Ինչու է լոլիկի արտահանումը կտրուկ աճել. Գյուղանախարարության պարզաբանումը՝ «168 Ժամի» հրապարակման առնչությամբ
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային և ջերմոցային տնտեսության վիճակի և զարգացման ընթացքի մասին
«168 Ժամ» պարբերականի ս.թ. հունիսի 28-ի համարում տեղ գտած լոլիկի արտադրության և արտահանմանն առնչվող հրապարակման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
Ջերմատների և ջերմոցների (փակ գրունտի) հիմնական խնդիրներն են` բանջարեղենի և ծաղիկների արտադրության սեզոնայնության մեղմելը (երբ բաց գրունտում դրանց արտադրությունը հնարավոր չէ), հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը և բաց գրունտի մշակության համար սածիլների աճեցման ապահովումը:
Oպերատիվ տվյալների համաձայն՝ 2011 թվականին հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն և ջերմոց, որից նորագույն տեխնոլոգիաներով 1.9 հա՝ ՀՀ Կոտայքի մարզում։ 2016 թվականի հունիսի 28-ի դրությամբ ջերմատների և ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 1220․8 հա, որից ապակեպատ՝ 310 հա, թաղանթապատ՝ 910 հա: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 101 հա, այդ թվում` 59.4 հա Կոտայքի, 2.2 հա՝ ՀՀ Արմավիրի և 39․4 հա՝ ՀՀ Արարատի մարզերում:
Ջերմատներում աճեցվում են լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, ամսաբողկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ, ծաղիկներ և այլն:
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքներն ըստ օպերատիվ տվյալների, կազմում են շուրջ 475 հա, որից սովորական տեխնոլոգիաներով՝ 434 հա, մեկ քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամ, իսկ շուրջ 41 հա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 40-50 կիլոգրամի սահմաններում։ Ջերմատներում տարեկան արտադրվում է 97000 – 100000 տոննա լոլիկ։
Նոր կառուցված բոլոր ջերմատները հիմնականում հագեցած են եվրոպական երկրների արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով և բույսի աճեցման տեխնոլոգիական բոլոր շրջափուլերը (ջեռուցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն) և այլ գործընթացները կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի անհրաժեշտությունը: Բացի այդ, արտադրության կարևոր փուլերն իրականացվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների վերահսկողության ներքո: Վերը նշված բոլոր միջոցառումների արդյունքում զգալիորեն ավելանում է բերքատվությունը, նվազում արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև ապահովվում է բարձրակարգ ապրանքային տեսքով և որակով արտադրանք:
Հատկապես վերջին տարիներին տնտեսավարողների մոտ լուրջ շահագրգռվածություն է նկատվում ջերմատնային տնտեսությունների կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ըստ նախնական կանխատեսումների, այս տարի շահագործման կհանձնվեն շուրջ 50 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ։
Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում նախորդ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ, վարունգ, ամսաբողկ, ելակ և տարբեր տեսակի ծաղիկներ։ Կտրուկ ավելացել են դրանց արտահանման ծավալները:
Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016 թվականին՝ օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին