Ինչ պատիժ է միջնորդում դատախազը «հանցավոր խմբին» զենք վաճառելու մեջ մեղադրվողների համար
Նախորդ տարի Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործից անջատված մասով այսօր դատախազը միջնորդեց ամբաստանյալներին ազատազրկման դատապարտել։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց այդ գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, ճառով հանդես եկան մեղադրողն ու ամբաստանյալներ Հարություն Հովհաննիսյանի և Ստեփան Չիլինգարյանի պաշտպանները։
Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի։ Նրանց միջնորդությամբ դատարանը քննությունը կատարել է արագացված կարգով։ Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հակոբ Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Հարություն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով իրացրել է:
Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելն իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իրացրել է:
Այսօր դատարանում մեղադրողն ասաց, որ ապացույցները բավարար են մեղադրական դատավճիռ կայացնելու համար, սակայն նշեց, որ, քանի որ դատաքննությունն անցկացվել է արագացված կարգի կիրառմամբ, հարկ չի համարում մանրամասն անդրադառնալ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավորող փաստական տվյալներին։ Անդրադառնալով պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին՝ դատախազը միջնորդեց Հակոբ Հակոբյանին դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, Անուշավան Ավետիսյանին՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 10 ամիս ժամկետով, Ստեփան Չիլինգարյանին՝ 2 տարի ժամկետով։ Դատախազը միջնորդեց կիրառված խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։
Հարություն Հովհաննիսյանի պաշտպանը նշեց, որ համաձայն Ոստիկանության տեղեկագրի՝ իր պաշտպանյալը նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն որպես բարի, համեստ, շնորհալի անձ, ընտանիքի լավ հայր և ամուսին, ունի առողջական խնդիրներ, նրա խնամքին են գտնվում կինը և անչափահաս երկու երեխաները։ Ըստ պաշտպանի՝ բացակայում են իր պաշտպանյալի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները։ Պաշտպանի խոսքով՝ ավելի քան 8 ամիս է՝ Հարություն Հովհաննիսյանը գտնվում է անազատության մեջ, այդ ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ, աջակցել վարույթն իրականացնող մարմնին դեպքի հանգամանքները պարզելու հարցում, անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար։ Պաշտպանը միջնորդեց Հարություն Հովհաննիսյանին դատապարտել ոչ ավելի, քան 8 ամիս ժամանակով ազատազրկման և դատարանի դահլիճից ազատ արձակել, իսկ Հարություն Հովհաննիսյանին առավել երկար ժամանակով ազատազրկման դատապարտելու դեպքում՝ պատիժը պայմանականորեն չկիրառել:
Ամբաստանյալ Ստեփան Չիլինգարյանի պաշտպանը նշեց, որ դատախազը շատ խիստ մոտեցում ցուցաբերեց: Ըստ նրա՝ իր պաշտպանյալն առաջին անգամ է հանցանք կատարել, նրա խնամքին է հիվանդ մայրը, տվյալ ժամանակահատվածում իր պաշտպանյալը չի աշխատել, հայրն ու մայրը հիվանդ են եղել, նախաքննության ժամանակ մահացել է նրա հայրը, ծանր տնտեսական վիճակը նրան ստիպել է պապից ու նրա եղբորից մնացած զենքը վաճառել, ընդ որում, ինքը չի առաջարկել, ինքը չի հայթայթել կամ ձեռք բերել։ Ըստ նրա՝ հենց սկզբնական շրջանից էլ Ստեփան Չիլինգարյանն անկեղծորեն զղջացել է ու խոստովանել իր կողմից կատարված արարքը։ Նա դատարանին խնդրեց բավարար համարել 9 ամիս ժամկետով ազատազրկումը, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։