«Եթե ռուսներն անմիջականորեն չմտնեն խաղի մեջ, հաշտության եզրեր կարելի է գտնել». Իգոր Մուրադյան
168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Իգոր Մուրադյանը
– Պարոն Մուրադյան, վերջին 10 օրերի երևանյան իրադարձությունները կարծես հանգուցալուծում դեռ չեն ստանում: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Նախ՝ կանգ առնենք Հայաստանի շուրջ և աշխարհում կատարվող իրադարձությունների վրա. մենք չենք նկատում, թե որքան արագ են միջազգային ասպարեզում զարգանում հարաբերությունները: Մենք շատ հիմար կերպով թերագնահատեցինք, ավելի ճշգրիտ՝ անտեսեցինք Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, և կարծում եմ, շատ դավաճանաբար չստորագրեցինք ՆԱՏՕ-ի ծրագիրը, որն անմիջականորեն վերաբերում էր մեզ: Բայց ՆԱՏՕ-ն մեզ չի մոռանում և Թուրքիային առաջարկում է բանաձև ընդունել Հայաստանի վրա չհարձակվելու մասին:
Ռուսաստանի համար դա աղետ է, նա հասկանում է, որ այդ որոշումն իր դեմ է, և ձգտելու է կա´մ թույլ չտալ, որը չի կարող, որովհետև Թուրքիան գնահատում է ՆԱՏՕ-ի կարծիքը և հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ում ընդունված որոշումներին, կա´մ ավելի շուտ Ռուսաստանը կցանկանա խմբագրել այդ որոշումը: Թուրքիան նույնպես հետաքրքրված չէ միակողմանի կերպով բանաձև ընդունել, որովհետև Հայաստանը չպետք է մասնակցի դրան: Հայաստանը Ռուսաստանի գաղութն է և անելու է այն, ինչ ասում է Ռուսաստանը, մենք ունենք տխուր օրինակներ Ցյուրիխում, և այլն:
Իսկ այս իրադարձությունները, որ մեզ մոտ զարգանում են, դրանք խոսում են այն մասին, որ իշխանությունը շփոթմունքի մեջ է: Կարելի էր շատ արագ և շատ հեշտորեն լուծել այդ խնդիրը:
– Ինչպե՞ս:
– Մարդիկ, որ առնչություն ունեն գնդապետի սպանությանը, պետք է պատասխանատվություն կրեն, բայց այնտեղ շատ տարբեր մարդիկ կան, բոլորովին հասկանալի չէ, թե ով է մեղավոր, ով՝ ոչ: Հարկավոր է հետաքննություն իրականացնել, և դա անել հանգիստ կերպով: Այն, ինչ տեղի ունեցավ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը դրանից շատ դժգոհ է, որովհետև ինչ էլ այստեղ կատարվի նրա կամքին հակառակ, դա նրա դեմ է: Այդ խումբը, որ գրավել է ՊՊԾ գունդը, նրանք, իհարկե, քաղաքականապես այնքան էլ պատրաստված չեն, բայց նրանք հանդես չեն եկել Ռուսաստանի դեմ, և դա փաստ է: Ռուսաստանը, կարծես թե, կարող էր գոհ լինել, բայց նա շատ անհանգստացած է, քանի որ, այսպես թե այնպես, սա շուռ է գալու իր դեմ: Եվ արդեն դա տեղի է ունեցել, որովհետև մոլորված, անկամք Հայաստանը կընդունի ցանկացած որոշում, կընդունի ամեն ինչ, որը որոշվի իր վերաբերյալ՝ իր մասնակցությամբ կամ առանց իրեն: Հայաստանին չեն համարում պետություն, չեն համարում ինքնիշխան երկիր:
Շատ ցավալի է, որ նրանք, ովքեր գտնվում են այդ տարածքում, հաշվի չեն առել այդ հանգամանքը, և շատ ափսոս: Ես շատ եմ ցավում: Առաջին օրը մենք խնդրեցինք, որ ինձ ուղարկեն այնտեղ: Եթե ես մուտք գործեի այդ տարածք, ես նրանց կբացատրեի, թե ինչ է նրանց պետք անել, որ մեր թշնամին Ռուսաստանն է, իսկ այստեղ իշխանության ղեկին գտնվողները մանր մարդիկ են, որոնք չունեն ո´չ կամքի ուժ, ո´չ էլ ընկալում, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւ կամ ո՞վ պետք է պայքարի նրանց դեմ, ինչի՞ համար են նրանք հարկավոր:
– Խոսվում է, որ իշխանությունները գրոհ են նախապատրաստում «Սասնա ծռերի» զինյալների դեմ: Բայց գրոհի դեպքում արյունահեղությունն անխուսափելի է: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունը կգնա՞ այդ քայլին:
– Շատ ցանկալի է, որ գրոհ չլինի, և ես կարծում եմ, որ չի լինի: Կարծում եմ՝ երկու կողմը հաշտության տարբերակ կգտնեն: Եթե ռուսներն անմիջականորեն չմտնեն խաղի մեջ և չսկսեն պնդել, ապա հաշտության եզրեր կարելի է գտնել: Հայաստանն այն իրավիճակում, ինչոր հիմա է, իսկ ներկայիս իրադրությունը մեծապես կախված է ապստամբներից, այսպիսի Հայաստան անգամ Ռուսաստանին պետք չէ, ընդհանրապես ոչ մեկն պետք չէ: Այդ պատճառով ռուսները կփորձեն փոխել իրերի առկա դասավորությունը:
– Այսինքն՝ այս իրադրությունը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:
– Իհա՛րկե, ինչի՞ մասին է խոսքը: Այնտեղ հսկայական քանակի այրվող և պայթուցիկ նյութեր կան, դա աղետ կլինի, եթե դրանք պայթեն: Ինչի՞ մասին է խոսքը: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով խուսափել դրանից, քանի դեռ կա հնարավորություն:
– Ռուսական կողմից հայտարարություններ եղան, որ այս իրադարձությունների ետևում ՆԱՏՕ-ն է կանգնած:
– Ռուսները, իհարկե, ՆԱՏՕ-ին պետք է մեղադրեն, էլ ուրիշ ո՞ւմ մասին կարող են խոսել: Նրանք այնպիսի ստահակներ են, ինչպիսին երևանյան ստահակները, որոնք ասում են, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անհեթեթություն է, ոչ մի կարևոր բան տեղի չի ունեցել այնտեղ:
– ՊՊԾ գնդի գրավման հետ կապված արտաքին որևէ ուժի ազդեցություն տեսնո՞ւմ եք:
– Այսինքն՝ նկատի ունեք, որ եթե ՆԱՏՕ-ն չի, ապա՝ ո՞վ: Դա տեղին հարց չէ, պետք է հարցնել՝ եթե ոչ՝ Ռուսաստանը, ապա՝ ո՞վ: Իսկ ուրիշ ոչ մեկը չկա: Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչում, ոչ միայն այս դեպքում, մեղավոր են ռուս խոզերը:
– Պարոն Մուրադյան, իսկ ժողովրդի մասնակցությունն այս օրերին արդյոք բավարա՞ր է որևէ արդյունքի հասնելու, իրադրություն փոխելու համար:
– Ես դժվարանում եմ պատասխանել նման հարցի: Հավաքվել են բավականին տարօրինակ մարդիկ, որոնք չեն արտացոլում անգամ երևանյան հասարակությունը: Հավաքվել են անհանգստացած երիտասարդներ, որոնք հավաքվում են ցանկացած դեպքում և ցանկացած վայրում, բայց դա հեղափոխական զանգված չէ: Նրանք պետք է շարունակեն պնդել, որ գրոհ չլինի, դա ճիշտ են անում, իսկ թե որքան կկարողանան կառավարությանը ետ պահել գրոհից, ես չգիտեմ:
– Եթե բանակցություններ սկսվեն, ինչի՞ շուրջ պետք է բանակցեն:
– Այլևս ոչ մի բան չկա, որի շուրջ բանակցեն, բանակցային նյութ չկա:
– Այդ դեպքում ի՞նչ է սպասվում:
– Մի միտք ծագեց, որ չգիտեմ, թե ինչքանով կիրականացվի. իշխանությունն առաջարկել էր, որ, եթե մարդիկ հանձնվեն, ապա նրանք չեն ենթարկվի քրեական պատասխանատվության:
– Բայց արդյոք դա հնարավո՞ր է:
– Պետք է կանգ առնել դրա վրա և շարունակել դա պնդել: Դա շատ ողջամիտ գաղափար է: Իսկ ուրիշ էլ ի՞նչ կարելի է առաջարկել: Ոչինչ հնարավոր չէ առաջարկել: