«Այնքան երազանքներ կային… իսկ հիմա ի՞նչ է մնացել` այս մի պահարանը, իր այդ հողոտ, կավոտ բատինկաները…»
«Ես` հաղթանակի սերունդս, երդվում եմ` անվերապահորեն նվիրվել իմ հայրենիքին, նորանոր հաղթանակներ բերել նրան, իսկ հարկ եղած դեպքում` պատրաստ եմ կյանքս տալ հանուն իմ հաղթանակած հայրենիքի պայծառ գալիքի». սրանք Արցախում ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը զոհված Աշոտ Զոհրաբյանի խոսքերն են, որոնք գրել է տարիներ առաջ` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու տարիներին։
1991թ. ծնված Աշոտը ծառայում էր Մարտունիում։ Նրա եղբայրը ևս զինվորական է. ծառայում է խաղաղապահ զորքերում։ Աշոտի ընտանիքն ապրում է Արարատի մարզի Այնթապ համայնքում։ Աշոտի մայրը` տիկին Անահիտը, ասում է, որ միշտ սպասում է որդուն. «Չեմ հավատում, որ նա չկա. իմ սրտում և՛ ցավ կա, և՛ կարոտ, դատարկության կողքին` անսահման հպարտություն։ Ինձ համար ինքը միշտ կենդանի է, իր դիրքերում»,- ասում է տիկին Անահիտը։
«Պատասխանատու էր իր զինվորի կյանքի համար»
«Փոքրուց շատ կարգապահ է եղել, կոկիկ։ Դպրոցում առաջին դասարանի ուսուցչուհին զարմանում էր, ասում` այնքան կոկիկ էր։ Իր բոլոր տետրերն ուսուցչուհու մոտ էին։ Մի անգամ ասաց` մա՛մ, ընկեր Թարվերդյանն իմ բոլոր տետրերը վերցնում է։ Ուսուցչուհուն հարցրի, թե ինչու է վերցնում, ասաց, որ վերցնում է` որպես խնամքով գրված և լավագույն շարադրությունների տետրեր։ Շատ լավ ստեղծագործում էր։ Շավ լավ նկարում էր։ Սիրում էր նկարել»,- որդու մասին պատմելով` ասում է նրա մայրը` տիկին Անահիտը։
Տիկին Անահիտի խոսքով` որդին բարձր առաջադիմությամբ ավարտել է դպրոցը, որոշել է զինվորական դառնալ ու ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ.
«Քեռին էլ էր զինվորական։ Որոշեց գնալ նրա հետքերով։ Փոքր հասակից իր մեջ հայրենասիրություն կար։ Դեռ փոքր էր` 1994թ., երբ քեռին Աշոտին իր հետ տարավ Ղարաբաղ` սահման։ Ասում էի` ախր փոքր է, ո՞ւր ես տանում, ասում էր` թող պնդանա, թող ճանաչի։ Իր գործից երբեք չէր բողոքում։ Պատվով էր կրում իր զինվորական համազգեստը, այնքան հպարտ էր։ Աշոտին` որպես մարդու, որպես լավ տղայի, այդպես եմ ճանաչել, բայց արդեն իր մահից հետո իմացանք, թե ինչպիսին էր նա` որպես սպա։ Իր մահից հետո արդեն իր բոլոր զինվորները գալիս էին, գնում իրենց հրամանատարի գերեզմանին։ Շատ բաներ իրենցից ենք իմացել։
Իր զինվորներից Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր` վերջին երկու տուփ սիգարետդ ինձ տվեցիր, ծնունդիս սպորտային համազգեստդ նվիրեցիր… Երևի թե ամենամեծ մխիթարանքը դա էր ինձ համար այդ պահին, որ իր զինվորներն իրեն այդքան լավ էին հիշում։ Մեղրիից մի զինծառայող եկավ, պատմում էր, թե Աշոտն ինչպիսի սպա էր, որ իրենց հետ ընկերոջ նման էր, շատ խիստ էր, բայց երբեք իր ուսադիրները չէր շահագործում։ Այնքան երազանքներ ուներ, որ անկատար մնացին։ Նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ։ Հունիսի 9-ին իրենց ծանոթության օրն էր։ Ծանոթացել էին, նախորդ տարի հունիսի 9-ին նշանվեցին, այս տարի հունիսի 9-ին որոշել էր հարսանիք անել։ Արդեն պիտի տեղափոխվեր Ղարաբաղից։ Ասում էր` կապիտանի կոչում կստանամ ու կտեղափոխվեմ»։
Տիկին Անահիտի խոսքով` որդին ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան ռազմական գործողություններին։ «Ապրիլի 1-ին զանգեց, հարցրեց` ձեզ մոտ վիճակն ինչպե՞ս է։ Եղբայրն էլ է զինվորական, ասաց` նորմալ։ Ասաց` Մարտունիում դպրոց են ռմբակոծել, երեխաներ են վիրավորվել, դիրքեր եմ բարձրանում։ Ապրիլի 5-ին պիտի դիրքեր բարձրանար։ Զանգում էր, ասում էի` զանգի՛ր, գոնե ձայնդ լսենք»,- ասում է տիկին Անահիտը` նշելով, որ որդու դասակից այդ օրերին ոչ մի զոհ չի եղել։
«Ապրիլի 5-ին, երբ հրադադար եղավ, մի փոքր ուրախացանք։ Բայց ապրիլի 7-ին եղբորը տարան Թալիշ։ Եղբոր համար էր անհանգստանում, որովհետև Թալիշում վտանգն ավելի շատ էր, քան Մարտունիում»,- ասում է տիկին Անահիտը` նշելով, որ Աշոտը ռազմական գործողություններից իրենց ոչինչ չի պատմել։ «Երբ զանգում էի, ասում էր` ամեն ինչ լավ է, նորմալ։ Ասում էի` ինչպե՞ս է նորմալ, հեռուստացույցով ասում ենգ Ասում էր` լուրեր քի՛չ լսիր, քի՛չ հավատա։ Երբ արձակուրդ էլ էր գալիս, իր զինվորական կյանքից ընդհանրապես չէր պատմում։ Ասում էր` ամեն ինչ նորմալ է։ Չեմ տեսել, որ երբևէ բողոքի, որևէ բան ասի։ Սիրում էր իր գործը, պատվով էր անում»։
Տիկին Անահիտն ասում է` զինվորները շատ էին սիրում Աշոտին, գնահատում նրան։ «Զինվորներից մեկը պատմում էր, որ մի վտանգավոր տեղ կա, այնտեղից ջուր ենք բերում։ Ասում էր` Աշոտը ոչ մեկին չէր ուղարկում, անձամբ էր գնում։ Շատ պատասխանատու էր իր զինվորի կյանքի համար։ Զինվորները սիրում էին իրեն, գնահատում»,- ասում է տիկին Անահիտը` նշելով` թող բոլոր սպաներն իր որդու նման լինեն, գնահատեն իրենց զինվորին, սիրեն ու նրանց հետ վերաբերվեն` որպես հավասարը հավասարի։
Դեռ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սովորելու տարիներին Աշոտը շարադրություն է գրել` այն վերնագրելով` «Մենք հաղթանակի սերունդներն ենք»։ Շարադրության մեջ գրել էր. «Մենք պատրաստ ենք պայքարելու ու հաղթանակելու, չէ՞ որ մենք հաղթանակի սերունդներն ենք»։ Շարարությունն Աշոտը եզրափակել էր հետևյալ տողերով. «Ես բացեցի մի նոր էջ ու այնտեղ ջինջ ու լուսավոր տառերով գրեցի` «Ես` հաղթանակի սերունդս, երդվում եմ` անվերապահորեն նվիրվել իմ հայրենիքին, նորանոր հաղթանակներ բերել նրան, իսկ հարկ եղած դեպքում պատրաստ եմ կյանքս տալ հանուն իմ հաղթանակած հայրենիքի պայծառ գալիքի»»։
«Ինձ համար նա միշտ կենդանի է»
Տիկին Անահիտի խոսքով` ապրիլի 28-ին Աշոտի հետ եղբայրն էր խոսել։ «Ապրիլի 28-ին եղբայրն իջել էր Թալիշից։ Անհանգիստ էր, միշտ զանգում էր։ Աշոտը եղբոր համար ավելի շատ էր վախենում, քան իր»,- ասում է Աշոտի մայրը` նշելով, որ ապրիլի 29-ին որդու հետ չեն խոսել. զանգել են, սակայն նա անհասանելի է եղել։ «Ապրիլի 30-ի առավոտյան ասացի` չզանգեց։ Գիշերը ժամը 12-ին էլ, 1-ին էլ լիներ, զանգում էր։ Չզանգեցգ»,- ասում է տիկին Անահիտը։ Նա պատմում է, որ դիտակետի դիմաց խոտ է եղել, Աշոտը բարձրացել է, որ մաքրի այն. «Զինվոր չի ուղարկել։ Դիպուկահարը խփել է»։
Տիկին Անահիտի խոսքով` ապրիլի 1-ին որդին դիրքերում է եղել. «Մի ամիս չի իջել դիրքերից։ Մի անգամ զանգեցի, հարցրի` ո՞նց եք։ Ասաց` Ռոբինզոնն ենք դարձել, ո՛չ լողանում ենք, ո՛չ էլգ Ռոբինզոնի կյանք ենք վարում»։
Տիկին Անահիտի խոսքով` Աշոտի եղբայրը ևս զինվորական է. ծառայում է խաղաղապահ զորքերում։ «Երբ բանակից եկավ ու որոշեց գնալ` որպես խաղաղապահ, բոլորն ասում էին` տնից մեկն արդեն զինվորական է, մյուսին ո՞ւր եք ուղարկում։ Ասում էի` ճակատագիր է, ճակատին ինչ գրված եղավ, լինելու է, փորձանքը տան մեջ էլ է գալիս։ Աշոտի համար այնքան վստահ էի։ Չէի հավատումգ Հիմա էլ չեմ հավատում, որ ինքը չկա։ Ինձ համար նա միշտ կենդանի է։ Ես գիտեմ` ինքն իր դիրքում է»,- ասում է Աշոտի մայրը։
«Երևի ապրիլի վերջին զոհն էր։ Թող իրենով էլ ամեն ինչ ավարտվի։ Թող գոնե այս «խաղաղությունը» պահպանվի։ Թող մեր զինվորները ծառայեն, գան, որ չվախենան ծառայելուց, ահուսարսափով չգնան»,- ասում է տիկին Անահիտը։
Նաև հիշում է, թե ինչպես էր Աշոտը պատրաստվում կապիտանի կոչում ստանալուն։ «Արդեն պիտի տեղափոխվեր, կապիտանի կոչում ստանար։ Բոլոր հիմքերը դրել էր, պիտի վաշտի հրամանատար դառնար։ Բոլորը հիմքերը կային` զինվորական գործում առաջ գնալու։ Ընտանիք կկազմեր։ Այնքան երազանքներ կային… Իսկ հիմա ի՞նչ է մնացել` այս մի պահարանը, իր այդ հողոտ, կավոտ բատինկաները։ Ի՞նչ է ինձ մնացել` մի պահարան հուշեր, նկարներ ու իր զինվորների հուշերը, որ իրեն լավ են հիշում…»,- եզրափակում է տիկին Անահիտը։