Մասնագետը հորդորում է չարևահարվել թաց մաշկով
ՀՀ ԱՆ մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ամռանը մաշկային վտանգները կարող են լինել ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ արտաքին ազդեցության: Քանի որ մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, այդ պատճառով էլ այն մեծ խնդիրներ է ունենում՝ արտաքին աշխարհի հետ շփվելով: Անգամ ներքին հիվանդությունների մեծ մասի առաջացման պատճառը կարող է լինել հենց մաշկը: Մաշկի համար ամենամեծ վտանգը արևն է: Վերջինի միջոցով մարդիկ կարող են երկրորդից երրորդ աստիճանի այվածքներ ստանալ:
«Ուղղակի պետք է կարողանալ «ընկերություն» անել արևի հետ, հատկապես այս շրջանում: Մարդիկ իրենց հանգիստը անցկացնում են լողափերում: Այստեղ հիմնական վտանգներից մեկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: Պետք է եռակի ուժեղացնել հիգիենայի կանոնները: Մաշկի համար տարբեր բաներ են՝ հաճելի կերպով արևահարվել և կարմրել արևի տակ պառկելով: Մաշկի կարմրության ցանկացած աստիճան արդեն այրվածքային գործընթաց է: Արևահարվելուց հարկավոր է իմանալ երբ և ինչպես դա անել: Արևահարվելու նպաստավոր ժամանակահատված կարող է լինել առավոտյան մինչև ժամը 12 -ը կամ երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում: Այդ ժամանակ արևի ճառագայթներն ընկնում են անկյան տակ: Պետք է խուսափել այն ժամանակահատվածից, երբ արևի ճառագայթները ուղիղ են ընկնում. դա կեսօրից հետո է լինում, մոտավորապես 12-16-ը»,- ասաց նա:
Նա նաև հորդորեց չարևահարվել թաց մաշկով, այլ հարկավոր է ջրից դուրս գալուց չորացնել մաշկը: Հովհաննիսյանի խոսքով՝ ամռան մյուս վտանգներից է նաև բնության գրկում միջատների հետ «շփումը»: Նա խորհուրդ տվեց կրել գլխարկներ, զգույշ լինել և պաշտպանվել բնության հետ «շփվելիս»: