Պուտինը Հայաստանին տվեց ամենակարևորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության առթիվ ստացած օգուտների ու ՀՆԱ 10 տոկոս աճի համար։

Երկու օր է՝ Հայաստանում իրար հերթ չտալով՝ բոլորը փորձում են հասկանալ՝ որտեղի՞ց 10 տոկոս թիվը։ Տնտեսագետները հաշվում են, հաշվում են ու չեն գտնում։ Հաշվում են ՀՆԱ-ի ցուցանիշները։

Պաշտոնյաները նույնպես հաշվում են։ Բայց ոչ թե ՀՆԱ-ն, այլ այն, թե որքան կարժենա մեջքի ճողվածքի հնարավոր վիրահատությունը՝ անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչի ասածը մեկնաբանելու պարտադրանքից թռնել չկարողանալու ու «Պուտինը սուտ է ասում» նախադասությունից խուսափելու նպատակով այդքան կոտրատվելու արդյունքում։
Պուտինը զբաղմունք է տվել հայ հասարակությանը՝ դաշնակից պետությանը դաշնակցային պարտավորությունների համաձայն՝ տրամադրելիքի փոխարեն։ Միամիտներն էլ, սեփական հաշվարկներում հաջողության չհասնելով, խոսեցնում են պաշտոնյաներին՝ «Պուտինը սուտ է ասել» նախադասությունը լսելու անհույս սպասումով։ Այդ նախադասությունը, բնականաբար, չի հնչելու որևէ հայ պաշտոնյայի շուրթերից։ Որովհետև հայ պաշտոնյաների համար կա ճշմարտություն և «շեֆի ասած», որը, հասկանալիորեն, վեր է ճշմարտությունից։

Բայց Պուտինի հայտարարությունը, զբաղմունք լինելով հանդերձ, իր մեջ նաև ցինիզմ ու վիրավորանք է պարունակում բարեկամ հայ ժողովրդի հասցեին։ Որովհետև Պուտինի ասածը նշանակում է, որ ով աչք ունի՝ չի տեսնում, որ վատ է ապրում, ով ականջ ունի՝ չի լսում հաց չունենալու մասին հազարավորների մղկտոցը, ու ով մտածելու կարողություն ունի՝ չի մտածում, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի տնտեսության հետ արել է այն, ինչի համար դատապարտվողներին բանտում վերաբերվում են այնպես, ինչպես Պուտինն է վերաբերվում հետխորհրդային երկրներին։

Պուտինը՝ իր հայտարարությամբ, ի սկզբանե թքած է ունեցել հայ հասարակության վերաբերմունքի վրա, ինչպես շաբաթներ առաջ հանձնարարել էր արտահայտվել իր պալատական ծաղրածուին։ Թքած է ունեցել, որովհետև հայտարարելուց առաջ ունեցել է նաև վստահություն, որ հայտարարությունը՝ անկախ վիրավորանքի ու ցինիզմի չափաբաժնից, արժանանալու է շնորհակալության ու երախտագիտության։ Նվազագույնը՝ լուռ համաձայնության ու խոսուն ժպիտի։

Տնտեսագետներն իզուր են հաշվում Պուտինի հայտարարած 10 տոկոսը։ Որովհետև նույն հաջողությամբ Պուտինը կարող էր Հայաստանին շնորհավորել բուսակերների մակարդակի 17 տոկոսանոց աճի, կամ ինքնասիրության մակարդակի 12 տոկոսանոց նվազման առթիվ։

Պուտինը 10 տոկոսանոց աճի մասին հայտարարել է՝ շեղելու համար ուշադրությունն իր ավելի կարևոր հայտարարությունից, որի իմաստն այն է, որ Ադրբեջանը շատ փող, նավթ ու ոսկի ունի և Ռուսաստանից շարունակելու է գնել այնքան զենք, որքանի համար կարողանալու է վճարել։ Այդ հայտարարությունը, սակայն, ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի մասին էր։ Ու Հայաստանի մասին լինելով, անվճարունակ Հայաստանի ու վարկով զենքի համար վճարող, բայց զենք չստացող Հայաստանի մասին էր։ Ու այն մասին էր նաև, որ այդ զենքը չի էլ տրամադրվելու։ Որովհետև Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով։ Ու եթե Պուտինին հակադրվելու պաշտոնական լիազորություն ու սահմանադրական պարտականություն ունեցողները չեն հակադրվում, նշանակում է՝ համաձայնում են նաև Պուտինի այն թեզի հետ, որ ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսությանն առաջ է մղել այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ նշանակետին է հասնում Ադրբեջանի կողմից կրակող ռուսական «Սմերչի» արկը։

Համաձայնելով Պուտինի այդ թեզի հետ, համաձայնում են նաև, որ այդքանով աճած ՀՆԱ-ով Հայաստանը կարող է ոչ թե վարկով, այլ կանխիկով զենք գնել Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանին հիմա կանխիկ փող է պետք, շատ փող։ Որովհետև հայրենասիրական ճառերով ու կիսելյովյան քարոզչությամբ թոշակ ու աշխատավարձ վճարել չի լինում։ Չի լինում ապահովել անգամ դիմացող ու հասկացող ռուս ազգի սալն ու օղին, որը դիմանալու ու հասկանալու՝ պատմականորեն անհրաժեշտ նվազագույն պայմանն է ռուսների համար։

Ռուսաստանն այլևս բոլոր երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է փողի կամ վճարունակության սկզբունքի հիման վրա։ Արևմտյան վարկերով գոյատևող Հայաստանը վճարունակ չէ այնքան, որպեսզի ֆինանսապես սպասարկի հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Փոխարենը՝ վճարունակ են Հայաստանի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները։ Վճարունակ են այնքան, որ հավատում են Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոսանոց աճին։ Որովհետև վճարունակ են այն պատճառով, որ Հայաստանն իրականում չունի 10 տոկոսանոց աճ ու այդ աճը չունենալու գնով վճարում է Պուտինին՝ սեփական քարոզչական պրոյեկտներում գտնվելու համար։

Իսկ Պուտինին շնորհակալություն, այնուամենայնիվ, պետք է հայտնել։ Նա մի նախադասությամբ տվել է այն, ինչն այդքան անհրաժեշտ է հայ հասարակությանը՝ զբաղմունք ու տեսարաններ։ «Սասնա ծռերի» ալիքը կամաց-կամաց մարում է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս