«Որևէ մեկն ինձնից երբեք մի թթու խոսք չի լսել թուրք ժողովրդի մասին». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արաբական «Al Mayadeen» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցի մասին հարցին, նշել է, որ Պապի այցը կրոնական էր ու միջպետական.

«Ինչպես հայտնի է՝ Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, Հռոմի պապը նաև պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Գիտեք՝ ինքնին փաստը, որ Պապն այս տարի այցելեց Հայաստան, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի: Բայց էությունն ու բովանդակությունն են չափազանց արժևորում Պապի այցելությունը: Ինչպես հայտնի է՝ նա իր ճանապարհորդությունը, իր այցն անվանեց՝ «ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր»: Սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին՝ տնտեսական առումով, իհա՛րկե, նաև քաղաքական առումով: Ես Սրբազան քահանայապետին ասացի. «Ձերդ սրբություն, մենք արդեն 1715 տարի է՝ ինքներս գիտենք, որ աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած պետությունն ենք, բայց Ձեր այցով ու Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն իմացավ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք»: Պապի այցը չափազանց կարևոր էր նաև այն առումով, որ Պապի ուղերձներն ուղերձներ էին խաղաղության, միջկրոնական համերաշխության և հանդարտության: Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրներն այդ ուղերձները պետք է ընդունեն ու նաև պատրաստ լինեն իրականացնելու:

Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանը՝ լինելով ոչ այնքան ընդարձակ՝ աշխարհագրական առումով, այնուհանդերձ էական ազդեցություն ունի ավելի մեծ մեր տարածաշրջանի վրա, և այն կոնֆլիկտներն ու հակամարտությունները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ի վիճակի են մեծանալու, ահագնանալու և սպառնալիք դառնալու Եվրոպայի անվտանգության համար, Ռուսաստանի անվտանգության համար, իհա՛րկե, նաև՝ դեպի Արևելք: Եվ այն ջանքերը, որ գործադրում են ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն՝ ի դեմս Ֆրանսիայի, շատ կարևոր ջանքեր են, ու Պապն իր այցով, իր ուղերձներով համալրում է այս ջանքերը: Պապի այցը Հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն, հանդուրժողականություն քարոզող այց էր»:

Պատասխանելով Պապի այցի և նրա արտաբերած՝ «ցեղասպանություն» բառի հետ կապված՝ թուրքական իշխանությունների արձագանքի մասին հարցին, ՀՀ նախագահը նկատեց՝ ոչ միայն Պապի գնահատականներին են թուրքական իշխանավորներն այդպես ջղային արձագանքում, այլև բոլոր այն երկրների գործողություններին, որոնք ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը. «Այստեղ մեզ համար զարմանալի ոչինչ չկա:

Կարդացեք նաև

Շատերը տարակուսանք են հայտնում, թե ինչու անպայման Պապը շեշտեց այդ հանգամանքը, արտաբերեց «ցեղասպանություն» բառը, բայց եթե քաղաքական գործիչը կամ հոգևոր գործիչը կամ ընդհանրապես մարդն ունի համոզմունք, ունի իր պատկերացումներն իրերի և իրադարձությունների վերաբերյալ, ապա ինչո՞ւ ինչ-որ դեպքերում նա պետք է դրանք պահի, չպետք է դրանք ասի, առավել ևս, որ անցած տարի Վատիկանում տեղի ունեցած պատարագից ընդամենը շաբաթներ անց որոշ մարդիկ սկսեցին շահարկել՝ իբր թե Պապը փոխել է իր վերաբերմունքը ու այլևս «ցեղասպանություն» բառը չի արտաբերի:

Ես կարծում եմ, որ Պապն այն մարդկանց թվին չի պատկանում, ովքեր ջղային արձագանքների ներքո կամ էլ ինչ-որ ճնշումների պարագայում կարող են փոխել իրենց համոզմունքը: Պապը դեռևս հոգևոր առաջնորդ էր Արգենտինայում, երբ բազմաթիվ անգամ «ցեղասպանություն» է ասել, երբ նա տասնամյակներ շարունակ շփվել է այն մարդկանց հետ, ովքեր մազապուրծ են եղել Ցեղասպանությունից կամ հանդիսանում են նրանց զավակները:

Կարծում եմ՝ գալու է ժամանակ, երբ որ թուրքերը շատ հանգիստ են արձագանքելու այս փաստին. ես նկատի ունեմ՝ Թուրքիայի իշխանությունները: Եթե մի քիչ ետ նայելու լինենք, կտեսնենք, որ 5, 7, 10 տարի առաջ բոլորովին այլ կերպ էին արձագանքները, հիմա՝ բոլորովին այլ: Տասը տարի առաջ որևէ մեկը չէր պատկերացնում, որ Ստամբուլում կամ Անկարայում ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության տարելիցի օրը, թուրքերը կարող են դուրս գալ փողոց և համերաշխություն հայտնել հայերի հետ: Ասածս հետևյալն է՝ գալու է ժամանակ, որ Թուրքիան, իհարկե, ճանաչելու է Ցեղասպանության փաստը: Ես առիթ ունեցա գերմանական լրատվամիջոցներին ասել, որ Բունդեստագի ընդունած բանաձևը շատ ազդեցիկ է: Գերմանիան, փաստորեն, թուրքերին ասաց, որ պետք է անեն այնպես, ինչպես արել է ինքը, և դրանից չեն տուժի: Գերմանացիները, ճանաչելով Հոլոքոստը, չեն տուժել բնավ: Նրանք շատ սթափ նայել են իրենց պատմությանը, առերեսվել են իրենց պատմության հետ ու հաղթող դուրս եկել: Նրանց վրա իրենց պատմությունը ճնշում չի գործադրում: Իսկ հիմա թուրքերն իրենց պատմության ճնշման տակ են:

Բոլոր ժողովուրդներն էլ գնահատում են իրենց պատմությունը, բայց հայտնի է, որ պատմության ընթացքում լինում են առաջնորդներ, իշխանություններ, որոնք ժողովրդին տանում են սխալ ճանապարհով:

Հիմա թուրքերն ասում են՝ թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործելու: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրագործել, մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք այն ժամանակվա իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Եվ հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք նրանց ենք մեղադրում, ովքեր ժխտում են. մենք ժխտողականությունն ենք դատապարտում: Եվ որևէ մեկն ինձնից մի թթու խոսք երբեք չի լսել թուրք ժողովրդի մասին»:

Պատրաստեց՝ ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս