
Ամուլսարի ծրագրի շինարարությունը մեկնարկեց

Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը:
Ինչպես տեղեկացնում է Լիդիան Արմենիա ընկերության լրատվական ծառայությունը, միջոցառմանը ներկա էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:

Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկի կապակցությամբ ուղերձ էր հղել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը. «Շնորհավորում ենք «Լիդիան» ընկերությանը այս հիշարժան օրվա առիթով և ողջունում ենք Ամուլսարի ծրագիրը Հայաստանում, որը կօգնի ամրապնդել երկրի տնտեսությունը: Ուրախ ենք, որ Հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի անդամ, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության աշխատանքային խմբի անդամ «Լիդիան» ընկերության շնորհիվ Հայաստանում գործարար խաղի հավասար պայմանների ձևավորման և սոցիալական պատասխանատվության ամուր մշակույթի կայացման ականատեսը դարձանք: Վստահ ենք, որ ընկերությունը կշարունակի պատասխանատու հանքարդյունաբերության օրինակելի գործունեություն իրանակացնել՝ գործելով թափանցիկ և միջազգային բնապահպանական ու սոցիալական ստանդարտներին համապատասխան»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Լիդիանի ղեկավարները
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի ուղերձում ասված է.
«Այս հիմնարկեքը կարևոր իրադարձություն է ոչ միայն «Լիդիան»-ի, այլև Հայաստանի համար: Ես շնորհավորում եմ «Լիդիան»-ին և իր բազմաթիվ հայ գործընկերներին այս նշանակալի օրվան հասնելուն ուղղված տարիների քրտնաջան աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս հաջողությանը հասնելու բանալիներից մեկը եղել է այն երկխոսությունը, որը «Լիդիան»-ը վարել է Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և, որ թերևս առավել կարևոր է, տեղական համայնքների հետ: Այս ներգրավման միջոցով «Լիդիան»-ը վստահեցրել է, որհանձնառու է իրականացնել պատասխանատու հանքարդյունաբերություն՝ Հայաստանին բերելով տնտեսական ուսոցիալական օգուտներ և միաժամանակ հարգելով շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը և Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը
Այս մոտեցումը համահունչ է «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) սկզբունքներին:Մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը՝ միանալ ԱՃԹՆ-ին և վստահ ենք, որ «Լիդիան»-ը կառուցողական դեր կխաղա որպես Բազմաշահառու խմբի անդամ: Միացյալ Թագավորության դեսպանատունը պատրաստ էբրիտանական փորձն ու գիտելիքները կիսելու միջոցով շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանին այս գլոբալ ստանդարտին հասնելու իր ջանքերում՝ խթանելով բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը: Մենք հավատում ենք, որ Հայաստանի անդամակցությունը ԱՃԹՆ-ին կխթանի ներդրողների վստահությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ և կգրավի ներքին ու օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը: Բրիտանական դեսպանատունը նաև շարունակելու է աշխատել ՀՀ կառավարության և արդյունաբերողների հետ՝ օգնելով բարելավել գործարար միջավայրը և խթանել տնտեսական բարեփոխումները Հայաստանում՝ ի շահ բոլորի»:

Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը
Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Ծրագրի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում Լիդիան Արմենիան կապահովի 700 աշխատատեղ:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին
Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:
Իր խոսքում Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերահաստատեց ընկերության պարտավորությունը կառուցել և շահագործել Ամուլսարի հանքավայրը արդյունաբերական լավագույն փորձի կիրառմամբ, ապահովելով օգուտներ երկրի և ընկերության բաժնետերերի համար: