«Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության երկու անսպասելի առաջարկ». Մեթյու Բրայզա
ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հոդված է հրապարակել The Atlantic Council-ում «Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության երկու անսպասելի առաջարկ» վերնագրով` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումներին:
Հոդվածում, անդրադառնալով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին, Բրայզան նշում է, որ դրանք աննախադեպ էին հակամարտության 22 տարվա պատմության մեջ:
Ներկայացնելով 2007թ. Մադրիդյան անվանումով հայտնի սկզբունքները` Բրայզան նշում է, որ դրանք պարունակում էին հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները, այն է` Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում բոլոր 7 շրջանները, որ գրավել է Ադրբեջանից 1990-ականներին, Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ օրինական կարգավիճակ» մինչև վերջնական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով, Ղարաբաղը պետք է ստանա Հայաստանի հետ ցամաքային միջանցք: Ադրբեջանը պետք է վերացներ շրջափակումը, ԼՂ-ի բնակչության անվտանգությունը շփման գծի երկայնքով պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները:
Բրայզան գրում է, որ սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների երկար տարիների աշխատանքի արդյունք են եղել:
Չնայած այդ կառուցվածքը երբեք պաշտոնապես չի համաձայնեցվել, 2009 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը լավատեսություն են հայտնել, որ այդ սկզբունքները վերջապես կարող են բանակցությունների հիմք լինել:
Այդուհանդերձ, ավելի ուշ, Սարգսյանը փոխել է իր դիրքորոշումը և առաջարկել վերադարձնել Ադրբեջանին միայն 5 շրջան: Նշվում է, որ այս տարիներին վեճը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 5 շրջանների շուրջ է եղել:
Բրայզան գրում է, որ այս տարվա հունիսի 20-ին Պուտինը հանդիպեց երկու երկրների նախագահների հետ` առաջարկելով քայլ առ քայլ առաջ գնալ՝ Հայաստանին առաջարկելով ընդամենը երկու շրջան վերադարձնել Ադրբեջանին` նորմալ տարանցման և Հայաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու դիմաց` պայմանով, որ Մադրիդյան սկզբունքների մյուս բոլոր հարցերը, ներառյալ՝ «5 օկուպացված տարածքները», քննարկվելու են հետագա բանակցությունների ժամանակ:
Սարգսյանն ու Ալիևը, երկուսն էլ ողջունել են Պուտինի հունիսյան առաջարկը, թեև պաշտոնապես այն հավանության չեն արժանացրել:
Սակայն հունիսի 17-ին մի խումբ զինված հայ ազգայնականներ, որոնց թվում կային նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերաններ, Երևանում գրավեցին Ոստիկանության ՊՊԾ գունդը` սպանելով 2 սպայի և պատանդառելով բազմաթիվ մարդկանց:
Նշվում է, որ զինյալների գործողությունները ստացան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կոշտ դիրքորոշում ունեցող լայն զանգվածների աջակցությունը, ինչը դարձավ փողոցային բախումների պատճառ:
Բրայզան նշում է, որ հայերի նկատմամբ անհանդուրժողաբար տրամադրված, կոշտ գծի կողմնակիցները գերակշռող են Ադրբեջանում:
Բրայզան ներկայացնում է նաև ծագումով ադրբեջանցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Ֆարհադ Ահմեդովի առաջարկը, ով վերջերս հանդես էր եկել երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու առաջարկով` բաց նամակ հրապարակելով ռուսական մամուլում:
Նշվում է, որ Ահմեդովի նամակը հասցեագրված է երկու երկրների ժողովուրդներին: «Մի ամբողջ սերունդ է մեծացել փոխադարձ թշնամանքի և ատելության մթնոլորտում` անտեղյակ լինելով, որ կարելի է ապրել և միմյանց վերաբերվել այլ կերպ: Քառորդ դար հայերն ու ադրբեջանցիները միմյանց նայում են՝ որպես թիրախներ, այլ ոչ թե ՝ որպես կենդանի մարդկանց: Ճակատամարտի գիծն անցնում է ոչ միայն մարտադաշտով, համաժողովների միջով, դիվանագիտական կուլիսներով, թերթերի էջերով, այլև առանձին վերցված՝ յուրաքանչյուր ադրբեջանցու կամ հայի հոգու միջով: Պատերազմը մտել է մեր կենցաղ` դառնալով առօրյա սովորույթ»,- նամակում գրել էր Ահմեդովը
Բրայզան գրում է, որ Ահմեդովը՝ որպես հակամարտության քաղաքական կարգավորման լուծում է տեսնում այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի երկու ժողովուրդներին, և միասին ապրեն խաղաղության մեջ:
«Ես ընդամենը մեկ երազանք ունեմ, որը կցանկանայի կյանքի կոչված տեսնել կենդանությանս օրոք` դա մեր ժողովուրդների միջև խաղաղությունն է: Եվ ես հավատում եմ, որ իմ երազանքը կիրականանա»,- նամակը եզրափակել էր ադրբեջանցի գործարարը:
Բրայզան գրում է, որ դրա համար Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին ժամանակ է անհրաժեշտ, իսկ Պուտինի դրդապատճառներն ավելի քիչ «բարեգործական» են, քան Ահմեդովինը:
Նա ցանկանում է ցույց տալ, որ խաղաղարար է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ Ուկրաինայում պատերազմ սանձազերծող է:
Վաշինգտոնը պետք է օգտվի Հայաստանին և Ադրբեջանին ուղղված Ահմեդովի կոչից և վերացնի երկու ժողովուրդների` երեք տասնամյակ տևող ատելությունը միմյանց հանդեպ և իրագործի Ահմեդովի մանկության տեսլականը. «Ես երազում եմ կրկին, ինչպես հեռավոր մանկության տարիներին, տեսնել ադրբեջանցու և հայի, որոնք խաղաղ զրուցում են նարդի խաղալիս և թեյ են խմում Ղարաբաղի չինարի ծառի տակ»: