Էրդողանն անազնիվ է որակել Եվրամիության դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անազնիվ է անվանել ԵՄ դիրքորոշումը, որը քննադատում է Թուրքիային արտակարգ դրություն սահմանելու համար, ինչպես նաև սպառնում կասեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները Անկարայի կողմից մահապատժի վերականգնման դեպքում:
«Մենք արդեն 53 տարի կանգնած ենք ԵՄ-ի դռների առաջ և չեղյալ էինք հայտարարել մահապատիժը: Բայց ի՞նչն է փոխվել: Ցանկացած ժողովրդավարական պետությունում որոշումները կայացվում են քաղաքացիների կողմից:
Իսկ ի՞նչ է ասում հիմա ժողովուրդը: Նա մահապատիժ է պահանջում: Եթե հեղաշրջման փորձը հաջողություն ունենար, ապա հազարավոր մարդիկ կսպանվեին: Մի՞թե հնարավոր է անհաղորդ մնալ: Հասարակության դիրքորոշումը միանշանակ է, չի կարելի հաշվի չնստել դրա հետ: Անձամբ ես ԵՄ-ի դիրքորոշումը անազնիվ եմ համարում»,- հայտարարել է Էրդողանը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա Թուրքիայում հեղաշրջման փորձն անվանել է իր քաղաքական կարիերայի ամենաճգնաժամային շրջանն ու հավելել, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը կախված է այն բանից, թե ինչպես երկրում կզարգանա իրավիճակը:
«Եթե այն կարգավորվի, ապա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտություն չի լինի: Օրինակ` Ֆրանսիայում չի եղել հեղաշրջման ոչ մի փորձ: Եղել է ահաբեկչություն: Ընդ որում` մասշտաբները, Թուրքիայի հետ կատարվածի համեմատ, անհամեմատելի են: Մինչ այդ, Ֆրանսիայում արտակարգ ռեժիմը գործում է արդեն 9 ամիս»,- նկատել է Էրդողանը: