Ֆեյսբուքյան գովազդ. ինչպես չվատնել գումարը և հասնել օպիտմալ արդյունքի
Տղամարդ ընթերցողներին չի՞ զարմացնում կամ զայրացնում, երբ ֆեյսբուքյան լրահոսում տեսնում են կանացի գեղեցկության սրահի գովազդ։ Իսկ կանայք չե՞ն նկատել, օրինակ, ֆեյսբուքում գովազվդող տղամարդու հագուստ։ Կամ ավելի ընդհանուր՝ չի՞ պատահել, որ ֆեյսբուքը գովազդային հիմունքներով ձեզ ցույց է տալիս որևէ էջ, որը դուք հավանել եք, և կրկին առաջարկում է լայքել այդ էջը։
Այսինքն՝ մենք հաճախ տեսնում ենք գովազդ, որը մեզ չի վերաբերում կամ որի կարիքը մենք արդեն չունենք։
Հիմա մյուս կողմից մտածենք՝ այդ գովազդը տարածողի։ Նա գովազդի համար վճարում է՝ ըստ դիտումների։ Այսինքն, եթե Պողոսն իր լրահոսում տեսել է կանացի հիգիենիկ պարագաների գովազդ, ապա գովազդատուն դրա համար վճարում է՝ անկախ նրանից՝ Պողոսն այդ հղման վրա սեղմե՞լ է, թե՞ ոչ։
Ու եթե Պողոսը հղման վրա չի սեղմել, նշանակում է գովազդատուն Պողոսի մասով պարզապես անիմաստ վատնել է իր փողերը։ Ու վատնել է սեփական մեղքով՝ ֆեյսբուքյան գովազդին մատների արանքով նայելու, լսարանը չկարգավորելու պատճառով։
Իսկ ֆեյսբուքյան գովազդին մատների արանքով նայել հաստատ պետք չէ։ Facebook սոցիալական ցանցը այսօր դարձել է ինտերնետ-գովազդի շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը։ 2015 թվականին ընկերության եկամուտը գովազդից կազմել է 17 մլրդ դոլար։
Հայաստանյան ընկերությունները վերջին տարիներին նույնպես մեծ գումարներ են հատկացնում ֆեյսբուքյան գովազդին։ Ոմանք դա անում են ինքնուրույն, ինչպես ասում են, «ձեռքի հետ», մյուսները հատուկ այդ գործի մեջ մասնագիտացած աշխատակիցներ ունեն, մի մասն էլ ֆեյսբուքյան առաջխաղացման և գովազդի ուղղությունը վստահում են մասնագիտացված անձանց կամ ընկերությունների։
«Ձեռքի հետ» ֆեյսբուքյան գովազդով զբաղվելու արդյունքում ունենում ենք այնպիսի ակնհայտ սխալներ, որոնց մասին նշվեց ամենասկզբում։
Լավ, կմտածեք դուք, այդքան էլ բարդ բան չկա. կարելի է մի թեթև ուսումնասիրել և անցնել գործի։ Պետք է պարզապես ընտրել նախընտրելի բյուջեն, թիրախային լսարանը՝ ըստ տարիքի, սեռի և վայրի, ավելացնել մի քանի նախասիրություն, որն ունեն ձեր պոտենցիալ սպառողները և վերջ։
Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Կան նրբություններ, որոնք չիմանալու դեպքում ձեր ֆեյսբուքյան գովազդի արդյունավետությունը բավականին ցածր կլինի։ Օրինակ՝ եթե դուք 100 դոլար ծախսելով ստանում եք X միավոր արդյունք, մեկ ուրիշը կարող է 50 դոլար ծախսելով ստանալ X + Y արդյունք։
Սա նշանակում է, որ չտիրապետելով ֆեյսբուքյան գովազդի նրբություններին՝ կարելի է գումար կորցնել։ Մի պարզ օրինակ նշենք։ Աշխարհի ամենամեծ գովազդատու ընկերությունը՝ Procter & Gamble-ը, վերջերս հայտարարեց, որ հրաժարվում է ֆեյսբուքյան գովազդի նեղ թարգեթինգից (երբ գովազդի լսարանը նեղացնում են՝ առավելագույնս համապատասխանեցնելով պոտենցիալ սպառողներին)։ Ընկերությունը սեփական փորձով համոզվել է, որ դա կարող է անարդյունավետ լինել։
Կամ, օրինակ, եթե դուք զբաղվում եք կանացի օծանելիքի վաճառքով, արդյո՞ք պետք է գովազդային լսարան ընտրել կանանց։ Իսկ քի՞չ են այն տղամարդիկ, ովքեր կանանց օծանելիք են գնում։
Մեկ այլ օրինակ, ամիսներ առաջ Facebook-ը Հայաստանի համար հասանելի դարձրեց գովազդային գործիքներից մեկը՝ տարածքային նեղ ֆիլտրը։ Այսպես, նախկինում գովազդային լսարանի ֆիլտրը ձեզ թույլ էր տալիս ընտրել միայն երկրները։ Օրինակ՝ Հայաստան, Վրաստան և այլն՝ կախված ձեր հիմնական շուկայից։
Իսկ այժմ հայաստանյան օգտատերերը կարող են ընտրել ոչ միայն քաղաքը, այլև նեղացնել լսարանը՝ մինչև թաղամասի մակարդակով։ Դրա համար քարտեզի վրա պետք է ընտրել ցանկացած կետ, և նշել տարածման շառավիղը (1-ից մինչև 80 մղոն)։ Այսինքն, եթե դուք ընտրեք Հանրապետության հրապարակն ու շառավիղը նշեք 1-2 մղոն, ապա ձեր հայտարարությունը կտեսնեն մայրաքաղաքի կենտրոնի բնակիչները։
Դա ձեռնտո՞ւ է։ Միանշանակ պատասխան չկա։ Օրինակ, եթե դուք գովազդում եք Արաբկիր վարչական շրջանում գտնվող ռեստորանը կամ խանութը, ապա հնարավոր է ցանկանաք, որ գովազդային բյուջեն ամբողջությամբ ծախսվի հենց Արաբկիրում, կամ՝ մայրաքաղաքում ապրողների վրա։ Սակայն չի բացառվում, որ ձեր պոտենցիալ հաճախորդների թվում ավելի շատ են, ասենք, մարզերի բնակիչները կամ զբոսաշրջիկները։
Սա էլ մյուս ծայրահեղությունն է. թարգեթինգով չափից դուրս տարվելով կարելի է մեծ գումարներ կորցնել։ Facebook-ը հակառակը՝ մշտապես կատարելագործում է գործիքները, մեխանիզմները դարձնում ավելի ճկուն, ամեն ինչ անում, որ նեղացնեք գովազդի լսարանը։ Սակայն Facebook-ի համար թարգեթինգը ձեռնտու է, որովհետև գովազդատուն ավելի շատ գումար է ծախսում։
Իսկ ի՞նչ անել, եթե չեք ցանկանում վստահել ֆեյսբուքյան գովազդը այլոց և ինքներդ եք մտադիր դրանով զբաղվել։ Պետք է նորմալ ուսումնասիրել, սա արդեն մարքեթինգ է, որը ժամանակ և գիտելիք է պահանջում։