Բաժիններ՝

 «Լարվածություն մի ստեղծեք, այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում». Հունան Պողոսյանի հորդորը ցուցարարներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Հյուսիսային պողոտայում: Այստեղ ժամանեց նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրային քննարկման մասնակիցները քիչ առաջ որոշել էին շարժվել դեպի Էրեբունի վարչական շրջան, ուր տեղակայված է զինված խմբավորման կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը, սակայն Հյուսիսային պողոտայում ոստիկանները պատ էին կազմել, ինչի արդյունքում բախումներ սկսվեցին ցուցարարների և ոստիկանների միջև:

Հունան Պողոսյանն ասաց, որ ինքը պատրաստ է բոլոր հարցերին պատասխանել, ու հորդորեց՝ Էրեբունի չգնալ:

«Ձեր ընկերներին ոչ մեկը չի ուտում, բան չեն անում: Լարվածություն մի՛ ստեղծեք, ես ձեզ ասում եմ՝ այս պահի դրությամբ բանակցություններ են ընթանում, այնտեղ պատանդ են առնված Ոստիկանության անդամներ: Այնտեղ իրավիճակը նորմալ է, բնականոն բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում՝ ոստիկաններ են ազատ արձակվել: Ներսում գտնվող մարդկանց նկատմամբ ոչ մի միջոցառում չի նախատեսվում իրականացնել: Կրքեր եք բորբոքում ձեր գործողություններով»,- հայտարարեց Հ. Պողոսյանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ցուցարարների՝ այսօրվա ձերբակալությունների դեպքերի հետ կապված վրդովմունքին՝ Հ. Պողոսյանն ասաց, որ, եթե ոստիկանները մեղավոր են, ապա ինքը և Ոստիկանության պետը կպատժեն նրանց:
Ցուցարարները խնդրեցին երաշխավորել, որ Ազատության հրապարակում ոստիկանները թույլ կտան խաղաղ ցույց իրականացնել: Հունան Պողոսյանն ասաց, որ երաշխավորում է: Այժմ փոխոստիկանապետը, ցուցարարների հետ միասին, քայլում է դեպի Ազատության հրապարակ:

Մանրամասները՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս