«ԳԱԱ-ի լավ կամ վատ հեռանկարը կախված է ոչ թե նախագահի տարիքից, այլ` այն գաղափարներից և ծրագրերից, որոնք նա կարող է կյանքի կոչել»

Հունիսի 27-29-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվելու են նախագահի, փոխնախագահի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ։ Ընտրությունն իրականացնելու է Ընդհանուր ժողովը, որն ակադեմիայի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է։ Առաջադրումները լինելու են ժողովի ընթացքում։ Այս շրջանում ամենաքննարկվող հարցը մեկն է՝ ո՞վ կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը։
Այս և այլ հարցեր պարզելու համար զրուցեցինք կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ։

– Պարոն Զաքարյան, ո՞ւմ եք համարում ԳԱԱ նախագահի հավանական թեկնածու. թեև կարծիքներ կան, որ Ռադիկ Մարտիրոսյանը նորից կմնա նախագահի պաշտոնում, բայց արդյո՞ք ժամանակը չէ, որ համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մի գիտնական ղեկավարի այդ հաստատությունը։

– Ակադեմիայի մասին օրենքում սահմանված է (հոդված 18), որ նույն անձը չի կարող ընտրվել Ակադեմիայի նախագահ ավելի քան երկու անգամ անընդմեջ։ Հետևաբար, եթե չկան օրենքի այլ մեկնաբանություններ, ապա գործող նախագահը չի կարող մասնակցել այս ընտրություններին։ Նույն օրենքը նաև սահմանում է, որ Ակադեմիայի նախագահ և նախագահության անդամներ ընտրվում են ակադեմիկոսների և թղթակից անդամների թվից։ Վերջիններիս միջին տարիքը մոտ է 70-ին, հետևաբար՝ Ակադեմիայի նախագահի, նախագահության և բաժանմունքների լուրջ երիտասարդացում չի լինի։ Մյուս կողմից՝ տարիքը երկրորդական է։

Ակադեմիայի նախագահը, առաջին հերթին, պետք է լինի գործող, ակտիվ, փայլուն գիտնական, գիտնական, ում աշխատանքները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Նման գիտնականներ մենք ունենք։ Այլ հարց է, թե նրանցից քանիսը կհամաձայնեն գլխավորել Ակադեմիան։

Կարդացեք նաև

– Բայց նույն այդ փաստաթուղթն ընդունվել է 2011 թվականին։ Մինչ այդ՝ ոլորտը կարգավորվում էր «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով, որից «առանձնացվեց» Ակադեմիային վերաբերող հատվածը և դրա հիման վրա ընդունվեց նոր օրենք։ Եվ այժմ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի վերընտրվելու հնարավորությունների հարցում ելման կետ է ընտրվել վերջին օրենքը։ Համակարգում էլ շատերը համոզված են՝ Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է կառավարության աջակցությունը, և նրա վերընտրությունը շուտով իրականություն կդառնա։

– Այո, օրենքի նման մեկնաբանության դեպքում կրկին առաջադրվելը դառնում է հնարավոր։ Կլինի՞ նման բան, թե՞ ոչ՝ շուտով կպարզվի։ Կառավարության աջակցությունը որոշիչ հանգամանք չէ, քանի որ ընտրողները 100-ից ավելի ակադեմիկոսները և թղթակից անդամներն են, որոնց վրա, կարծում եմ, մեծ ազդեցություն չի ունենա կառավարության այս կամ այն թեկնածուին աջակցելու փաստը։ Որոշիչը պետք է լինի թեկնածուի ծրագիրը, որով Ակադեմիան կենթարկվի համակարգային փոփոխությունների։ Եթե ես ընտրելու իրավունք ունենայի, ապա ինձ համար լավագույն թեկնածուն կլիներ նա, ով հանդես կգար ծրագրային փոփոխություններով։ Ոչ թե եղածը պետք է ամեն գնով պահպանել, այլ պետք է փոփոխել։

– Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 80 տարեկան մարդուն ԳԱԱ նախագահ պահելը կնշանակի՝ ԳԱԱ-ն դատապարտել «քոսոտ» լինելու հեռանկարին («քոսոտ» բառը հենց Ռադիկ Մարտիրոսյանինն է.- Ռ.Մ.)։ Դուք էլ նշեցիք, որ երիտասարդացում չի լինի։ Ի՞նչ է սպասվում ԳԱԱ-ին։

– Իմ խումբը համատեղ գիտական ծրագիր է իրականացնում գերմանացի պրոֆեսոր Վալտեր Դոերֆլերի հետ, ով 83 տարեկան է, սակայն այդ տարիքում շարունակում է մնալ հիանալի գիտնական և գիտական աշխատանքի կազմակերպիչ։ Այդ տարիքում էլ է հնարավոր շատ լավ աշխատել։ Ակադեմիայի լավ կամ վատ հեռանկարը կախված է ոչ թե՝ նախագահի տարիքից, այլ՝ այն գաղափարներից և ծրագրերից, որոնք նա կարող է կյանքի կոչել՝ ունենալով Ակադեմիայի մասին օրենքով և կանոնադրությամբ սահմանված լիազորությունները։ Իսկ դրանք բավականին մեծ են։

– Երբ Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով Հայաստանի՝ սպառազինություն արտադրելու հնարավորությունների մասին, հայտարարել էր, թե միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ, ինչո՞ւ մեր գիտնականները չհամախմբվեցին ու չբոյկոտեցին նման հայտարարության դեմ։ Ի վերջո, ՀՀ ԳԱԱ նախագահը քոսոտ է անվանում այն երկիրը, որտեղ նա ապրում է, որտեղ նա հսկայական կառույց է ղեկավարում։

– Հասարակական ակտիվության տեսանկյունից՝ գիտնականները պասիվ մարդիկ են, հետևաբար՝ զարմանալի չէ, որ արձագանքներ չեն եղել։ Այս պատմության մեջ ամենավատը ոչ թե ձեր նշած արտահայտությունն էր, այլ այն, որ մեր հանրության մոտ Ակադեմիան և գիտությունն ավելի շատ ասոցիացվում են նման դեպքերի հետ, քան գիտական ձեռքբերումների։ Տպավորություն է ստեղծվում, որ Ակադեմիայում ոչ մի գիտություն էլ չի արվում։ Այս հարցում Ակադեմիան լուրջ անելիք ունի՝ հանրայնացնել գիտական նվաճումները, բարձրացնել սեփական հեղինակությունը։

– Ի՞նչ փոփոխությունների կարիք ունի ԳԱԱ-ն, որ գործող նախագահի օրոք այդպես էլ չի լինում. արդյոք նախագահի փոփոխությամբ կլուծվե՞ն բաց մնացած հարցերը, թե՞ պետական մակարդակով համապատասխան քայլեր են հարկավոր։

– Ակադեմիային անհրաժեշտ են լուրջ և համակարգային փոփոխություններ։ Կարծում եմ՝ այդ մասին նաև գիտակցում են գործող իշխանությունները, քանի որ վերջիններս անընդհատ բարձրացնում են բարեփոխումների հարցն Ակադեմիայի տարեկան ժողովների ժամանակ։ Սակայն դժվար է ասել, թե ինչո՞ւ բարեփոխումները խոսքերից չեն վերածվում իրական քայլերի։

Ընդհանրապես Ակադեմիան, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կառավարման մարմինը, բավական կոնսերվատիվ կառույց է, հետևաբար՝ ցանկացած բարեփոխում իր կողմից ընկալվելու է՝ որպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վտանգների աղբյուր։ Հենց նման կարծրատիպը պետք է փոխել։ Պետք է լինել բաց փոփոխությունների համար։ Պետք է հստակ գիտակցել, որ, եթե չլինեն փոփոխություններ, ապա վաղ թե ուշ առաջանալու է լուրջ անջրպետ Ակադեմիայի կազմում գործող ինստիտուտների և կառավարման մարմինների միջև, քանի որ ինստիտուտները շարունակելու են ինտեգրվել միջազգային գիտության մեջ, կիրառելու են միջազգային փորձը, իսկ կառավարման մարմինները մնալու են հին մոդելի մեջ, որը գալիս է դեռևս խորհրդային ժամանակներից։

Մյուս կողմից՝ պետությունը վերջին 25 տարիների ընթացքում երբեք հստակ չի ձևակերպել իր ակնկալիքներն Ակադեմիայից։ Ճգնաժամը, որի մեջ գտնվում է Ակադեմիան և ամբողջ գիտությունը, պայմանավորված է ոչ այնքան՝ ֆինանսների, որքան՝ գիտության հանդեպ պետական քաղաքականության բացակայությամբ, որի արդյունքն է նաև թերֆինանսավորումը։

Ժամանակն է հստակ որոշել, թե Հայաստանի տնտեսության զարգացման համար գիտության ո՞ր ոլորտներն են առանցքային, ինչպիսի՞ նոր ուղղություններ են մեզ պետք, և ո՞ր ուղղություններն են այլևս ոչ ակտուալ։

Ֆինանսավորման ծավալների մեծացմանը զուգահեռ՝ պետք է փոխել ֆինանսավորման մեխանիզմները։ Ամբողջ աշխարհում գիտնականը ֆինանսավորվում է մրցակցային հիմունքներով՝ դրամաշնորհների միջոցով։ Եթե դուք վատ եք աշխատում, ձեր արդյունքները բավարար մակարդակի չեն, և չեք տպագրվում միջազգային հեղինակավոր ամսագրերում, ուրեմն՝ պետությունից նորից դրամաշնորհ ստանալու հավանականությունը շատ ցածր է։ Դրամաշնորհ կստանա ավելի արդյունավետ գիտնականը։ Իսկ ինչպե՞ս է մեզ մոտ։

Բացի պետության կողմից տրամադրվող դրամաշնորհներից, կա նաև բազային ֆինանսավորումը։ Դա այն բազային աշխատավարձերն են, որոնք ստանում են բոլոր գիտաշխատողները՝ անկախ արած կամ չարած գիտական աշխատանքից։ Ֆինանսավորման նման համակարգի դեպքում և՛ աշխատող, և՛ վատ աշխատող, և՛ ընդհանրապես չաշխատող գիտնականները վարձատրվում են նույն կերպ։ Կորչում է մրցակցության իմաստը, կորչում է ավելի արդյունավետ աշխատելու նպատակը։

– Գիտության վիճակը Հայաստանում ինչպե՞ս կգնահատեք, մենք գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու շանսեր կարծես թե ունենք, սակայն այդ ուղղությամբ քայլեր գրեթե չեն արվում։

– 1988թ. Հայաստանն ուներ շուրջ 21000 գիտաշխատող, այսօր՝ 5000։ Եթե 1990թ. Հայաստանի գիտության վրա պետությունը ծախսում էր ՀՆԱ-ի 2.54%-ը, ապա հիմա այդ թիվը 0.26% է։ Թվային արժեքներով գիտության ֆինանսավորումը նվազել է շուրջ 20 անգամ։ Պարզ է, որ նման անկումը սոսկալի ազդեցություն է թողել և թողնում մեր գիտության վրա։ Մենք այսօր չունենք միջազգային մակարդակով մրցունակ գիտություն։ Թե՛ գիտական աշխատանքների որակով, թե՛ ենթակառուցվածքներով, թե՛ կառավարման մոդելով, թե՛ հոդվածների քանակով մենք շատ հետ ենք նույնիսկ մեզ նման փոքր և սահմանափակ ռեսուրսներ ունեցող այնպիսի երկրներից, ինչպես, օրինակ, Էստոնիան։ Աֆրիկյան շատ երկրներ՝ Տանզանիան, Ուգանդան, Գանան, գիտական հոդվածների և դրանց վրա արվող ցիտումների քանակով շատ ավելի բարձր դիրքերում են, քան Հայաստանը։ Սա է մեր գիտության վիճակը։

Գիտելիքահենք տնտեսության մեջ գիտելիքը հզոր գործիք է, որով ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, արտադրական միջոցներ, նոր ապրանքներ և ծառայություններ։ Նման հզոր գործիք ունենալու համար պետք է նախ՝ ստեղծել մրցունակ կրթություն և գիտություն։ Իսկ դրա համար էլ անհրաժեշտ է ունենալ պետական քաղաքականություն, որի մասին ես արդեն նշել եմ։ Օրինակ, ի՞նչ արեց Չինաստանը։ Վերջին 20 տարվա ընթացքում իրականացնում է մի քանի պետական ծրագրեր, որոնց շնորհիվ հայրենիք են վերադառնում արտասահմանում սովորած և հաջողությունների հասած չինացի գիտնականները։ Այդ գիտնականները դարձան Չինաստանի համալսարանական կրթության ու գիտության լոկոմոտիվը։ Եթե 20 տարի առաջ Չինաստանը տպագրված հոդվածների քանակով աշխարհում ընդամենը 9-րդ էր, այսօր արդեն երկրորդն է՝ զիջելով ԱՄՆ-ին։ Եթե 20 տարի առաջ Չինաստանում չկար ոչ մի գիտատեխնոլոգիական պարկ, ապա այսօր գրեթե ամեն համալսարան ունի սեփական պարկը, որտեղ իրականացվում են ամենաժամանակակից հետազոտությունները։ Սա մի օրինակն է, թե ինչպես պետական քաղաքականությունը կարող է փոխել երկրի պատկերը։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ պետությունը գրեթե չի ֆինանսավորում գիտնականներին։

– Պաշտոնական մեկնաբանությունը մեկն է՝ չկա բավարար գումար։ Բայց բավարար գումար չկա ամբողջ աշխարհում։ Եթե մենք նպատակ ունենք զարգացնել Հայաստանը, եթե ցանկանում ենք կառուցել մրցունակ երկիր, ապա պետք է ցանկացած ազատ լումա ներդնենք գիտության մեջ։ Երբ մեր պաշտոնյաների մոտ դոմինանտ դառնա այն միտքը, որ գիտության մեջ ցանկացած ներդրում ներդրում է մեր ապագայի, մեր զարգացման, մեր ապահովության, մեր անվտանգության մեջ, ապա անհրաժեշտ գումարները կգտնվեն։

Տեսանյութեր

Լրահոս