«Գուցե ՌԴ-ն առաջարկել է Ադրբեջանին մտնել ԵՏՄ, որպեսզի իր տնտեսական սահմանները դնի Իրանի առաջ, ու Ադրբեջանն էլ Արցախն է պահանջել». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօրվա քնարկման ժամանակ, դիմելով ռուս փորձագետներին, որոնք պնդում էին, թե Թուրքիան է հրահրել ապրիլյան պատերազմը, իսկ Ռուսաստանը միայն խաղաղություն է ցանկանում հաստատել, ասաց. «Դուք ասում եք, որ Թուրքիան տարածաշրջանում պատերազմ է բերում, իսկ ՌԴ-ն՝ խաղաղություն: Ցավալի է գիտակցել, որ ՌԴ-ն այդ փաստը գիտակցեց միայն այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը: Կներեք, բայց ես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակումը Արցախի հանրապետության վրա, իհարկե, Ռուսաստանի թույլտվությամբ չի եղել, բայց Կրեմլի լուռ համաձայնությունն ակնհայտ է: Ասում եք, որ Թուրքիան հրահրել է Ադրբեջանին՝ նմանատիպ գործողությունների, ես համաձայն եմ, որ Թուրքիան վերջին տարիներին փորձել է իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում, ինչը նա արել է հենց կոնֆիլկտային իրավիճակներ ստեղծելով: Բայց երաշխիք տալ, որ այդ հարձակումը հաջողությամբ կավարտվի, Թուրքիան չէր կարող: Բոլորին հասկանալի է, որ եթե դա լիներ միայն Թուրքիայի կողմից հրահրված, այդ դեպքում մեծ ռիսկ կար, որ տարածաշրջանում կբախվեն Թուրքիայի ու ՌԴ-ի հետարքրությունները ու Թուրքիան պարտություն կկրեր»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա քաղաքագետի խոսքով՝ նրանց դիրքորոշումն այս հարցում միանշանակ է. «Նրանք խաղաղություն կկնքեն նույնիսկ սատանայի հետ միայն այն դեպքում, երբ Ղարաբաղն ամբողջությամբ մտնի Ադրբեջանի կազմի մեջ: Ի՞նչ է փոխվել տարածաշրջանում, որ Ադրբեջանը որոշեց իրեն թույլ տալ պատերազմ սկսել Հայաստանի ու Արցախի դեմ: Տարածաշրջանային անկայունությունը թույլ տվեց ենթադրել, թե սա Ադրբեջանի համար անհետևանք կմնա, եթե անգամ նրանք չհաղթեն պատերազմում, ապա լուրջ քննադատության չեն արժանանա: Տարածաշրջանում ապակայունացումը մեծ մարտահրավեր է ՌԴ-ին, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, կռվում է Ուկրաինայում և Սիրիայում, ու երրորդ ֆրոնտը այստեղ ՌԴ-ին ձեռնտու չէր: ՌԴ-ի համար նաև մեծ մարտահրավեր է նաև այն, որ Իրանը դուրս է եկել պատժամիջոցների տակից ու իր ազդեցությունն է մեծացնում տարածաշրջանում, իսկ Ադրբեջանը դառնում է տարանցիկ ուղի իրանական ապրանքաշրջանառության համար»:
Այս ամբողջը ներկայացնելուց հետո քաղաքագետը եկեվ հետևյալ եզրակացությանը. «Գուցե ՌԴ-ն առաջարկել է Ադրբեջանին մտնել ԵՏՄ, որպեսզի իր տնտեսական սահմանները դնի Իրանի առաջ: Իհարկե, Ադրբեջանը դրա փոխարեն ընդամենը մեկ բան է խնդրում, ինչը միշտ էլ եղել է, ու եղել է ՌԴ-ի լուռ համաձայնությունը: Կան իրադարձություններ, որոնք չպետք է շտապեցնել՝ կապված հենց ինտեգրացիոն գործընթացների հետ, որովհետև Ադրբեջանին կարելի է տեսնել ԵՏՄ կազմում, որը Հայաստանի շահերից չի բխում»:
Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը (Մոսկվա) հակադարձեց՝ ՌԴ-ն լուռ համաձայնություն չի տվել, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ. «Դա էրդողանի թեզն է՝ մի պարզ նպատակով՝ ՌԴ-ին ներքաշել տարածաշրջանային ևս մեկ կոնֆլիկտի մեջ: Դուք ասում եք, որ Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա հարձակում է Հայաստանի վրա, բայց դրանք ընդհանրապես նույնը չեն: Էրդողանը շատ կուզենար, որ կոնֆիլկտը խորանա, Արցախյան շփման գծից անցնի հայ-ադրբեջանական սահմանին, որովհետև այդ դեպքում ՀԱՊԿ պայմանագրի համաձայն ՌԴ-ն ստիպված կլիներ ռազմական ուժով խառնվել ու Ադրբեջանի տարածքով մուտք կգործեր Թուրքիան: Եվ ահա այստեղ ուղիղ բախում կլիներ»:
Այնուհետև ձայնի տոնայնությունը բարձրացնելով՝ ռուս փորձագետը շարունակեց. «Չգիտեմ, թե դուք որտեղից եք դա վերցրել, բայց Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմ չի վարում, և երբեք չի էլ վարել: Դա հենց այն հակառուսական պրոպագանդան է, որը տարվում է տարբեր շրջանակներում: Դրանով արդարացնում են այն պատժամիջոցային քաղաքականությունը, որով Արևմուտքը փորձում է մեկուսացնել ՌԴ-ին: Չի ստացվում, հասկանում եք, չի ստացվում, որովհետև այսօր Եվրոպայում ու Արևմուտքում խոսում են դա դադարեցնելու մասին, նրանք տեսնում են, որ դա ոչնչի չի հանգեցնում: Լուրջ աշխարհաքաղաքական պայքար է գնում, պայքար ապագայի համար: Եվ երբ Ռուսաստանն ասում է՝ եկեք խաղաղություն հաստատենք, մի կողմից ոչ ոք դեմ լինել չի կարող, բոլորը կողմ են, բայց Արևմուտքը չի ուզում վերահսկողությունը կորցնել»: