«Սերժ Սարգսյանի հարցազրույցում կարևոր շեշտադրումներ եղան». արաբագետ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցին:

«Արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ ներկայանալու արաբական աշխարհին ու խոսելու մեր խնդիրների մասին:

Այս առումով կարևոր շեշտադրումներ եղան, որոնք փորձեմ ներկայացնել ստորև.

Հարցազրույցի ընթացքում շոշափվեց ղարաբաղյան հակամարտության թեման, որտեղ ՀՀ նախագահը նշեց, որ ԼՂՀ բնակչությունը ինքը պետք է որոշի` ինչպիսի կարգավիճակ պետք է ունենա, և Հայաստանի համար չափազանց կարևոր է Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը, որը վտանգված է Ադրբեջանի կողմից:

Ըստ էության, Ադրբեջանը արաբ լսարանին իրավացիորեն ներկայացվեց որպես վտանգ ներկայացնող երկիր, որը, գտնվելով Կովկասյան տարածաշրջանում, իր վարքագծով կարող է ազդել (և ազդում է) նաև հարևան տարածաշրջանների կայունության վրա:
Հարցազրույցի ընթացքում խոսվեց նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան կատարած այցելության և նրա կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ բռնությունները ցեղասպանություն որակելու մասին:

«Ալ-Մայադինի» լրագրողի կողմից Հայոց ցեղասպանության մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը կարևոր էր, չնայած որ Հռոմի Պապի Հայաստան այցելությունն ու ցեղասպանություն եզրույթի կիրառումը բավական ակտիվ լուսաբանվեց արաբական լրատվամիջոցներում:

Չափազանց կարևոր էր հարցազրույցի ընթացքում սիրիական խնդրին անդրադարձը, որտեղ ՀՀ նախագահը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանը մշտապես կապեր է ունեցել և կշարունակի համագործակցել Սիրիայի ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ հետ: ՀՀ նախագահը խոսեց նաև Սիրիայի հայ համայնքի ու երկրում ստեղծված իրավիճակի հետևանքով գլուխ բարձրացրած սպառնալիքի՝ իսլամական ծայրահեղականության մասին: Սպառնալիք, որն իրոք մտահոգում է բոլորին, հատկապես արաբական երկրներին:

Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահն անդրադարձավ այն իրողությանը, որ ցեղասպանության հետևանքով մազապուրծ եղած բազմաթիվ հայեր ապաստան գտան արաբական երկրներում, որտեղ նրանց հետագայում ապրելու և արարելու հնարավորություն տրվեց: Այդ համատեքստում կարևոր էր հայկական համայնքների մասին խոսելը, քանզի նրանց են ճանաչում արաբական երկրներում և նրանք են նաև կապող օղակը ՀՀ-արաբական աշխարհ հարաբերություններում:

Պաղեստինյան հիմնախնդիրը, որի մասին շոշափվեց հարցազրույցի ընթացքում, թերևս ամենաընկալելի խնդիրն է արաբական, ընդհանրապես մուսուլմանական աշխարհում, և ՀՀ նախագահի կողմից պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի բարձրաձայնումը չի կարող անտարբեր թողնել մուսուլմանական հանրությանը»:

Տեսանյութեր

Լրահոս