Ծիրանը՝ որպես կառավարման չափանիշ

Անցնող շաբաթը տգեղ անակնկալներ էր պատրաստել մեր գյուղատնտեսության համար: Տեղատարափ անձրևը միայն Արթիկի հարակից գյուղերին չէ, որ պատուհասեց: Մինչդեռ ամեն ինչ անամպ էր ու խոստումնալից: Նույնիսկ ՌԴ նախագահն էր խոսել Հայաստանից իր երկիր արտահանվող պտուղ-բանջարեղենի ծավալի աճի մասին:

Մեր գյուղատնտեսության ղեկավարները չհասցրեցին թմբկահարել ու բոլորիս ականջներին հասցնել այդ բարի լուրը:

Հունիսի 21-24-ը Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության հանձնաժողովը: Այն նպատակ ուներ ուսումնասիրելու պտուղ-բանջարեղենի արտադրության և պահպանության պայմանները մեր երկրում և այդ մթերքի արտահանման սերտիֆիկացման գործընթացը:

Ռուսաստանում իսկապես նկատել էին թուրքական համապատասխան մթերքների դեմ արգելքից հետո իրենց ներքին շուկայում հայկական արտահանման ծավալների աճը: Իսկապես վերջին տարիներին դժվար է հիշել նման մեկ այլ օրինակ, երբ մեր տնտեսությունն այդքան արագ արձագանքում է իր արտահանման համար ստեղծված դրական իրավիճակին: Հիշենք թեկուզ վրացական օրինակը:

Նույն Ռուսաստանը վրացական գինիների ու հանքային ջրերի մուտքն իր երկիր արգելել էր 2006-ից: 2005թ. պաշտոնական տվյալներով՝ ՌԴ արտահանվել էր 60 մլն շիշ վրացական արտադրության գինի (ամբողջ արտադրության 70 տոկոսը): Արգելքը գործեց համարյա ինը տարի: Այդ ընթացքում մենք չկարողացանք նկատելիորեն ավելացնել մեր գինիների արտահանումը: Իսկ թուրքական գյուղմթերքի ներմուծման արգելքի օրենքը, կես տարի է, գործում է: Բայց մեր պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աճն արդեն նկատելի է:

«168 Ժամն» անդրադարձել է լոլիկի արտահանման ծավալների աննախադեպ աճի ցուցանիշին, որին հաջորդեց ՀՀ գյուղնախարարության պատասխանը: Ենթադրվում է, որ աճի գործընթացը շարունակական է լինելու: Օրինակ. կանխատեսում կա, որ միայն այս տարվա ընթացքում մոտ 60 հա-ով ավելանալու է ջերմոցային տնտեսությունների տարածքը: Ու հանկարծ այս դրական գործընթացների ֆոնին փակվեց արտահանման հիմնական ճանապարհը: Տեղացած հորդ անձրևների պատճառով հունիսի 23-ից չի գործում Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը: Թերեք գետը վարարել ու քշել-տարել է ճանապարհի նկատելի հատված: Նկատեք՝ ծիրանի արտահանման ճիշտ բարձրակետի պահին: Ռուս-վրացական սահմանից եկող լուրերն ամենահրատապն ու ամենակարևորն էին այս շաբաթ:

Վրաստանի սահմանին կուտակված բեռնատարներն արագ ուղղություն վերցրեցին դեպի նավահանգստային Փոթի և Բաթումի քաղաքներ: Նորից, ինչպես Լարսի անցակետի «ֆորս մաժորային» բոլոր իրավիճակներում այլընտրանք, դարձան ռուսական Նովոռոսիյսկ ուղևորվող լաստանավերը: Հայտարարվեց, որ հունիսի 24-ին Բաթումիից մեկնած 100 տեղանոց լաստանավի վրա 55 հայկական բեռնատար է եղել: ՀՀ Գյուղնախարարությունն էլ տեղափոխող ընկերություններին կոչ արեց օգտվել այդ ուժից, որը 300 կմ-ով կրճատում է ճանապարհը (հավանաբար, մինչև Մոսկվա ճանապարհը նկատի ունեին): Որքանով էր պատեհ այս խորհուրդը, դժվար է գնահատել: Ճիշտ այնպես, ինչպես մեր Գյուղնախարարության բոլոր մյուս խորհուրդները, որ բոլորս sms-ի տեսքով ստանում ենք ցրտահարության ու կարկտահարության վտանգի դեպքում:

Մամուլում հրապարակված տեղեկության համաձայն՝ մեկ բեռնատարի տեղափոխման արժեքը հազար ԱՄՆ դոլար է: Դժվար թե որևէ գործարար հազար դոլար ծախսի բեռնափոխադրման ճանապարհն ընդամենը 300 կմ-ով կրճատելու համար: Գյուղնախարարությունում հավանաբար փորձել էին որևէ դրական բան գտնել ստեղծված իրավիճակում ասելու համար: Հայաստանի խոշոր բեռնափոխադրող կազմակերպություններից «Սպայկա» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ բեռնատարները ՌԴ տեղափոխելու համար երեք լաստանավ է վարձակալել Փոթի-Նովոռոսիյսկ փոխադրումների համար:

Հունիսի 28-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, Արթիկի տարածաշրջանի սելավի հետևանքների վերացման խնդիրներից զատ, խոսվել է նաև Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերանորոգման աշխատանքների մասին: Այն, որ այս ճանապարհի վերագործարկման մասին ոչինչ ստույգ չէ, կարելի է պարզել վրացական մամուլի հրապարակումներից: Վրաստանի Երկրաբանության ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ ճանապարհի վերականգնումը կտևի մոտ մեկուկես ամիս:

Մյուս տեղեկություններում ամենանվազագույնը նշվում է երկու շաբաթվա մասին: Իսկ դա համընկնում է ծիրանի բերքի հասունացման շրջանի հետ: Հետևաբար՝ Արարատյան դաշտավայրի ու հարակից շրջանների գյուղացիների առաջին խնդիրը ծիրանի իրացումն է: Վերամշակող գործարանների հետ հույսեր կապողներ չկան, որովհետև գյուղացիներին դեռ չի վճարվել անցած տարի մթերված խաղողի արժեքը: Գյուղացիների հետ իր վերջին հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացավ, որ մթերողները պարտքը կմարեն մինչև օգոստոս: Մինչ այդ հունվար, փետրվար, մարտ ու ապրիլ ամիսներն էին վերջնաժամկետ հայտարարված: Հետևաբար՝ գյուղացիների հույսը մնում են արտահանողները:

Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումից սկսած՝ Լարսը մնում է մեր ներմուծման ու արտահանման հիմնական խոչընդոտը: Ոչ մի կերպ չի հաջողվում լուծել ճանապարհների դիվերսիֆիկացիայի խնդիրը: Հավանաբար գնի պատճառով արտահանողները չեն փորձում սեփական լաստանավ ձեռք բերել ու լաստանավային փոխադրումներին անդրադառնում են միայն արտակարգ իրավիճակներում: Իսկ դրանք տարեցտարի ավելի հաճախակի են դառնում: Բայց միևնույն է, ոչ պետությունը, ոչ մասնավոր արտահանողներն արտահանման ուղիների դիվերսիֆիկացիայի ծրագիր չեն առաջարկում՝ ամեն անգամ փորձելով հերթական ելքը գտնել հերթական ու արտակարգ իրավիճակում: Մինչդեռ հիմա տնտեսվարողներն ու կառավարիչները միաբերան խոսում են դրա անհրաժեշտության մասին:

Բայց այս անգամ էլ Լարսի ճանապարհի վերաբացումից հետո կրկին կմոռանանք այլընտրանքային ուղի գտնելու անհրաժեշտության մասին: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում:

Տեսանյութեր

Լրահոս