Բաժիններ՝

Պուտինի 10%-անոց «գյուտը»

Սոցցանցերի հայ օգտատերերը դեռ շարունակում են քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10%-ով։ Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«…Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի…»,- ասել էր Վլադիմիր Պուտինը:

Բոլորը սկսեցին քննարկել՝ որտեղից է ստացվել այդ թիվը։ Պուտինի խոսքն այնպես էր ձևակերպված, որ հնարավոր չէր հստակ ասել, թե որ ժամանակահատվածն է նկատի ունեցել։

Ոմանք կարծում էին, որ նկատի է ունեցել 2015 թվականը: Իսկ 2015-ին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ունեցել ենք 3% աճ։ Ու այս առումով անգամ հումորներ էին հնչում, որ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը պետք է մտածի՝ ինչպես աճի ցուցանիշը համապատասխանեցնել Պուտինի ասածին։
Ինքը՝ Ստեփան Մնացականյանը, նույնպես հստակ չգիտի՝ ինչ է նկատի ունեցել ՌԴ նախագահը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա ենթադրել է, որ կատարվել է 2014 թ.-ի, 2015 թ.-ի և այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի հաշվարկ: Իսկ հետո, ընդունելով, որ այդ դեպքում 10% չի ստացվում՝ նա ասել է. «Հարցն ինձ չպետք է ուղղեք»:

Կարդացեք նաև

Սակայն ավելի հավանական է, որ Պուտինը նկատի է ունեցել 2013, 2014 և 2015 թվականների ցուցանիշները։ 2013 թվականին ՀՆԱ իրական աճը կազմել է 3.3%, 2014 թվականին՝ 3.5%, 2015 թվականին՝ 3%: Գումարային առումով ստացվում է 9.8%, իսկ ավելի ճշգրիտ՝ ինդեքսային եղանակով՝ 10.1%:

Սակայն այս առումով կան ավելի կարևոր 2 հարցեր։

Արդյո՞ք 3 տարվա ընթացքում 10% աճը, կամ տարեկան միջինը 3.3% աճն այն ցուցանիշն է, որով կարելի է հպարտանալ, և որի համար կարելի է շնորհավորել։ Իհա՛րկե ոչ։ Ժամանակին մեր կառավարությունը նախատեսում էր տարեկան միջինը 5-7% աճ։ Իսկ անկախ փորձագետների կարծիքով՝ աշխարհից ետ չմնալու համար մեզ իրական երկնիշ աճ է պետք։

Սա մի բացատրություն կարող է ունենալ՝ Պուտինը Հայաստանի աճը համեմատում է Ռուսաստանի հետ։ Իսկ Ռուսաստանում այդ առումով տխուր պատկեր է՝ 2013 թվականին ՀՆԱ իրական աճը կազմել է 1.28%, 2014 թվականին՝ 0.7%, իսկ 2015-ին գրանցվել է 3.7% տնտեսական անկում։ Այս ֆոնին, ինչ խոսք,մեր ցուցանիշը փայլուն է։

Եվ կա երկրորդ՝ ավելի կարևոր հարցը՝ ո՞վ ասաց, թե մեր 10%-անոց աճը գրանցվել է հենց ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում։ Միգուցե «արդյունքում» բառի փոխարեն՝ ավելի ճիշտ կլիներ օգտագործել «պատճառով» բառը. չէ՞ որ մեկ ուրիշն էլ կարող է պնդել, որ, եթե ԵՏՄ-ին չանդամակցեինք, այդ աճն ավելի մեծ կլիներ։
Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ՌԴ տնտեսության կրճատումը 1 տոկոսային կետով Հայաստանի ՀՆԱ աճի պոտենցիալ ցուցանիշը նվազեցնում է 0.6 տոկոսային կետով։ Այսինքն՝ ՌԴ-ից եկող բացասական ազդեցությունների նկատմամբ մենք չափազանց խոցելի ենք։ Իսկ որքան ինտեգրվում ենք ԵՏՄ-ին, այդ կախվածությունը խորանում է։

Իրականում՝ նման գնահատականների հիմքում պետք է լինեն լուրջ մասնագիտական վերլուծություններ։ Այլապես՝ պատճառահետևանքային կապերի մասին խոսելն անմտություն է։ Սա նման է նախնադարյան ժամանակներին, երբ հողագործները երկար սպասված անձրևի համար շնորհակալություն էին հայտնում շամաններին։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այդ առումով ավելի կոմպետենտ է գտնվել, քան Ռուսաստանի իշխանությունները։ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության, ցանկացել էր պարզել՝ ինչ ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության վրա ԵՏՄ-ին անդամակցությունը 2015 թվականի առաջին կիսամյակում, և վերլուծություն էր պատվիրել «Ավագ Սոլյուշնս» կազմակերպությանը։
Խնդիր էր դրված եղել՝ պարզել ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը հետևյալ ուղղություններով՝ արտաքին առևտուր, ներդրումներ, ֆիսկալ հոսքեր, տրանսֆերտներ։

Արտահանման առումով բավականին զգուշավոր ձևակերպումներ էին՝ ԵԱՏՄ անդամակցությունն այս տեսանկյունից կարող է լինել առավել բացասական զարգացումներից խուսափելու կարևոր գործոն։ Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից արտահանումը չի շահել, սակայն, եթե չանդամակցեինք, պատկերն ավելի տխուր կլիներ։ Ներմուծման առումով նշվում էր հիմնականում գազի գնի նվազեցման մասին։

Մաքսատուրքերի առումով դրական ազդեցություն կա։ Սակայն ներդրումների առումով հետազոտության հեղինակներն անկեղծորեն խոստովանել էին, որ սպասումները չեն արդարացել։

Տրանսֆերտների մասով պատկերը տխուր էր (է), և ըստ հետազոտության՝ ԵԱՏՄ անդամակցությունը տրանսֆերտների առումով առավել նպաստավոր միջավայր դեռևս չի ձևավորել։ Մի խոսքով՝ լուսավոր կետեր՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ակնհայտ օգուտների մասին խոսք չկար։
Սակայն, ինչ խոսք, ցանկության դեպքում երևույթները կարելի է պայմանավորել նախընտրած գործոններով, ինչպես վարսավիրները քաղցկեղը պայմանավորում են տանը սափրվելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս