«Հայաստանը պետք է հաշվի առնի Ուկրաինայի դառը փորձը». Ալեքսանդր Բոժկո

168.am-ի զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն

– Պարոն Բոժկո, վերջին ամիսներին բավականին դրամատիկ իրադարձություններ տեղի ունեցան մեր երկրում։ Ի՞նչ է, Ձեր տպավորությամբ, կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ։

– Այդ բոլոր իրադարձությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում շատ բարդ խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ Բայց ես այն կարծիքին եմ, որ չի կարելի հարցերը լուծել զենքի միջոցով։ Այդ մասին ելույթ եմ ունեցել նույնիսկ Կիևում, երբ ինձ հրավիրում էին հեռուստատեսությամբ և ռադիոյով ելույթ ունենալու: Չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երկիր ժամանակին նախաձեռնի բարեփոխումներ, քանի որ, երբ այդ բարեփոխումներն ուշանում են, ապա մենք ունենում ենք նման փաստեր։ Իհարկե, խնդիրների պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա։ Սակայն, ինչ վերաբերում է հասարակությանը, ապա պետք է շեշտել, որ չի կարելի հարցեր լուծել զենքի կիրառմամբ։

– Հայաստանի շուրջ բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, որը մի շարք լուրջ խնդիրներ արտացոլեց։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր նշած խնդիրների լուծումը՝ հաշվի առնելով ռուսական գործոնը։

– Այո, Հայաստանը շատ խնդիրներ ունի հարևանների հետ։ Ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր։ Ուստի ՀՀ իշխանությունները շատ զգույշ կերպով պետք է, իմ կարծիքով, մոտենան ներքին խնդիրներին։ Այդ խնդիրները պետք է լուծվեն։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, ապա, իհարկե, կարելի էր սպասել ռազմական գործողություններ, քանի որ Ադրբեջանը պատրաստվում էր այդ պատերազմին, և միայն խիզախ հայ զինվորի շնորհիվ հնարավոր եղավ թշնամուն կանգնեցնել։ Իհարկե, ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են և՛ հայկական բանակի սպառաինությանը, և՛ բանակի բարեփոխումներին։ Իմ կարծիքով՝ հայ հասարակությունը ճիշտ է անում, որ նշում է նման խնդիրների առկայության մասին, դա շատ կարևոր քայլ է։ Երբ ես աշխատում էի Հայաստանում, հիանում էի հայ զինվորով, որովհետև իսկապես և գաղափարական տեսակետից բավականին բարձր է հայ զինվորը, և մեծ ուշադրություն է դարձվում պատրաստվածությանը։ Բայց այնուամենայնիվ աշխարհն ու տեխնիկան զարգանում են։ Այնպես է ստացվել, որ Ադրբեջանի ու Հայաստանի հնարավորությունները պատերազմի դաշտում հավասար չէին, բայց այնուամենայնիվ, ընդգծում եմ քաջ հայ զինվորի դերակատարությունը, որը կարողացել է կանգնեցնել թշնամուն։

– Ապրիլյան պատերազմից հետո բավականին խորացել են հակառուսական տրամադրությունները, հասարակությունը տեսավ, որ զոհեր է կրում ռուսական զենքի գործածման հետևանքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա բոլոր խնդիրները սկսեցին այլ ընկալում ստանալ հասարակական գիտակցության մեջ, այս ֆոնին, ըստ մի շարք տեսակետների, սկսվել են Ռուսաստանի կողմից ճնշումներ հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է Եվրոպական միության հետ նոր փաստաթուղթ ստորագրել։ Ըստ Ձեզ՝ այս գործընթացներում ո՞րն է հասարակության դերը։

– Երբ ես աշխատում էի ԱԳ նախարարությունում, երկու անգամ ԱՊՀ երկրների վարչության պետի պաշտոնը զբաղեցրի, գործ էի ունենում նաև Ռուսաստանի հետ։ Չնայած այն ժամանակ մենք խոսում էինք, թե մեր երկրները բարեկամ երկրներ են, այնուամենայնիվ, ստացվել էր այնպես, որ Ռուսաստանն այդ տարիների ընթացքում էր արդեն նախապատրաստվում ճնշում գործածել Ուկրաինայի նկատմամբ։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ նման պատերազմ կարող է լինել։ Սակայն Ռուսաստանի պատկերացմամբ՝ դա հնարավոր էր։

Ռուսաստանի նպատակը Խորհրդային Միության վերստեղծումն է։ Իհարկե, Հայաստանի ներքին գործն է, թե ինչպես է նա մոտենում Ռուսաստանի դերակատարությանը, բայց, հաշվի առնելով մեր դառը փորձը, իմ կարծիքով՝ Հայաստանը պետք է հաշվի առնի Ուկրաինայի դառը փորձը։ Շատ կարևոր է, որ հայ հասարակությունն ակտիվ դերակատարություն ստանձնի Հայաստանում։ Սա ասում եմ՝ կրկին մեր փորձից ելնելով և հաշվի առնելով այն, որ Ուկրաինան և Հայաստանը օլիգարխիկ երկրներ են։

Օլիգարխիան խանգարում է Ուկրաինայի ընթացքին դեպի եվրոպական չափանիշներ, այս տեսակետից կարևորում եմ հասարակության դերը։ Հասարակությունը պետք է ակտիվ լինի, քանի որ  վերահսկողություն է անհրաժեշտ իշխանությունների նկատմամբ։ Որքան էլ որ իշխանությունը լավը լինի, իշխանությունն իշխանություն է, և այդ տեսակետից շատ եմ կարևորում հասարակության դերը լավ երկիր ու տնտեսություն ունենալու հարցում, որպեսզի քաղաքացիները լավ ապրեն, և այդ տեսակետից շատ կարևոր տեղ ունի հասարակության ակտիվացումը

։ Կարևոր է, որպեսզի Հայաստանի բոլոր գործընթացներում հասարակությունն ակտիվ լինի, վերահսկի, այդ թվում՝ ընտրությունները, քանի որ Ուկրաինայից մի քանի անգամ ժամանել եմ Հայաստան՝ որպես ընտրությունների դիտորդ, և գիտեմ, թե ինչպես են Հայաստանում անցկացվում ընտրությունները։

Տեսանյութեր

Լրահոս