ԱԺ ընտրություններում կհաղթի Վլադիմիր Պուտինը
Մի քանի օր հետո պաշտոնապես մեկնարկելու է նոր քաղաքական սեզոնը՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստով։ Մեկնարկ ասվածը, իհարկե, հարաբերական է, որքանով հարաբերական է խորհրդարանի կապը քաղաքականության հետ։ Իրականում այն նույնիսկ հարաբերական չէ, այլ գրոտեսկային։ Բայց քանի որ ձևականորեն ԱԺ-ում են փոխանակվում այն հայհոյախոսությունները, որոնք՝ այլընտրանքի բացակայության պատճառով, անվանում ենք քաղաքական բանավեճ, քաղաքական սեզոնների բացումները հիմնականում համընկնում են խորհրդարանական այդ ծեսի հետ։
Բայց այս տարվա քաղաքական սեզոնը նախորդներից տարբերվում է նրանով, որ լինելու է 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախերգանքը։ Ոչ թե ՏԻՄ ընտրությունների իմաստով, ինչպես ներկայացնում են բոլորը, այլ ԱԺ ընտրությունների նախընտրական օրակարգի ձևավորման առումով։ Խոսքն այն օրակարգի մասին չէ, որը փորձելու են լցնել կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերով ու կարգախոսներով։ Խոսքը Հայաստանի, պետության համար կենսական խնդիրներ ընդգրկող օրակարգի մասին է, որը, գրեթե վստահաբար կարելի է ասել՝ չի ձևավորվելու։
Հայաստանի, ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի համար թիվ մեկ խնդիրը, որը բոլոր մնացած խնդիրները պայմանավորող խնդիր է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցն է։ Եվրասիական միությունում պետության ստորաքարշությունը շարունակել-չշարունակելու հարցն է։
Ռուսական սպառազինությամբ ադրբեջանական հերթական դիվերսիայի սպասումով ապրելու ու այդ դիվերսիայից հետո ռուսներին արդարացնող ագենտի կարգավիճակում լինել-չլինելու հարցն է։ Եվրասիական միությունում լինելու ու տարածաշրջանային և աշխարհաքաղաքական որևէ գործընթացում չլինելու հարցն է։ Սեփական սահմանները պաշտպանելու ոչ միայն՝ կարողություն, այլ առաջին հերթին՝ ինքնուրույնություն ունենալ-չունենալու հարցն է։
Սեփական երկրի շահերի հաշվին ու դրանք մսխելու համար այլ երկրի մեդալ ստացող արտգործնախարար ունենալ-չունենալու հարցն է… Ունենալ-չունենալու հարթությունում հարցերի այս և չնշված բազմությունը հանրագումարում հանգում է պետություն ունենալ-չունենալու խնդրին, որը ոչ թե խնդիր է, այլ՝ երկընտրանք։
Եթե, իհարկե, չենք առաջնորդվում Հայաստանի իշխանական ու ընդդիմադիր քաղաքական դաս կոչվածի «ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա» ստրկամիտ մոտեցմամբ։ Բայց քանի որ այդպես է առաջնորդվում քաղաքական դասը ու բոլոր նրանք, ովքեր որոշելու են, թե ինչ հարցեր են ներառվելու քաղաքական օրակարգում, կարելի է չկասկածել՝ նշված ու դրանցից ածանցյալ որևէ հարց այդ օրակարգում չի ընդգրկվելու։ Քաղաքական օրակարգը բաղկացած է լինելու ամեն ինչից, բացի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերից։
Որովհետև այդպես է վարվելու ոչ միայն ռուսական իշխանությունը, այլ նաև ռուսական ընդդիմությունն ու այն միավորները, որոնք հայտարարում են, թե պետք է առաջորդվել ոչ թե՝ «կամ-կամ»-ով, այլ՝ «համ-համ»-ով, իրականում՝ այդպիսով գիտակցված կամ ոչ, դառնալով նույնքան ռուսական, որքան վերոնշյալները։
Հայաստանի նախընտրական օրակարգում չի լինելու Հայաստանի համար ամենակենսական հարցը՝ աշխարհաքաղաքական ընտրությունը, որը նաև աշխարհայացքային ու քաղաքակրթական ընտրությունն է։ Այսինքն՝ ընտրություն է մարդու մասին, որովհետև այդ ընտրությունից է կախված մարդու նկատմամբ վերաբերմունքը, մարդուն որպես նպատակ կամ միջոց դիտարկելու երկընտրանքը։ Հայաստանն ընտրել է ու ապրում է համակարգում, որտեղ մարդը, ըստ էության, ոչինչ է այնքանով, որ նպատակ չէ, այլ միջոց է՝ ընտրազանգված է՝ ընտրություններ կեղծելու համար, տրանսֆերտ ստացող է՝ օլիգարխների ներմուծածը սպառելու համար, ու գլխաքանակ է իշխանական կուսակցության ու մասովկաների համար։
Կարելի է չկասկածել՝ Ռուսաստանն ամեն կերպ աջակցելու է գործող քաղաքական համակարգի վերարտադրությանը՝ իշխանությամբ ու ընդդիմությամբ հանդերձ։
Ռուսաստանի համար միևնույն է, թե հայկական քաղաքական ուժերի ու գործիչների որ մասն է իշխանական, որը՝ ընդդիմադիր։ Ռուսաստանին պետք է, որպեսզի Հայաստանում չխոսեն աշխարհաքաղաքական ընտրության, իմա՝ մարդու մասին։ Որովհետև հենց խոսեն աշխարհաքաղաքականության մասին, արձանագրելու են, որ Հայաստանի ներկայիս ընտրությունը հակամարդկային է, իսկ մարդու մասին խոսելով՝ արձանագրելու են, որ մարդու համար պետք է հակաեվրասիական ընտրություն։
Ռուսաստանը Հայաստանի իշխանության ու ընդդիմության հետ աշխատում է հենց այդ սկզբունքով՝ թույլ տալ տոկոսներ խփել ընտրություններում՝ աշխարհաքաղաքական ընտրության մասին չխոսելու ու չմտածելու պայմանով։
Իրականում Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցի անունը Վլադիմիր է, ազգանունն էլ՝ Պուտին։ Բայց ընտրություններ կոչվող մրցավազքի նրբությունն այն է լինելու, որ հաղթելու են ոչ թե նրանք, ովքեր ամենահիմնավորվածը կներկայացնեն այդ ազգանունը՝ որպես Հայաստանը խավարում պահողի, ու ամենահանգամանորենը կպատմեն խավարից դուրս գալու քայլերի մասին, այլ հակառակը՝ հաղթելու են բոլոր նրանք, ովքեր կլռեն այդ անվան մասին ու կպայծառանան ազգանունը ոչ թե՝ ասելիս, այլ՝ լսելիս իսկ։
Ասվածը, իհարկե, չի նշանակում, թե եվրասիականացումն անդառնալի է, ինչպես պնդում էր Պուտինին հայհոյելն արգելող հայտնի ռահվիրան։ Եթե գործող քաղաքական ուժերից կլինեն այնպիսիները, կամ կհայտնվեն նորերը, որոնք Հայաստանի քաղաքական օրակարգ կբերեն աշխարհաքաղաքական ընտրության հարցը՝ պատրաստ լինելով, որ դրա արդյունքում կարող են չհայտնվել խորհրդարանում, բայց նպաստել, որպեսզի Հայաստանը վերջնականապես չհայտնվի ռազմավարական սապոգի տակ, իրավիճակը կարող է փոխվել։
Ու փոխվելով՝ դառնալ այնպիսին, որի դեպքում հարցերը կլուծվեն ոչ միայն՝ «ՀՀ Ազգային ժողով» կոչվող եվրասիական ակումբում, այլ նաև՝ հարթակներում, որտեղ ՀՀ-ն միայն ու ամենևին մակդիր չէ։
Հարություն Ավետիսյան