։
6. Դմիտրի Կամենշիկ։ «Դոմոդեդովո» օդանավակայանի սեփականատերը մեղադրվել է աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման համար, որոնք չեն համապատասխանում անվտանգության կանոններին և անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձի մահ։ Տուժողները և օդանավակայանի տնօրինությունը պայմանագիր են կնքել վնասի փոխհատուցման մասին։
7. Միխայիլ Գուցերիև։ «Русснефть» ընկերության նախագահը նախ՝ հարցաքննվեց հարուցված 3 քրեական գործերի շրջանակներում։ 2007թ. նրան մեղադրեցին հարկերից խուսափելու և անօրինական ձեռնարկատիրության մեջ։ 2007թ. հուլիսին նա գնաց Լոնդոն, նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում։ 2009թ. Քննչական կոմիտեն մեղմացրեց մեղադրանքները, խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, Ինտերպոլը դադարեցրեց հետախուզումը։ 2010թ. քրեական գործերը կարճվեցին, բիզնեսմենը վերադարձավ Ռուսաստան։
8. Նիկոլայ Մաքսիմով։ Մեղադրվել է հանցագործության կատարման արդյունքում ստացված դրամական միջոցների կամ այլ կարողության օրինականացման և առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ 2011թ. նա ձերբակալվել է և մի քանի որ անցկացրել քննչական մեկուսարանում, սակայն դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել։
9. Անդրեյ Կոմարով։ Հարուցված քրեական գործը վերաբերում էր կաշառք տալուն։ 2016թ. փետրվարի 8-ին քրեական գործը կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառով։
10. Յուրի Կաչմազով։ «СОК» ընկերությունների խմբի հիմնադրին առնչվող գործը վերաբերում էր կանխամտածված սնանկությանը։ Իրավապահ մարմինների ճնշման արդյունքում ստիպված է եղել լքել երկիրը և վաճառել ակտիվները։
11. Անդրեյ Բորոդին։ 2011թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Մեղադրվում է խարդախության մեջ։ 2013թ. քաղաքական ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում։ 2014թ. մեղադրանք է առաջադրվել ևս մեկ հոդվածով. գործերը մինչև այժմ կարճված չեն։
12. Վլադիմիր Մախլայ։ 2005թ. ընկերություններից մեկը գնեց «Тольяттиазота» ընկերության բաժնետոմսերը, և շուտով կազմակերպությունում խուզարկություն սկսվեց։ Վլադիմիր Մախլայի նկատմամբ հարուցվեցին քրեական գործեր, որոնք կարճվեցին միայն 2010թ.՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ 2013թ. քրեական գործեր հարուցվեցին բիզնեսմենի և նրա որդու դեմ։ Քրեական հետապնդումը մինչ այսօր դադարեցված չէ։
13. Ալեքսեյ Սեմին։ 2015թ. «Адмирал» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Փլուզման մակերեսը բավական մեծ էր, 19 մարդ մահացել էր։ Պատահարի և մարդկանց մահվան դեպքով հարուցված քրեական գործով անցնում էր նաև Ալեքսեյ Սեմինը։ Ըստ քննության վարկածի՝ լինելով շինության սեփականատերը՝ նա խախտել է անվտանգության կանոնները և չարաշահել լիազորությունները։ Գտնվելով Ֆրանսիայում՝ Սեմինը հերքում էր այս մեղադրանքները՝ նշելով, որ չի կարող առևտրի կենտրոնի սեփականատեր համարվել, քանի որ ֆոնդում, որը ներդրումներ է կատարել տասնյակ շինություններում, ընդամենը մասնաբաժին ունի։ Մեկ տարի անց ՌԴ քննչական կոմիտեն դադարեցրեց քրեական հետապնդումը նրա նկատմամբ «հանցագործությանն առնչություն չունենալու համար»։
14. Անդրեյ Վավիլով։ 1997թ. հարուցվեց քրեական գործ՝ բյուջեից գումարի հափշտակության դեպքով։ Ըստ քննության վարկածի՝ Անդրեյ Վավիլովը, լինելով ֆինանսների փոխնախարար, կազմակերպել է բյուջեից 231 մլն դրամ հանելը։ 2000թ. քրեական գործը կարճվել է, 6 տարի անց՝ վերաբացվել։ 2008թ. քրեական գործը կարճվել է վաղեմության ժամկետների լրանալու պատճառով։
15. Կոնստանտին Գրիգորիշին։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել է 2016թ. գարնանը։ Ըստ քննության վարկածի՝ միլիարդատերը չի վճարել հարկերը։ Բիզնեսմենը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել վնասը, բայց մեղադրանքը չի ընդունել։ 2016թ. ապրիլի վերջին քննչական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Ռուսաստանը լքած բիզնեսմենը խնդրեց իրեն Ուկրաինայի քաղաքացիություն տալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը