«Հայաստանի ֆիկտիվ ներմուծման կասկածելի գործարքների փաստեր չկան». ՀՀ ԿԲ-ն՝ ՌԴ ԿԲ-ի զգուշացումների մասին
Մոտ 1 ամիս առաջ ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացում էր տարածել՝ ուղղված ռուսաստանյան բանկերին՝ փորձելով նրանց ետ պահել Հայաստանից և Ղրղըզստանից ֆիկտիվ ներմուծման կասկածելի գործարքներից: «Հայաստանի և Ղրղըզստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջացրել է փողերի անօրինական դուրսբերման «բելառուսաղազախական սխեմայի» տարածման, ինչպես նաև՝ այս երկրներից դեպի Ռուսաստան ապրանքների ներմուծում ենթադրող գործարքների հետ կապված հնարավոր ռիսկեր»,- ասվել էր ՌԴ ԿԲ նախագահի տեղակալ Դմիտրի Սկոբելկին:
168.am-ը ՀՀ Կենտրոնական բանկից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ Կենտրոնական բանկի զգուշացումը Հայաստանից ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին, ի՞նչ կասկածելի գործարքների, անօրինական դուրսբերվող ի՞նչ ծավալի դրամական միջոցների մասին է խոսքը, ովքե՞ր կամ ո՞ր կազմակերպություններն են ներգրավված այդ գործընթացներում:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրել են, որ ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ռուսաստանյան բանկերին ուղղված զգուշացման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ իրականացված՝ հարկերից խուսափելու, «ստվերային» ներմուծումը ֆինանսավորելու կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացմանը նպաստելու որևէ հաստատված փաստի կամ արձանագրված դեպքի հղում չի կատարվում:
«Նշված զգուշացումը բացառապես կանխարգելիչ բնույթ ունի և վերաբերում է դիտարկվող ոլորտում տեսականորեն հնարավոր, բայց ոչ ամենևին՝ փաստացի դրսևորված ռիսկերին»,- հավաստիացրել են ԿԲ-ից՝ միաժամանակ, հրապարակման մեջ նշված երևույթների դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների մասով ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործուն համակարգ: Ըստ այդմ՝ հայաստանյան իրավասու պետական մարմինների կողմից ձեռնարկվում են օրենսդրությամբ և միջազգային պահանջներով սահմանված բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ լայնամասշտաբ գործակցություն Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների հետ համապատասխան տեղեկությունների փոխանակման մասով՝ հնարավոր կասկածելի գործարքները կամ գործարար հարաբերությունները ժամանակին հայտնաբերելու և կանխելու նպատակով: