Բաժիններ՝

«Բացասական քննադատությունից քունս տանում է». Արսեն Գրիգորյան

Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ զրույցն անցավ մեկ ակնթարթում: Վերջինս հարցազրույցի էր եկել իր հայտնի գանգուրները «սեղմելով» մազակալի տակ, սպիտակ շապիկով և «ճղած» ջինսերով:

– Այս ամառը տարօրինակ եղանակային փոփոխություններով աչքի ընկավ՝ մինչև հուլիս շատերս չէինք հավատում, որ արդեն ամառ է… Չգիտեինք լողազգեստի հետ արժե՞ գուլպաներ հագնել, թե՞ ոչ: Դուք կարողացա՞ք ճիշտ պահը գտնել և կազմակերպել Ձեր հանգիստը:

– Հանգստյան օրերին մի անգամ հաջողացրեցի և մեկնեցի Վրաստան: Այս ամառ ևս մեկ անգամ կմեկնեմ Վրաստան «Ջեմ ֆեսթի»՝ էլեկտրոնային երաժշտության փառատոնին ներկա գտնվելու: Այդքանով կավարտվեն իմ ամառային արձակուրդները, քանի որ նկարահանումներ շատ ունեմ: arsen grigoryan (2)

– Ինչո՞ւ ենք նախընտրում մեր գումարները վատնել Վրաստանում, Հունաստանում, Եգիպտոսում, անգամ Անթալիայում… բայց ոչ երբեք՝ Հայաստանում: Դե, իհարկե, եթե չկա այլընտրանք: Հաճախ պատճառաբանում ենք առկա բարձր գները, որոնք շատ անգամ չենք հասկանում, թե ինչի՞ դիմաց ենք վճարում:

– Անձամբ ես սիրում եմ շատ ճամփորդել և լինել նոր վայրերում: Ամբողջ աշխարհում ընդունված է հանգստանալ քո բնակավայրից դուրս: Հայաստանում ևս կան չքնաղ վայրեր, որտեղ ես պարբերաբար լինում եմ:

– Իսկ ո՞ւր կորավ «հայրենասիրությունը»: Գաղտնիք չէ, որ շատերն անգամ հասանելիք հանգիստն են կապում հայրենասիրության հետ:

– Կան բառեր, որոնց զորությունն ինձ ծանոթ է, բայց դրանց կիրառմանը ես չեմ դիմում՝ իմ վերաբերմունքը, սերն արտահայտելու համար իմ հայրենակցի կամ երկրի նկատմամբ:  arsen grigoryan (3)

– Ձեր ընկերներից շատերը բավական ակտիվ են մեր երկրում տեղի ունեցող ցանկացած քաղաքական իրադարձության նկատմամբ: Շատերը սահմանափակվում են սոցցանցերում գրառումներ կատարելով, ոմանք էլ՝ անմիջապես դեպքի վայրում են լինում, սակայն ամեն դեպքում նրանք չեն լռում և հայտնում են իրենց տեսակետը՝ որպես այս երկրի քաղաքացի: Սակայն Դուք բավականին զուսպ եք այդ հարցում, եթե չասենք, որ ուղղակի լռում եք:

– Առհասարակ անգամ ընկերական շրջապատում, երբ սկսում են խոսել քաղաքականությունից, դա ինձ համար ամենաձանձրալի և անհասկանալի իրականությունն է: Մի անգամ ընկերներով նստած էինք, ես մի քանի րոպեով դուրս եկա, իսկ երբ վերադարձա՝ տեսա, որ ընկերներիս մոտ իրարանցում է: Հարցրեցի. «Քաղաքականությունի՞ց եք խոսում»: Ասացին՝ այո: «Դե այդ դեպքում ես գնացի»,- կատակեցի ես: Քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքականության մասին խոսելու համար կան կոմպետենտ մարդիկ: arsen grigoryan (4)

– Որպես այս երկրի քաղաքացի՝ մենք չպե՞տք է ունենանք մեր դիրքորոշումը և արտահայտենք այն:

– Որպես այս երկրի քաղաքացի՝ ես զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Ամեն մեկս մեր անելիքը պետք է անենք: Ես չեմ կարող համացանցում կամ ընկերներիս մոտ խոսել որևէ թեմայի մասին միայն այն պատճառով, որ ակտուալ է խոսել այդ մասին, քանի որ բոլորն են խոսում այդ մասին: arsen grigoryan (5)

– Ուսանողական տարիներից Դուք մշտապես զբաղված եք՝ նկարահանումներ, բեմադրություններ, հեռուստատեսություն… Դուք այդքան պահանջված եք, քանի որ տաղանդավո՞ր եք, թե՞ պարզապես հաճախ եք գնում կոմպրոմիսների:

– Ես շփվող եմ և բաց եմ առաջարկների համար: Նաև ռիսկիս գործոնն է շատ մեծ: Ես սիրում եմ փորձել նորը: Դա է պատճառը, որ մասնակցում եմ պարային ներկայացումներում, երգում եմ, ժամանակին տեսահոլովակներ եմ նկարահանել…

– Ամեն տեղ լինելու ցանկությունը «կիսատ-պռատության»՝ շարունակ չհասցնելու զգացողություն չի՞ առաջացնում:

– Եթե ժամանակդ ճիշտ ես բաշխում՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Բացի այդ, եթե ես պարում եմ պրոֆեսիոնալ պարախմբի հետ, բնականաբար, առաջատար մենապարողի տեղը գրավելու կամ նրան հավասարվելու ամբիցիաներ չունեմ: Պարզապես փորձում եմ պարապ չթողնել այն ամենը, ինչ ինձ ի վերուստ տրված է: Եթե ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ հնարավորություններ ունեմ պարի ասպարեզում, ապա, բնականաբար, պետք է փորձեմ: Մտովի դա հասկանալ չեմ կարող: arsen grigoryan (7)

– Թատրոնում կամ հեռուստատեսությունում երկար մնալու համար որքանո՞վ է կարևոր ղեկավարության հետ փոխզիջումների գնալը:

– Կան բաներ, որոնք ես դիտարկում եմ՝ որպես աշխատանքային դիսցիպլինա: Եթե ես գնում եմ փոխզիջման, դա չի նշանակում, որ կորցնում եմ իմ եսը կամ իմ էությունն է փոխվում դրանից: Չեմ հասկանում «ազատ արվեստագետի» մոտեցումը, երբ նախընտրում են ամենաչնչին անհամաձայնության դեպքում դուռը շրխկացնել և գնալ: Աշխատանքի վայրում այդ մոտեցումն ինձ համար անհասկանալի է: arsen grigoryan (9)

– Դե միգուցե այդպես իրենց հերո՞ս են զգում:

– Արդյունքում տնօրենը մնում է տնօրեն, իսկ ինքն ուղղակի դռան մյուս կողմում է հայտնվում: Սա միայն արվեստին չի վերաբերում: Շատ անգամ մտածում ենք, որ, ինչ էլ լինի, պետք է ասել ճշմարտությունը, բայց արդյո՞ք այդ ճշմարտությունը միայն քոնը չէ, և ի՞նչ կլինի դրանից հետո: Շատ կարևոր է ասված խոսքի կամ արված քայլի պտուղը՝ արդյունքը: arsen grigoryan (8)

– Ո՞րն է ամենահաճախ կրկնվող քննադատությունը կամ պարզապես բացասական կարծիքը Ձեր մասին: Եվ ո՞րն է դրականը:

– Սա ևս տեսակի հարց է: Իմ ականջն ավելի շատ դրականի կողմն է հակված: Բացասական կարծիքը, որը հնչեց և գնաց, չի գալու իմ կյանքն ապրելու, իմ հոգսը կրելու կամ ինչ-որ կերպ ինձ օգնելու: Այնպես չէ, որ ես չեմ լսում բացասականը, բայց ես չեմ մնում դրա մեջ: Կան մարդիկ, որոնց համար բացասական կարծիքը խթան է՝ ապացուցելու, որ ինքը կարող է ավելին: Ես այդպիսին չեմ: Մեկ դրական խոսքն ինձ լիովին բավական է, որ առաջ գնամ:

– Իսկ բացասակա՞նը:

– Բացասական կարծիքից հետո քունս տանում է:

– «Կամիլբլոգ» հաղորդման շրջանակում բավականին սուր ծաղրի եք ենթարկում հայկական տեսահոլովակները: Քանի՞ ընկեր եք կորցրել հաղորդման պատճառով:

– Զարմանալի բան կասեմ, բայց մարդիկ, որոնց տեսահոլովակներին չենք անդրադարձել, հարցնում են, թե ինչո՞ւ իրենց մասին չեմ խոսում: Հաղորդումը սիրվեց, քանի որ այն միտված չէր որևէ մեկին վիրավորելու հաշվին հեղինակություն գրավել: «Կամիլբլոգի» հումորի դիտակետն այն էր, որ հրավիրեր բոլորին միասին ծիծաղելու, ոչ թե դիմացինին ցածրացնելու: arsen grigoryan (6)

– Կանայք շատ անգամ նշում են, որ մայր լինելը, երեխայի առկայությունն արդեն իսկ հիմք է մտածելու, որ ինչ-որ կարևոր բան իրենց կյանքում կատարվել է… Ինչպիսի՞ն է տղամարդու մոտեցումը ժամանակի, ընտանիք ստեղծելու, հայր դառնալու շուրջ:

– Բոլոր իմ ընկերները, որոնք արդեն ծնող են, խոսում են այդ զգացմունքի մասին: Քանի որ ես երեխա չունեմ՝ չեմ կարող խոսել այդ մասին: Չեմ կարող ասել, որ դա կապացուցի, որ ես ինչ-որ բանի հասել եմ կամ՝ ոչ: Բայց մտածում եմ այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի հայր լինելը: arsen grigoryan (10)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս