Հեղինակավոր WSJ-ի անդրադարձը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին
The Wall Street Journal-ը, անդրադառնալով Հռոմի պապի եռօրյա այցին Հայաստան, գրում է, որ նա այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը փաստացի կարող է սրել Վատիկանի և Անկարայի հարաբերությունները:
Պարբերականը գրում է, որ ուղևորությունը տեղի է ունենում Կովկասյան տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, երբ ապրիլին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը 4 օր շարունակ պատերազմում էին Ադրբեջանի ուժերի դեմ:
Հիմնական հարցը, երբ Հռոմի պապը Երևանում շաբաթ օրը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այն է, թե արդյո՞ք նա կկրկնի անցած տարի հնչած իր բնութագրումը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից զանգվածային կոտորածներին տալով «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանումը:
Թուրքիան 2015թ. Սուրբ Պետրոսի տաճարի հիշատակի արարողության ժամանակ հնչած այդ հայտարարությանը պատասխանեց՝ անմիջապես խորհրդատվությունների նպատակով հետ կանչելով Վատիկանում իր դեսպանին: Դեսպանը հետ վերադարձավ միայն 10 ամիս անց:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դատապարտեց Հռոմի պապի հայտարարությունը և զգուշացրեց նրան՝ «չկրկնել այդ սխալը»:
Հայաստան այցի ժամանակ 2001 թվականին Հովհաննես-Պողոս Երկրորդ պապն օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն ավելի հեռուն գնաց՝ Հայերի կոտորածներն անվանելով 20-րդ դարի «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»՝ Հոլոքոստի և 1932-1933թթ. Ուկրաինայի Գոլոդոմորի հետ։
Պապը հղում է անում 1915 թվականի կոտորածներին՝ դրանք կապելով մեր ժամանակներում հավատի կամ ազգային պատկանելության համար իրականացվող զանգվածային հետապնդումների հետ: Հայաստանը գերազանցապես քրիստոնյա երկիր է, թեև կաթոլիկները փոքր թիվ են կազմում: Պապը միշտ բարձրաձայնել է քրիստոնյաների հալածանքների մասին, հատկապես՝ մուսուլման երկրներում:
Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև լարվածությունը կախված կլինի Պապի այցելության հետ: Պապը Ադրբեջան և Վրաստան կայցելի ավելի ուշ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:
Պապի այցը Հայաստան հնարավորություն է՝ ուժեղացնել կապերը Հայ Առաքելական եկեղեցու հետ, որը Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել է 5-րդ դարում:
Հայաստանում կաթոլիկների թիվը շուրջ 280 հազար է, իսկ երկրում ապրում է գրեթե 3 միլիոն մարդ: Եկեղեցին պաշտոնապես ճանաչվել է միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Շաբաթ օրը Ֆրանցիսկոսը կաղոթի Թուրքիայի հետ սահմանակից Խոր Վիրապում՝ Արարատ լեռան դիմաց:
Նա Թուրքիայի հետ փակ սահմանից հեռու կլինի մոտավորապես 15 րոպեով: