«Հայ-իրանական հարաբերությունների խորացումն աշխարհաքաղաքական նշանակության հարց է». իրանցի վերլուծաբան
«Հայ-իրանական խորը քաղաքական և տնտեսական հարաբերություններն ունակ են հավասարակշռելու մեր երկրների արտաքին քաղաքականությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Կայհան Բարզեգարը՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի՝ իրանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի առանցքային հայտարարությունները, որոնք շատ փորձագետներ որակում են՝ որպես տարածաշրջանային զարգացումների ընթացիկ փուլում Հայաստանին հղված ուղերձներ։
Հիշեցնենք, որ դեսպանը նշել էր, թե Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի` Հայաստան կատարելիք հնարավոր այցը շրջադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների համար: «Երկու երկրների նախագահները հայտարարել են, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի արգելք չկա»,- ասել է նա:
Իրանը համարելով Պարսից Ծոց-Սև ծով միջանցքի նախաձեռնողը` Հայաստանում Իրանի դեսպանն ասել էր, որ այդ միջանցքը ստեղծվել է Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որի մասնագիտական նիստը կայացել է Թեհրանում, և հույս էր հայտնել, որ այդ միջանցքի շահագործման հանձնվելով՝ դեպի Եվրոպա Իրանի տրանսպորտային ուղիները բազմազան կդառնան: Կայհան Բարզեգարը հույս հայտնեց, որ ԻԻՀ նախագահի այցը ՀՀ իսկապես կկայանա։
Նա հիշեցրեց, որ այդ այցի մասին խոսվում է արդեն մեկուկես տարի, և այն վաղուց արդեն հասունացել է, հատկապես՝ տարածաշրջանային նոր զարգացումների պայմաններում։ Բարզեգարը նշեց, որ, բնականաբար, դեսպանը խոսել է այն ոլորտների մասին, որտեղ Իրանը տեսնում է հայ-իրանական հարաբերությունների ներուժը։
«Իրանը կարևորում է Հայաստանի հետ իր հարաբերությունները, քանի որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի ոչ միայն պատմական, մշակութային, քաղաքական, տնտեսական հարաբերություններ, այլև միմյանց շահերի ու տարածաշրջանային դիրքերի ճանաչում, ինչն Իրանի համար կարևոր հանգամանք է։ Հայ-իրանական խորը հարաբերություններն ունակ են հավասարակշռելու երկու երկրների արտաքին քաղաքականությունները ՝ նվազեցնելով գերտերությունների տարածաշրջանային ազդեցությամբ պայմանավորված խնդիրները։ Հայաստանը նման խնդիր ունի Ռուսաստանի հետ, Իրանը ևս ունի նման խնդիրներ։ Ուստի կարծում եմ՝ այս հանգամանքն այսօր մեր երկրներին կապող ամենակարևոր օղակներից մեկն է»,- նման համոզմունք հայտնեց Կայհան Բարզեգարը:
Վերջինս, ի թիվս այլ ծրագրերի, հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների, որոնք, ըստ նրա, ժամանակի ընթացքում կզարգանան, կարևորեց Պարսից Ծոց-Սև ծով միջանցքը, որը Հայաստանին կապահովի ելք դեպի ծով, իսկ Իրանին՝ ելք դեպի Եվրոպա։
«Վերջին շրջանում, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ակտիվորեն քննարկվում էր նաև հայ-իրանական երկաթուղու կառուցման հարցը, այն պետք է հովանավորվեր Պեկինի կողմից։ Սրանք, կարծում եմ, հեռանկարային, իրագործելի ծրագրեր են, որոնց իրականացման համար, իմ տեղեկություններով, անհրաժեշտ է միայն փաստաթղթային համաձայնություններ ձեռք բերել, քանի որ հիմնական բանակցություններն արդեն հաջող ընթացք են ունեցել։ Ավելի երկարաժամկետ ծրագրերի թվին կարելի է դասել Հայաստանով, Վրաստանով՝ դեպի Եվրոպա էներգակիրների արտահանումը, որն Իրանի ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Սա Եվրոպա էներգակիրներ արտահանելու ամենանախընտրելի ուղիներից է, սակայն այստեղ խնդիրները դեռ շատ են, կողմերը դեռ պետք է բանակցեն այս հարցի շուրջ»,- ասաց Բարզեգարը։
Հարցին, թե հնարավո՞ր չի համարում արդյոք արտաքին քաղաքական ճնշումների գործադրումն այս ծրագրերը բեկանելու ուղղությամբ, քանի որ դրանք ունակ են բարձրացնելու Հայաստանի քաղաքական, տնտեսական ինքնուրույնությունը, նվազեցնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, Բարզեգարը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ է հնարավոր։
Նրա խոսքով՝ դրա համար են քաղաքական գործիչները, նրանց խնդիրն է՝ չեզոքացնել վտանգները։ «Կարծում եմ՝ ճիշտ քաղաքականության, ճիշտ մոտեցումների դեպքում սրանք բոլորն իրագործելի ծրագրեր են։ Կարևոր է, որպեսզի կողմերը հետևողական աշխատեն այս ուղղությամբ և բաց լինեն միմյանց համար։ Այդ դեպքում, իմ համոզմամբ, խնդիրները ժամանակավոր կլինեն։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման ծրագրերի իրագործումն ամբողջությամբ փոխելու է այն երկրներին, որոնք մասնակցում են դրանց։ Նման ծրագրերն արդեն իսկ երաշխիքներ են՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգության, և՛ տնտեսական»,- ընդգծեց իրանցի վերլուծաբանը։
Վերջինիս համոզմամբ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է ասել, որ հայ-իրանական հարաբերությունների խորացումն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հարց է։
«Պատահական չէ, որ եվրոպացի պաշտոնյաները, դիվանագետները հաճախ են անդրադառնում այս հարաբերություններին, նշում, թե ինչ հեռանկարներ կան այդ հարաբերություններում։ Մնում է օգտվել այդ հնարավորություններից՝ նոր հնարավորություններ ստեղծելով»,- ասաց Բարզեգարը։