Բաժիններ՝

«Հայաստանը այլընտրանք չունի, քան կենսաթոշակային բարեփոխումներ կատարելը»

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի համոզմամբ՝ Հայաստանը այլընտրանք չունի, քան կենսաթոշակային բարեփոխումներ կատարելը:

«Մենք պետք է դա անենք եւ որքան շուտ, այդքան լավ, քանի որ այսպես ավելի քիչ բեռ կթողնենք մեր երեխաների ուսերին: 20 տարի հետո նրանք ի վիճակի չեն լինելու վճարել մեր կենսաթոշակների համար, այսինքն՝ դա կլինի սոցիալական բեռ թե՛ ընտանիքի, թե՛ պետության համար: Մենք պետք է պատասխանու լինենք մեր ապագայի համար: Իհարկե, վստահության պակաս կա, թե ում ենք տալու այդ գումարները, 40 տարի հետո ինչ է լինելու դրանց հետ, սակայն այլընտրանք չունենք, քանի որ մեր ժողովրդագրությունը այլընտրանքի հնարավորություն չի թողնում»,- նշեց նա:

Անդրադառնալով այլ երկրների կողմից ծնելիության ցուցանիշների բարելավմանն ուղղված մեթոդների կիրառմանը՝ նա առանձնացրեց Սկանդինավյան երկրների փորձը:

«Ինչու հաջողվեց ծնելիության ցուցանիշը վերջին 25 տարվա 1.4%-ից բարձրացնել 1.9%, միանշանակ ընտանեկան եւ մասնագիտական ոլորտների համադրման շնորհիվ: Այսինքն՝ ստեղծեցին մի իրավիճակ, երբ երեխա ունենալը բարեկեցության տեսանկյունից ընտանիքի համար որպես ռիսկ չի դիտարկվում: Հավասար պայմաններ կանանց համար, ծննդաբերությունից հետո վերադարձ աշխատանքի շուկա, աջակցություն նրանց մասնագիտական աճին, և, վերջապես, հայրական արձակուրդ, որը օրենսդրորեն գոյություն ունի, սակայն իմ տվյալներով Հայաստանում շատ քիչ տղամարդիկ են օգտվել դրանից»,- ասաց Գարիկ Հայրապետյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում հնարավոր է կրճատել նաեւ վիժման տարեկան 4.5 հազար դեպքերը, ինչը նույնպես մեծապես կնպաստի ծնելիության ցուցանիշի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս