Որտե՞ղ է Գարեգին Չուգասզյանը. բաժանորդն անհասանելի է
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Գարեգին Չուգասզյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սէֆիլյանից նամակ էր ստացել, որով վերջինս իրենց նախաձեռնած շարժումը ղեկավարելու պարտականությունը վստահել էր Չուքասզյանին: Նամակում ասված էր.
«… Տարիներ շարունակ միասին ենք նախագծել և իրականացրել հայկական պետականության վերակերտման ծրագրերն ու նախաձեռնությունները: Քո խորը և բազմակողմանի գիտելիքները, լայն մտահորիզոնը և թիմային աշխատանքի կարողությունը դարձան այն քարշակը, առանց որի չէինք հասնելու այսօրվա հանգրվանին: Տարիների համատեղ պայքարի բովում մենք վերածվեցինք անբաժանելի և փոխլրացնող մի ներդաշնակ զույգի, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին և քեզ:
Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը:
Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին:
Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ:
Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը:
Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի: Ժիրայր Սէֆիլյան, Վարդաշեն ՔԿՀ, 12 հուլիսի 2016թ.»:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտյան «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը, գերի են վերցրել բարձրաստիճան և շարքային ոստիկանների: Ըստ ԱԱԾ տվյալների՝ մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորվելեն: Դեպի գումարտակ մոտեցող և առհասարակ Էրեբունի Վարչական շրջան տանող ճանապարհները փակ են և հսկողության տակ են ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գարեգին Չուգասզյանը, սակայն վաղ առավոտից տեսադաշտում չէ, ինչպես նաև ձերբակալվածների կամ գումարտակը գրավողների ցանկում չէ: Նրա գործընկերները ևս չգիտեն՝ որտեղ է նա գտնվում, այն դեպքում, երբ Սէֆիլյանը նրան էր վստահել շարժման կոորդինացումը:
168.am-ի թղթակիցները բազմաթիվ անգամներ փորձել են կապվել նրա հեռախոսահամարներով, սակայն ապարդյուն՝ «Բաժանորդն անհասանելի է»: