«Ավելի շուտ Քուռ գետը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում». Էդուարդ Շարմազանով
«Ես չեմ կարծում, որ փորձագիտական ցանկացած գնահատական պետք է մեկնաբանենք: Բրայզայի նման բազում գործիչներ կան, ովքեր կարող են կարծիք արտահայտել և, անկախ նրա հնչեցրած մտքերից ու գնահատականներից, ես իմ գնահատականը շատ հստակ տվել եմ՝ 94թ.-ից այս կողմ բոլոր վիճարկելի հարցերով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դիրքերը բանակցային գործընթացում փաստաթղթային առումով այդքան շահեկան չեն եղել, որքան այսօր: Իհարկե, Կազանի կամ Մադրիդի փաստաթղթերը մեր երազանքը չեն, բայց եթե 94-ից այս կողմ գանք, բանակցվող փաստաթղթային առումով այսօր ավելի շահեկան է, քան եղել է երեկ կամ առաջին օրը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, թե 2007թ.-ին վերադարձվելիք շրջանները բոլոր 7-ն էին, 2009-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փոխել է իր դիրքորոշումը և առաջարկել վերադարձնել Ադրբեջանին միայն 5 շրջան, այս տարի հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է սկսել 2 շրջանի վերադարձից, իսկ Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո հայկական դիրքորոշումն ավելի է կոշտացել:
Անդրադառնալով փոխզիջումներին՝ Է. Շարմազանովը նշեց, որ բոլոր խաղաղ բանակցություններն ավարտվում են փոխզիջումներով, բայց հիմա, եթե խոսում են փոխզիջումների մասին, նախ և առաջ՝ պետք է ասեն, թե Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է. «Եթե Ադրբեջանը խոսում է պատերազմ վերսկսելու, Սևան, Զանգեզուր, Երևան հասնելու մասին, նման ոչ ադեկվատ հայտարարություններ է անում, մեկ անգամ չէ, որ ասել ենք, միջնորդ կողմերը պետք է պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին և, ավելին, ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակ իմ կոչը մնում է ուժի մեջ՝ պետք է սանկցիաներ կիրառեն, որովհետև Ալիևն ու Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հանցագործություն իրականացրին Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ խախտեցին բոլոր գրված ու չգրված ռազմական օրենքները:
Մենք ասել ենք այն գիծը, որից այն կողմ փոխզիջում չենք տեսնում, դա նախագահ Սարգսյանն էլ է ասել շատ հստակ, նաև՝ Մոսկվայում Պուտինի ներկայությամբ, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ամբողջությամբ օգտվի իր հանրաքվեի իրավունքից, և Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ ԼՂՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ավելի շուտ Քուռ գետը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Ղարաբաղը կհայտնվի Ադրբեջանի կազմում: Նախագահն էլ հայտարարեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և մենք պատրաստ ենք դրանք իրականացնել: Խոսքը մոնիտորինգի մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորություններն ու աշխատակազմի քանակն ավելացնելու մասին է: Ադրբեջանը դա մերժում է, բայց մյուս միջնորդ կողմերը միաբերան ասում են, որ պետք է իրականացվի: Եվ նրանք պետք է ճնշեն Ադրբեջանին, որ ընդունված բանավոր պայմանավորվածությունը, որ հայտարարության տեսք է ստացել Վիեննայի գագաթաժողովից հետո, թող անի»:
Է.Շարմազանովը շեշտեց, որ այժմ թիվ մեկ խնդիրը բանակցությունները շարունակելն ու պատերազմի բացառումն է, իսկ դրա համար Ադրբեջանի իշխանությունը պետք է վերջ դնի ռազմատենչ հռետորաբանությանը, մաքսիմալիզմին:
«Գնդակն Ադրբեջանի դաշտում է: Մենք «փոխզիջում» ենք ասում, Ադրբեջանում այլ բան են հասկանում: Եթե հասկանում են, թե Ղարաբաղը պետք է մտնի իրենց տարածքի մեջ, սխալվում են: Փոխզիջումների մասին պատկերացումները տարբեր են: Իրենք 7 շրջան կորցրել են, պարտվել են Ղարաբաղյան պատերազմում, ու փոխարենը՝ վերադառնան նորմալ բանակցային սեղան, հիմա ի՞նչ տարածքների մասին է խոսքը: Եվս մեկ անգամ հրապարակում եմ Երևանի պաշտոնական դիրքորոշումը՝ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել պատճառները, այլ ոչ թե՝ հետևանքը: Տարածքները, փախստականները, խաղաղապահները, դրանք բոլորը հետևանք են: Պատճառն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մերժումն է Ադրբեջանի կողմից: Պետք է պատճառը գիտակցեն և հասկանան, որ այս խնդիրը չունի այլ լուծում, քան Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության միջոցով: Կմերժե՞ն Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը, ուրեմն խնդրի լուծում չի լինի, քանի որ պատճառը կմերժեն: Ինչո՞ւ են տարածքներից խոսում: Խնդրի մեխը Ղարաբաղի կարգավիճակն է: Ադրբեջանը նախ՝ թող ճանաչի Ղարաբաղի մասնակցությունը բանակցային պրոցեսին: Ապրիլյան պատերազմից հետո միջնորդները կրկնում են՝ 94 և 95 թթ. զինադադարի պայմանագիր, բայց դրանցում կա նաև Ղարաբաղի ստորագրությունը: Պետք է բոլորը հասկանան, որ առանց Ստեփանակերտի՝ խնդիրը չի լուծվելու: Կհասկանա՞ն սա համապատասխան մայրաքաղաքներում, ուրեմն առաջ կշարժվենք, չե՞ն հասկանա, ուրեմն կկանգնենք փակուղու առջև»,- ասաց Շարմազանովը: