«Արդյո՞ք արդար է, որ եկամտային հարկի 80-85%-ը ձևավորվում է 120 հազար դրամից պակաս ստացողների միջոցով»
Օրերս Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի մասին զրուցել ենք Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանի հետ
– Տկն Գյուլումյան, Հարկային օրենսգրքի նախագիծը թեև առաջին ընթերցմամբ ընդունվեց, սակայն մի շարք դրույթներ խիստ քննադատության արժանացան ինչպես՝ ընդդիմադիր, այնպես էլ՝ իշխող խմբակցության պատգամավորների կողմից: Ինչպիսի՞ն է Համաշխարհային բանկի գնահատականը ՀՕ–ի՝ առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակին։
– Նախ՝ նշեմ, որ մենք կառավարության համապատասխան օղակների հետ աշխատել ենք Հարկային օրենսգրքի նախագծի վերլուծական աշխատանքներից՝ մինչև ավարտուն տեսքի հասցնելը: Տեխնիկական աջակցություն ենք ցույց տվել ու փորձել ենք տարբեր սցենարների միջոցով կանխատեսումներ անել՝ միջազգային փորձի տեղայնացման ու դրա հետևանքների, տարբեր հարկատեսակների դիզայնի ու դրույքաչափերի առումով: Դա զուտ տեխնիկական, վերլուծական աշխատանք էր, որը նպատակ ուներ օգնել որոշումների կայացմանը։
Մեր խորհուրդների մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Ամեն դեպքում, ՀՕ-ի այն տարբերակի վերաբերյալ, որը ներկայացվել է Ազգային ժողովին, ՀԲ մասնագետների կարծիքը դրական է:
Մենք ոչ թե աբստրակտ ձևով ենք ասում՝ դրական կամ բացասական, այլ՝ որոշակի սկզբունքներից ելնելով: Ինչքանով է ՀՕ-ն՝ իր քաղաքականության սկզբունքներով ու վարչարարությամբ, համապատասխանում այսօր Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին, ինչքանով կնպաստի դրանց լուծմանը, ինչքանով է համակարգը դառնալու ավելի թափանցիկ ու արդյունավետ, որքանով են բարելավվելու հարկային քաղաքականության հիմնարար՝ հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքները, որքանով են հարկային եկամուտների մոբիլիզացման հնարավորությունները բարելավվելու՝ չվատթարացնելով հավասարության սկզբունքը: Այս չափանիշների միջոցով ենք դիտարկել բոլոր դրույթները: Ու կարող եմ հավաստիացնել, որ մեր վերլուծությունները հիմնված են եղել պաշտոնական վիճակագրության և հետազոտությունների միջոցով ստացված տվյալների վրա։
– Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ԱԺ–ում նշեց, որ Հարկային օրենսգրքի դրական ազդեցությունը պետբյուջեի եկամուտների վրա գնահատվում է ՀՆԱ–ի 1.8%-ի չափով: Այսինքն՝ այն բերելու է հարկային բեռի ավելացման: Սա որքանո՞վ է նպաստում տնտեսության զարգացմանը: Դուք նշում եք դրական ազդեցությունների մասին, սակայն արդյո՞ք այդ դրական էֆեկտը համարժեք է վնասին, որի մասին խոսվում է։
– Այո, ՀՕ-ի ընդհանուր ֆիսկալ էֆեկտը գնահատվում է 2015 թվականի ՀՆԱ-ի 1.8%-ին համարժեք: Դա ֆիքսված թիվ է՝ շուրջ 90 մլրդ դրամի չափ: Սակայն շեշտեմ, որ այդ էֆեկտը դրսևորվելու է 2017-2021թթ. ժամանակահատվածում քանի որ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու աստիճանաբար, ոչ թե միաժամանակ։
– Այսինքն՝ հարկային բեռը միանգամից՝ հենց առաջին տարում, 90 մլրդ դրամով չի՞ ավելանալու։
– Ո՛չ: Օրինակ, 2017թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու միայն ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկին վերաբերող դրույթը: 2018-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մյուս փոփոխությունները՝ բացի ՓՄՁ-ի հարկման շեմից. դա ուժի մեջ կմտնի 2019-ի հունվարի 1-ից: Կան նաև մի քանի այլ, մանր փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականին և ավելի ուշ։
– Եկեք հստակեցնենք. ԱԺ–ում հարցը հնչեց այսպես՝ որքանո՞վ կավելանային 2015 թվականին փաստացի հավաքագրված հարկերը, եթե ՀՕ-ն ուժի մեջ մտած լիներ 2015-ի հունվարի 1-ից: Պատասխանը հնչեց՝ դրական ազդեցությունը բյուջեի եկամուտների վրա կազմում է ՀՆԱ–ի 1.8%-ի չափ: Ստացվում է, որ այդ պատասխանը լիարժեք չէր, որովհետև ՀՕ–ի ներդրվելու առաջին տարում հարկային բեռն ավելի քիչ է ավելանում: Այդպե՞ս է։
– ՊեԿ փոխնախագահը, ըստ իս, նկատի է ունեցել այն հիպոթետիկ իրավիճակը, եթե բոլոր դրույթները միաժամանակ մտնեին ուժի մեջ: Սակայն այդպես չի կարող լինել: Պետք է հաշվի առնել տնտեսության՝ «մարսելու» կարողությունը: Չի կարելի ՀՆԱ-ի 1.8%-ի չափով ազդեցություն նախատեսող հարկային օրենսդրությունը միանգամից ներդնել: Դա պետք է անել մի քանի տարվա ընթացքում, որպեսզի հարկատուները և սպառողներն ընտելանան նոր իրավիճակին: Դրա համար էլ ընտրվել է 2017-2021թթ. ժամանակահատվածը: Այսինքն՝ բեռն աստիճանաբար է ավելանալու: Իսկ ակցիզային հարկն ավելի շուտ է ներդրվում, քանզի այդ գործընթացը տեխնիկական որևէ բարդություն չի ներկայացնում:
– Ի դեպ, ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկի փոփոխությունն ամենից շատ քննադատվողներից է: Ինչո՞ւ։
– Գիտեմ, հետևում եմ ԱԺ-ի և այլ հարթակների քննարկումներին, ու ուշադրության կենտրոնում հիմնականում մի քանի հարցեր են՝ եկամտային հարկը, շահաբաժինների հարկումն ու ՓՄՁ ոլորտի՝ ԱԱՀ-ով հարկման շեմի նվազեցումը: Ինչ վերաբերում է սիգարետի ակցիզային հարկի փոփոխությանը, ապա այն ընդգծված հակառակորդ ունի, որի մոտիվացիան ակնհայտ է:
– Ծխախոտի բիզնեսում ներգրավված հակառակո՞րդ։
– Գաղտնիք չէ, որ Հայաստանը ծխախոտ արտադրող/արտահանող ու ներմուծող երկիր է: Նշենք նաև, որ ծխախոտի բարձր և ցածր գնային սեգմենտներ կան: Տեղական արտադրողը գնային ավելի ցածր սեգմենտի մեջ է: ՀՕ-ով առաջարկվում է ակցիզային հարկի դիզայնի փոփոխություն. Եթե ներկայումս ակցիզային հարկը միայն ֆիքսված բաղադրիչ ունի, ապա այժմ առաջարկվում է նաև արժեքային բաղադրիչ: Ու եթե արժեքը բարձրանում է, հարկի բեոը նույնպես բարձրանում է, և այն ավելի զգալի կլինի ավելի բարձր գնային սեգմենտի ներմուծվող սիգարետների դեպքում: ՀՕ-ով նախատեսվում է, որ 2017-2021թթ. ամեն տարի ծխախոտի ակցիզային դրույքաչափը 15%-ով պետք է բարձրանա:
Ընդ որում, ծխախոտի ակցիզային հարկի մասով, այսպես թե այնպես, պետք է հարկային փոփոխություններ մշակվեին՝ անկախ Հարկային օրենսգրքից, պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ: Բանն այն է, որ Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ շատ ցածր է, և եվրասիական ինտեգրացման գործընթացների օրակարգում կար այդ հարցը, որ Հայաստանը պետք է մի քանի տարիների ընթացքում առաջանցիկ տեմպերով բարձրացներ այդ հարկի դրույքաչափը: Ու ՀՕ նախատեսված փոփոխություններով հանդերձ, 2021 թվականին Հայաստանում ծխախոտի ակցիզային հարկն ավելի ցածր է լինելու, քան Ռուսաստանում: Բայց դա արդարացված է, քանի որ Հայաստանն ավելի ցածր եկամտային խմբում է, քան Ռուսաստանն ու Ղազախստանը։
Ինչպես նշեցի, ներմուծվող ծխախոտն ավելի բարձր գնային սեգմենտում է, և ակցիզային հարկի ավելացումը բացասական ձևով է ազդելու հենց ներմուծողի համար:
– Անցնենք եկամտային հարկին: Այստեղ նույնպես քննադատությունն այն ուղղությամբ է, որ դրույքաչափը բարձրանում է, և բյուջեն լցնելու խնդիր է լուծվում՝ միջին և միջինից բարձր աշխատավարձ ստացողների հաշվին։
– Եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունը չեզոք ազդեցություն է ունենալու բյուջետային եկամուտների վրա: Ընդամենը 1-1.8 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է ապահովելու բյուջե, որը, կարծում եմ, էական չէ: Եկամտային հարկի դրույքաչափի ու դիզայնի հիմնական փոփոխությունը նպատակ ունի բարելավել հարկի պրոգրեսիվությունը: Եթե մենք ընդունում ենք, որ եկամտային հարկը ՀՀ-ում պետք է լինի պրոգրեսիվ, ուրեմն դիզայնը պետք է լինի այնպիսին, որ այդ պրոգրեսիվությունն ապահովվի: 2013 թվականից գործող եկամտային հարկի կառուցվածքը, թվում է, պրոգրեսիվ դիզայն է՝ 24.4%, 26% և 36%: Բայց ուշադրություն դարձրեք՝ 24.4% և 26%-ը շատ թույլ պրոգրեսիվության դիզայն է: Առաջին և երկրորդ շեմերը շատ մոտ են (1.6 կետով), իսկ երրորդը շատ բարձր է՝ 10 կետով: Այսօր՝ փաստացի արդյունքներով ստացվում է, որ բարձր եկամուտ ունեցողները հեշտությամբ տրոհում են իրենց եկամուտները՝ ընկնելով երկրորդ կամ նույնիսկ առաջին շեմի տակ: Ու երբ վերլուծում ենք եկամտային հարկի փաստացի թվերը, ստանում ենք եկամտային հարկի 25% փաստացի դրույքաչափ: Սա առաջին թերությունն է: Այժմ առաջարկվում է 23%, 28% և 33%: Այսինքն՝ տարբերությունը յուրաքանչյուրի միջև 5 կետ է: Ու այս անցման նպատակը պրոգրեսիվությունն ընդգծելն էր:
Գործող համակարգի երկրորդ թերությունն ավելի գլոբալ է: Դա այն է, որ մենք գործող հարկային օրենսդրությամբ Հայաստանում չունենք եկամտային հարկ՝ որպես այդպիսին: Սա, ըստ էության, աշխատավարձից գանձվող հարկն է: Իսկ եթե դիտարկենք տնային տնտեսությունների եկամուտների կառուցվածքը, աշխատավարձի կշիռը բարձր է ցածր եկամուտ ունեցող խմբերի մոտ, և հակառակը՝ ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր բարձր եկամուտներ ունեն: Որովհետև նրանք այլ եկամուտներ ունեն (շահաբաժիններ, տոկոսներ և այլն): Այսինքն՝ եկամտային հարկի բնույթը մեզանում հավասարեցվել է աշխատավարձի հարկի ընկալմանը: Սակայն, եթե ասում ենք՝ եկամտային հարկ, դա պետք է վերաբերի բոլոր եկամուտներին: Հայտարարագրված բոլոր եկամուտները պետք է ունենան ֆիսկալ հետևանքներ, որն իրականում դա չի ապահովում: Ստացվել է այնպես, որ մեզանում եկամուտների և գույքի հայտարարագրման մեխանիզմն աննպատակ կամ անարդյունավետ է: Մարդիկ հայտարարագրերում եկամուտներ են լրացնում, ու այդ ինֆորմացիան ֆիսկալ առումով ոչ ոքի կարծես հետաքրքիր չէ։
– Հարկային օրենսգիրքը լուծո՞ւմ է եկամուտների լիարժեք հարկման այդ խնդիրը։
– Հարկային օրենսգիրքը գոնե որոշակի եկամուտների համար լուծում առաջարկում է: Օրինակ, ֆիզիկական անձանց շահաբաժինների համար 5% հարկ է առաջարկում: Իսկ շահաբաժինները հարկելը նախ՝ նորմալ միջազգային պրակտիկա է, և երկրորդ՝ մեծ բեռ չի:
– Դա ի՞նչ խնդիր է լուծում այս պահին՝ բացի հարկային եկամուտներ ապահովելուց։
– Դա ապահովում է հարկային քաղաքականության հորիզոնական արդարության սկզբունքը։
– Իսկ ներդրումների վրա բացասական ազդեցություն չի՞ թողնում։
– Եկեք հասկանանք ընդհանրապես Հայաստանի ներդրումային գրավչությունը և պոտենցիալ ներդրումները: Ներդրումների նվազման ներկա իրավիճակն ընդհանրապես գլոբալ միտում է: Հայաստանը 2015 թվականին ստացել է ՀՆԱ-ի ընդամենը 1.7%-ի չափ օտարերկրյա ներդրումներ, այն դեպքում, երբ 2008-2009թթ. այդ ցուցանիշը 8-9% էր: Ներդրումներն աստիճանաբար նվազել են՝ հասնելով ներկայիս մակարդակին:
– Ցանկանում եք ասել՝ շահաբաժնի 5% հարկումը ներդրումների արգելակման գլխավոր պատճառ չի կարող դառնալ, այլ՝ ավելի խորը պատճառնե՞ր կան։
– Այո, այդ 5%-ը չի կարող լինել խոչընդոտ: Այս նույն 5% շահաբաժինների հարկումը, օրինակ, արդեն քանի տարի է՝ գործում է Վրաստանում, և չնայած դրան՝ նույն հայ ներդրողը կարող է նախընտրել և գնալ Վրաստան: 5%-ից բացի, ավելի կարևոր շատ այլ գործոններ կան, որոնք պետք է երկիրը գրավիչ դարձնեն ներդրողների համար: Դա վերաբերում է մրցակցային միջավայրին, օրենքի գերակայությանը, դատական համակարգի անկախությանը, և այլն: Ինստիտուցիոնալ գործոններ կան, որոնք ներդրողի համար շատ ավելի կարևոր են: Իսկ կապիտալի տերերի՝ շահաբաժին ստացողների ռեակցիան, բնական է. ոչ ոք չի ցանկանում ավել հարկ վճարել։
– Անդրադառնանք ձեր (նկատի ունեմ՝ Համաշխարհային բանկի և միջազգային մյուս ֆինանսական կառույցների) նկատմամբ հնչող քննադատություններին: Տեսակետներ կան, թե ձեր կողմից ճնշումներ կան, որպեսզի Հարկային օրեսգիրքն արագ ընդունվի՝ հիմնականում այս տեսքով: Պատճառն էլ է նշվում. առաջիկայում ձեզնից վերցրած վարկերը սպասարկելու խնդիր ենք ունենալու, և դուք ձգտում եք հարկային փոփոխությունների միջոցով ավելացնել բյուջեի եկամուտները, որպեսզի կարողանանք վերադարձնել այդ պարտքերն ու տոկոսները: Ճնշո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Ամենևին չեմ կիսում այդ տեսակետները: Դրանք պրիմիտիվ շահարկումներ են: Մեկնաբանեմ` Հայաստանի արտաքին պարտքը 2008-2009թթ. համեմատ՝ այսօր ավելացել է՝ հասնելով ՀՆԱ-ի 41%-ի, սակայն դա դեռևս անկայուն մակարդակ չէ: Մտահոգություններ կան, բայց դրա հիման չի կարելի հայտարարել, թե իբր Համաշխարհային բանկը խիստ մտահոգված է իր վարկերի վերադարձելիությամբ և դրա համար ստիպում է հարկերն ավելացնել: Հարկային օրենսգիրքը մշակելու խնդիրը ոչ այս տարի է առաջացել, ոչ նախորդ: Մենք դեռ 2013 թվականին ենք սկսել բյուջետային աջակցության վարկի ծրագիրը, որի մաս է ինչպես՝ Հարկային օրենսգիրքը, այնպես էլ՝ Սնանկության մասին օրենքի փոփոխությունները, թափոնների մասին և այլ օրենքների փոփոխությունները: Ու հիմա ասել, որ Համաշխարհային բանկը 2016-ի կեսին ինչ-որ վերջնագրեր է ներկայացնում՝ անհիմն է:
– Հիմնական մեղադրանքն Արժույթի միջազգային հիմնադրամի հասցեին է։
– Չեմ ցանկանա իրենց փոխարեն պատասխանել, բայց դա ևս չի համապատասխանում իրականությանը: 2000-ականներին Հայաստանի երկնիշ տնտեսական աճը, որով այդպես հպարտանում էինք, ֆինանսավորման 3 հիմնական խողովակների շնորհիվ էր գրանցվում: Առաջինը մասնավոր դրամական փոխանցումներն էին, որոնք երկնիշ տեմպերով էին աճում և ուղղվում սպառմանը և շինարարությանը: Երկրորդ խողովակն օտարերկրյա ներդրումներն էին, որոնք, ինչպես նշեցի, հասնում էին ՀՆԱ-ի 8-9%-ին, և երրորդը՝ վարկերը (և՛ պետական, և՛ մասնավոր հատվածի): Հիմա այս երեք աղբյուրները ցամաքել են: Ու լավատեսության հիմքեր չկան, որ դրանք արագ կվերականգնվեն: Օրինակ, մասնավոր դրամական փոխանցումներն անցած տարի 35%-ով նվազել են, ու այս տարի այդ ներհոսքը լավագույն դեպքում՝ կկայունանա: Նույնը՝ օտարերկրյա ներդրումների մասով: Ինչ վերաբերում է վարկերին, ինչպես նշեցի՝ ՀՆԱ-ի 41%-ին հասնող արտաքին պարտքը դեռևս անկայուն ցուցանիշ չէ, սակայն արտաքին ֆինանսական միջոցների ներգրավումը չի կարող շարունակվել նույն տեմպով, ինչպես եղել է վերջին 5 տարիների ընթացքում: Այսինքն՝ որպեսզի կառավարությունը կարողանա պահպանել բյուջետային ծախսերի ներկայիս մակարդակը, ապա պետք է մոբիլիզացնի ներքին ռեսուրսները:
2015 թվականին պետբյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը, որը ֆինանսավորվել է հիմնականում արտաքին աղբյուրներից: Դա դեֆիցիտի կայուն մակարդակ չէ, և Հայաստանը չի կարող այդ մակարդակը պահել ևս 3-5 տարի: Դեֆիցիտը պետք է նվազի, իսկ դա նշանակում է, որ բյուջեի եկամուտները պետք է ավելանան: Իսկ եկամուտների ավելացման խնդիրը պետք է այնպես լուծվի, որ բացասական ազդեցություն չունենա վերաբաշխողական մեխանիզմների վրա, և բեռը պետք է ընկնի ավելի շատ այն խավերի վրա, որոնք ավելի շատ եկամուտներ տնօրինում։
– Ձեր ասածը ես այսպես հասկացա՝ միջազգային կառույցները Հայաստանին ասում են՝ այսքան ժամանակ փող ենք տվել, սակայն այլևս չենք տալու. այլևս մեզ հետ հույս մի կապեք ու ինքներդ շատ հարկ հավաքեք։
– Տեսեք, Հայաստանը վերջին 3 տարում միջազգային շուկայից մեծածավալ միջոցներ է ներգրավել (2013-ին թողարկվեց 700 մլն դոլարի եվրոբոնդ, 2015-ին՝ ևս 500 մլն): Դա Համաշխարային բանկի ցուցաբերած ֆինանսական աջակցության համեմատ՝ շատ ավելի մեծ թիվ է: Այո, երկրորդ թողարկումից ստացված մուտքերի 200 մլն-ն ուղղվեց առաջին խմբաքանակի մասամբ ետգնմանը, բայց մնացած 1 մլրդ դոլարը պետք է մինչև 2025 թվականը մարվի: Ընդ որում, այդ շուկաներից ներգրավված վարկերը բավականին ծանր են և կարճաժամկետ, իսկ Համաշխարհային բանկի վարկերը 20-30 տարի ժամկետայնություն ունեն: Խնդիրն այն չէ, որ ՀԲ-ի վարկերն այլևս հասու չեն լինի: ՀԲ-ի տրամադրած 50 մլն դոլարը բյուջեի դեֆիցիտի տեսանկյունից ֆինանսավորման մեծ աղբյուր չէ. մենք այն օգտագործում ենք՝ որպես տնտեսական քաղաքականության ու կառուցվածքային բարեփոխումների շուրջ արդյունավետ երկխոսությունը պահպանելու միջոց: Այս պարագայում կառավարությունը լիկվիդայնության խնդիրը լուծում է սուվերեն վարկանիշով միջազգային շուկայից ներգրավված միջոցների հաշվին բյուջետային դեֆիցիտը ֆինանսավորելով:
Գլոբալ և այլ զարգացումների արդյունքում Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը դեռես 22% է, և այս մակարդակի պետական եկամուտները չեն բավականացնում ոչ սոցիալական հիմնարար խնդիրները լուծելու համար, ոչ ենթակառուցվածքների… Այս խնդիրների լուծումը, մակրոտնտեսական հավասարակշռությունը պահպանելն է մեզ համար ամենակարևոր մտահոգիչ խնդիրը:
Իսկ երբ հայտարարում են, որ Հարկային օրենսգիրքը զարգացում չի բերում, ես ցանկանում եմ հարցնել՝ իսկ ներկայիս հարկային դաշտը կամ տնտեսական քաղաքականությունն ի՞նչ կտրուկ զարգացման հեռանկարներ է ապահովում: Առավելևս, որ նման տեսակետներն ընդհանրական են ու չհիմնավորված։
– ՓՄՁ–ի՝ ԱԱՀ–ի հարկման շեմի նվազեցնելու մասո՞վ ինչ կասեք։
– Այո, Հարկային օրենսգրքով նախատեսվում է այդ շեմը ներկայիս 115 մլն դրամից նվազեցնել մինչև 40 մլն: Այս հարցում էլ ավելի շատ շահարկումների հետ գործ ունենք, քան մտահոգությունների: Շեմը 115 մլն դրամ որոշվեց սահմանել 2013 թվականին. մինչ այդ 57 մլն էր: Այդ փոփոխության պահին ՓՄՁ հատվածի 3/4-ը միկրո ձեռնարկություններն էին՝ 0-10 աշխատող ունեցող: Մոտ 20%-ը փոքր ընկերություններ էին, ընդամենը 5%-ը՝ միջին: Փաստորեն, ունենք ՓՄՁ ոլորտի կառուցվածք, որտեղ հիմնականը միկրո ընկերություններն են, որոնք շուկայում մնալու ու աճելու խնդիր ունեն: Ու այս պայմաններում շեմը բարձրացնելը նշանակում էր, որ այդ գերփոքր ընկերություններն անհավասար մրցակցային պայմաններում են հայտնվում նոր «միջին» ընկերությունների հետ: Նկատի ունեմ այն ընկերություններին, որոնց շրջանառությունը տարեկան 115 մլն դրամից մի քիչ է պակաս, ու որոնք ավելի շատ պետք է մրցեն խոշոր ընկերությունների հետ: Գերփոքրերին ու այս տնտեսվարողներին նույն շեմի տակ ներառելով՝ մենք թույլ չենք տալիս, որ ՓՄՁ ոլորտը Հայաստանում զարգանա: Հիմա առաջարկվում է շեմն իջեցնել ու թույլ տալ, որ իրար հետ հավասար «քաշային կարգ» ունեցողները հավասար պայմաններում մրցեն: Դա ավելի արդար է։
– Վերադառնանք եկամտային հարկին: 2015 թվականին նշվում էր, որ ներկայիս պրոգրեսիվ հարկի դրույքաչափերը բարձր են, ինչը բերում է եկամուտների թերհայտարարագրման, աղքատության ու արտագաղթի աճի: Այս հիմնավորմամբ՝ առաջարկվում էր դրույքաչափը նվազեցնել ու դարձնել ստանդարտ 20%: Մի քանի ամիս անց արվում է հակառակը՝ դրույքաչափը բարձրանում է: Ի՞նչը փոխվեց այս մի քանի ամսում։
– Միասնական 20%-ի մասին դրույթը Հարկային օրենսգրքի հոկտեմբերի նախագծում էր տեղ գտել: Բայց մասնագիտական տեսակետից՝ մեկ դրույքաչափի գաղափարը ռեգրեսիվ է, ու, կարելի է ասել՝ ոչ աղքատամետ: 20%-ի գաղափարը մերժվեց մի քանի պատճառով: Առաջինն այն է, որ դա չէր պահպանում ուղղահայաց արդարության սկզբունքը (որ ավելի բարձր եկամուտներ ստացողը դրույքաչափի առումով ավելի բարձր հարկ վճարի), և երկրորդը՝ դա միանգամից բյուջեի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր ստեղծում։
Ի դեպ, հարցումների արդյունքներով՝ գործարարները մշտապես նշում են, որ Հայաստանում հարկային դրույքաչափերը բարձր են: Եթե եկամտային հարկի ընդգրկվածության խնդիրը լուծվի՝ եկամտային հարկի մեջ ներառվեն թե այլ եկամուտները, և թե բոլոր հարկատուները, բազան ընդլայնվի, այդ դեպքում կարելի է վերանայել դրույքաչափը։
Համաձայն եմ, որ հարկային դրույքաչափերը կարևոր դեր են խաղում երկրի մրցունակության տեսանկյունից: Սակայն հարկային քաղաքականությունից չի կարելի ակնկալել, որ այն պետք է ապահովի անհրաժեշտ ամեն ինչ՝ և՛ ֆիսկալ վերաբաշխման գործառույթը, և՛ ներդրումային գրավչության, տնտեսական զարգացման ու մյուս գործառույթները: Մենք անհնարին խնդիր ենք դնում մեկ փաստաթղթի առաջ: Մեկ քաղաքականության միջոցով անհնար է հասնել տնտեսական 10 նպատակների իրականացմանը: Տնտեսագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, որ, եթե ունես 10 նպատակ, ապա պետք է ունենաս 10 գործիք։
Վերստին անդրադառնամ հարկային արդարությանը: Եկեք ներկայիս դրությամբ նայենք՝ ովքեր են եկամտային հարկ վճարողները: Հարկի 80-85%-ը ձևավորվում է ստորին շեմին համապատասխանող 120 հազար դրամ և պակաս եկամուտ ստացող հարկատուների միջոցով: Արդյո՞ք սա արդար կառուցվածք է: Արդյո՞ք այս մարդիկ եկամուտների 80%-ին են տնօրինում, որ հարկերի 80%-ն իրենք ապահովեն:
Համամասնությունը խախտված է, իսկ դա վերականգնելու ձևերից մեկը հարկային օրենսդրության դիզայնն է, մյուսը՝ վարչարարությունը, որպեսզի ապահովվի համարժեք կիրարկումը: Զարմանալի է նաև, որ ոչ ոք չի խոսում առաջին շեմի դրույքաչափի նվազեցման մասին՝ 24.4%-ից՝ 23%: Չէ՞ որ նրանց համար, ովքեր իրականում մինչև 120 հազար դրամ են ստանում, բեռը թեթևանում է 1.4 տոկոսային կետով։
– Որն ընդամենը 800-1000 դրամ է։
– Նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ ասել՝ միջին խավի համար ընդամենը 2 տոկոսային կետով է բեռն ավելանում։
– Եկեք վերադառնանք հիմնավորումների զարմանալի փոփոխությանը: Եթե այն ժամանակ հայտարարում էին, որ գործող դրույքաչափերն ու շեմը նպաստում են եկամուտների թերհայտարարագրմանն ու արտագաղթին, ու այսօր այդ շեմը բարձրանում է, սա չի՞ նշանակում, որ եկամուտներն ավելի շատ են թերհայտարարագրվելու, ստվերն ավելի է մեծանալու, արտագաղթի տեմպն է արագանալու։
– Ինձ հիասթափեցնում է մեր որոշ գործիչների, այսպես ասեմ, համակրանքը եկամուտ թաքցնողների նկատմամբ: Այդ համատեքստում ամենից շատ շրջանառվում է ՏՏ ոլորտը, որը Հայաստանի ներուժն է, մեր երկրի դեմքը, առաջ տանող ուժը… Փոխանակ խրախուսեն, որ այս ոլորտի աշխատողները եկամուտները պատշաճ ձևով հայտարարագրեն, փորձում են հասարակական կարծիք ստեղծել, որ ՏՏ ոլորտը հիմնական տուժողն է, բեռը նրա վրա է ընկնում, հուշել ՏՏ ոլորտին, որ կարելի է ստվեր գնալ: Ստվեր գնալն անթույլատրելի բան է: Հայրենասիրության լավագույն դրսևորումն այսօր բարեխիղճ հարկատու լինելը պետք է լինի՝ ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Հարկերը թաքցնողներին խրախուսելն ու արդարացնելը դավաճանություն է: Դա նշանակում է՝ թույլ տալ, որ տարբեր ոլորտներում մեր խնդիրները շարունակվեն չլուծված մնալ, դա նշանակում է՝ նպաստից զրկել աղքատներին, հնարավորություն չտալ, որ խոցելի խավն օգտվի անհատույց առողջապահական ծառայություններից, որ մեր ճանապարհների վիճակը մնա անբարվոք, և այլն:
– Քաղաքացուն ստվեր մղում է ոչ այնքան՝ բարձր դրույքաչափը, որքան՝ անարդարությունն ու վստահության բացակայությունը, որ իր վճարած հարկը նպատակային է ծախսվում։
– Գիտեք, հարկեր հավաքելն ինքնանպատակ չէ: Հարկը հարկաբյուջետային քաղաքականության մի մասն է: Մյուսը մասը՝ բյուջետայինը, ծախսերն են: Գուցե կառավարությունը պետք է աշխատանք տանի՝ ցույց տալու համար, թե այդ միջոցները որքանով են արդյունավետ ծախսվում: Մենք պետք է մտահոգված լինենք այս բոլոր հարցերով։
Երբ ասում եմ, որ Հարկային օրենսգիրքը լավ փաստաթուղթ է, դա դեռ բավարար չէ. այդ փաստաթուղթը պետք է կիրառվի այնպես, ինչպես գրված է: Այսօր եթե կան հարկատուներ, որոնք ունենալով հարկային բազա ու անգամ հայտարարելով հարկային պարտավորությունների մասին՝ իրենց իրավունք են վերապահում չվճարել, վաղը նա պետք է լինի հանրային պարսավանքի առարկա: Եթե մենք չկարողանանք դա ապահովել՝ նշանակություն չի ունենա՝ Հարկային օրենսգիրքը լա՞վն է, թե՞ վատը:
– Դա արդեն հարկային օրենսդրության տիրույթից դուրս հարց է, երևի ավելի շատ քաղաքական հարթության մեջ է։
– Որոշ մարդիկ, որոնք տարիներ շարունակ նաև անբարեխիղճ մրցակցության շնորհիվ ունեցվածք են կուտակել ու երբեք մտահոգություն չեն արտահայտել արտագաղթի ահագնացող չափերի մասին, այսօր խոսում են դրանից… Բայց չէ՞ որ արտագաղթն ու մնացած բացասական երևույթները նոր չեն: Կամ որոշ մարդիկ, ովքեր անվանական 24 տոկոսով սպառողական վարկեր են տրամադրում բնակչությանը՝ սառնարան կամ այլ փոքրարժեք կենցաղային իրեր գնելու համար, այսօր խոսում են ՀՕ-ի խնդիրներից, քանզի դրանով նախատեսվում է հարկել իրենց բաժնետերերի շահաբաժինները: Շահերի խնդիր է: