Մագիստրատուրայի ընդունելություն N սենյակում կամ առցանց
Երևանյան բուհերը, հատկապես տարվա այս շրջանում, ակտիվորեն մրցում են սեփական մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերը լայն հանրությանը ներկայացնելու համար։
Չնայած ակտիվ մրցակցությանը, ի տարբերություն արտերկրյա լավագույն բուհերի, որտեղ յուրաքանչյուր մագիստրոսական ծրագրի վերաբերյալ գրվում է մանրամասն հայտարարություն այն մասին, թե ինչ է սպասվում ապագա ուսանողին տվյալ ծրագրին դիմելու ընթացքում և դիմելուց հետո, Հայաստանյան բուհերի ճնշող մեծամասնությունը դեռևս չի որդեգրել նման քաղաքականություն, նույնիսկ ավելին՝ բուհերի կայքերում մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն դժվար կլինի հայթայթել։
ՀՀ բուհերի կայքերում, որոնման արդյունքում հիմնականում կարելի է հանդիպել միայն մագիստրատուրայի ընդունելության մասին ընդհանուր տեղեկատվության, այն էլ առանց յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ մանրամասների, որտեղ պարզապես նշվում է, որ դիմորդները որևէ ֆակուլտետում մագիստրատուրա ընդունվելու համար պետք է այցելեն տվյալ բուհի մագիստրատուրայի բաժին, թակեն N դուռը և ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը։
Ստացվում է, որ Վարդենիսից, Մեղրիից, կամ Նոյեմբերյանից մի ուսանող, ով որոշել է ընդունվել մագիստրատուրա, պետք է հավաքի իր փաստաթղթերը և գա Երևան։ Այսինքն, ի թիվս այլ թերությունների, այս պարագայում հաշվի չի առնվում Երևանից հեռու բնակվող ուսանողների հնարավորությունները:
Ընդունելության նման ընթացակարգն ընդունելի կլիներ 1958 թվականին, բայց ոչ հիմա։
Արտերկրյա բուհեր դիմած ՀՀ ոչ մի ուսանող երբեք չի մեկնում այդ համալսարան՝ փաստաթղթեր հանձնելու, այլ դիմում է առցանց։
Բազմաթիվ օտարերկրյա ուսանողների գոյությամբ ու նրանց համար ծրագրերի առկայությամբ պարծեցող հայկական բուհերը ցայսօր փաստաթղթեր ընդունում են N սենյակում, որտեղ մի քանի տիկին անընդմեջ սուրճ են խմում։
Փաստենք, որ Հայաստանի ամենահեղինակավոր բուհերը չունեն փաստաթղթերն ընդունելու առցանց համակարգ։
Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ արտերկրյա բուհերը, ճիշտ է, թեև ընդունում են դիմումներ առցանց համակարգով, բայց դա ոչ թե հենց բուհի մշակումն է, այլ այդ գործով զբաղվող ընկերության։ Օրինակ՝ Կենտրոնական եվրոպական համալսարանը, Յեյլի և Հարվարդի համալսարանները, Ֆուլբրայթ հեղինակավոր ծրագիրը, Ամստերդամի համալսարանը և բազմաթիվ այլ կրթօջախներ դիմորդներից հայտերն ընդունում են ոչ թե սեփական առցանց համակարգով, այլ օգտվում են Embark, CommonApp, գերմանական համալսարանները՝ UniAssist, Շվեդիայի համալսարանները՝ Universityadmissions համակարգերից։
Նման համակարգերի օգտագործումը զգալիորեն հեշտացնում է թե՛ դիմողի, թե՛ ընդունող կազմակերպության աշխատանքը։ Հայաստանում, կարծես, սեփական առցանց համակարգ մշակել է միայն Ամերիկյան համալսարանը, ինչը շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է։ Վերջերս նաև համացանցում ակտիվորեն տարածվում են Հայ-ռուսակաան համալսարանի մագիստրոսական ծրագրերը, որոնց նույնպես, այդ համալսարանի պատմության մեջ առաջին անգամ կարելի է դիմել առցանց։ Ի տարբերություն Ամերիկյան համալսարանի, Սլավոնական համալսարանն օգտվում է ԱՐՄԱԿԱԴ ընկերության մշակած լուծումներից, և դիմումներն ընդունում է ԱՐՄԱԿԱԴի կայքում ամեն հայտարարության համար առանձնացված բաժնում։ Հայ-ռուսական համալսարանի մագիստրոսական բոլոր ծրագրերին ծանոթանալու և դրանց առցանց դիմելու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։