«Ցավոք, կան դեպքեր, երբ ակնհայտ է որոշ անձանց կողմից լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դիտավորություն». Աշոտ Ահարոնյան
Հայաստանյան առաջատար մի շարք լրատվամիջոցներ օրերս հայտարարել էին օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «Հանուն խոսքի ազատության» հավաքի մասին: Բողոքի ակցիան նախաձեռնվել է՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Այսօր Ազատության հրապարակում ընթերցվեց հայտարարության տեքստը, որը բաց էր ստորագրելու համար:
Հայտարարության մեջ ասվում է.
«Թեև գործող իշխանությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարևորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու և տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետևողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ: Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով: Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին, ու մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, թեև ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 2 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որևէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլևս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը և մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականութունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական և տեսանելի քայլեր:
– Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
– Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար և հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
– Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եվ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր՝ ընդհուպ մինչև ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետևանքներ:
Նախաձեռնող խմբի անդամներն են՝ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը և 168.am առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գևորգյանը, «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը, «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը, A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը, «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Ակցիային ներկա էին և հայտարարությանը միացել էին բազմաթիվ պատգամավորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք: Ներկա էր նաև ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
«Ես՝ որպես Ոստիկանության ներկայացուցիչ, որպես լրատվական ծառայության ղեկավար, միանշանակ դատապարտում եմ ցանկացած հարձակում, բռնություն լրագրողի նկատմամբ»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նա հավաստիացրեց, որ Ոստիկանությունն այն շահագրգիռ կառույցներից է, որ հենց իրեն ձեռնտու չեն նման արարքներ, քանի որ հասարակական կարգի պահպանումը, իրավախախտումների բացահայտումը Ոստիկանության գործառույթն է, և եթե նման դեպքեր լինում են, չեն բացահայտվում, վտանգվում է տվյալ գերատեսչության հեղինակությունը:
Նա նշեց, որ արդեն 6 տարի է՝ ինքը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութան ղեկավար է և կարող է ասել, որ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու բռնությունները վերջին տարիներին, կարծես թե, միայն հավաքների ժամանակ են լինում:
«Ուզում եմ սա նշել, որովհետև, համենայնդեպս, ես այս պահին չեմ հիշում որևէ դեպք, որ լրագրողը բռնության ենթարկվեր իր հրապարակման, ազատ խոսքի, մտքի համար: Արտակարգ իրավիճակներում, երբ Ոստիկանությունը գործողություններ է անում, երբ կան չարտոնված հանրահավաքներ, այս հավանականությունը կա, որ լրագրողը կարող է վնասվածք ստանալ, դա ամբողջ աշխարհում է այդպես, և ձեզանից յուրաքանչյուրը գիտի, որ կա նման ռիսկ: Այլ հարց է, դա արվում է դիտավորությա՞մբ, թե՞ ոչ դիտավորությամբ: Ցավոք, նշեմ, որ կան դեպքեր, երբ ակնհայտ է որոշ անձանց կողմից լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դիտավորություն»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի՝ հունիսի 23-ին, «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ կար նման դիտավորություն, բարձրաձայնվեց, Հատուկ քննչական ծառայությունում քննություն սկսվեց. «Իհարկե, ձեզանից շատերը դժգոհ են, թե ինչու երկար տևեց, բայց կան ընթացակարգեր, որոնք որոշակի ժամանակահատված են պահանջում: Դուք ինքներդ տեղյակ եք, որ Ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Ես քիչ առաջ տեղեկացա, որ 2 անձ կա ձերբակալված այս պահին՝ Սարի թաղի դեպքերով. նրանք քաղաքացիական անձինք են»:
Անդրադառնալով Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանների՝ լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին՝ Ա. Ահարոնյանն ասաց, որ ինքը տեսանյութերում դեռ չի տեսել Ոստիկանության ծառայող քաղաքացիական անձի, որը բռնություն է կիրառում լրագրողի կամ քաղաքացիների նկատմամբ: Իսկ այն, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններ են լինում նման հավաքների ժամանակ, ըստ Ա. Ահարոնյանի, նորմալ երևույթ է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: