Մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելն այլևս պարտադիր չի լինի
«ՓՄՁ ներկայացուցիչները մշտապես բարձրացրել են հարցը, որ իրենք փոքրարժեք ապրանքներ ներմուծելիս կամ արտահանելիս ստիպված են լինում կատարել վճարումներ, որոնք որպես կանոն՜ ավելի բարձր են մի քանի անգամ, քան նույնիսկ ապրանքի արժեքը: Մասնավորապես՝ եթե կատալոգներ են ներմուծում, որոնց արժեքը 5000 դրամ է, ստիպված են լինում 6000 դրամ վճարել մաքսային արժեք և մի շարք այլ վճարներ բրոքերի ծառայության համար, որը 10-15 հազար դրամի սահմաններում է: Իսկ եթե տվյալ փոքրարժեք ապրանքները մի քանիսն են, այդ գումարը մի քանի անգամ աճում է: Սա լուրջ խնդիր է համարվում ՓՄՁ-ի կողմից»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և կառավարության կողմից «Մաքսային կարգավորումների մասին ՀՀ օրենքում» փոփոխությունների մասին:
Ըստ նախարարի՝ օրենսդրական փոփոխության արդյունքում գործարարներն այլևս ստիպված չեն լինի օգտվել բրոքերի ծառայությունից, այլ կգործի ինքնահայտարարագրման ինստիտուտը: Նա հերքեց, որ օրենքը վերաբերում է նաև հսկիչ գներին: Ա.Մինասյանի խոսքով՝ սա նաև ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից է:
Նախարարը հույս հայտնեց, որ օրենքը կընդունվի ԱԺ աշնանային նստաշրջանում:
Նշենք, որ գործող օրենքով՝ ներմուծման դեպքում մաքսատուրքեր, հարկեր չեն վճարվում, եթե այդ ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, Հայաստանից արտահանվող ապրանքների համար մաքսատուրքի դրույքաչափը 0 % է: Մաքսային ձևակերպումների արժեքն այսօր 3500 դրամ է, ապրանքների զննման և հաշվառման համար՝ մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1000 դրամ, որը գանձվում է յուրաքանչյուր ապրանքատեսակի համար, Մաքսային մարմնի կողմից տրամադրվող յուրաքանչյուր փաստաթղթի տրամադրման համար՝ 1000 դրամ մաքսավճար, մաքսային մարմինների կողմից ժամանակավոր պահպանության համար՝ օրական 1000 դրամ: Միաժամանակ տնտեսվարողները ստիպված են վճարել մաքսային ներկայացուցչի ծառայությունների համար՝ նվազագույնը 10000-15000 դրամ: